HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգել են կալանավորին «բարեւ չտալու համար». ամբաստանյալի աթոռին ՔԿՀ -ի աշխատակիցն է

30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։

Ծնողները համոզված են, որ իրենց տղային սպանել են, ինքնասպանություն տեղի չի ունեցել։

Արմեն Աղաջանյանի ինքնասպանության գործը նախաքննության փուլում է, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման գործը գտնվում է Շենգավիթի դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։

Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին այն բանի համար, որ նա, հանդիսանալով  իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

Այսօրվա դատական նիստին ցուցմունքով հանդես եկավ Արմեն Աղաջանյանի մայրը՝ Գայանե Աղաջանյանը։ Ըստ մոր տված ցուցմունքի՝ Արմեն Աղաջանյանը կալանավորվել է 2018-ի մարտի 15-ին։ Շենգավիթի քննչական բաժնից Արմենին տեղափոխել են ՔԿՀ, իսկ ծնողներին տեղեկացրել գտնվելու վայրի մասին։ Մոր աշխատավայրը մոտ է, կարողացել է տեսնել, թե ինչպես են ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցները որդուն տեղափոխել կալանավայր։ Համաձայն մոր ցուցմունքի՝ որդու երեսին որեւէ վերք չի եղել։ Երկու օր հետո դատարան տեղափոխելիս Գայանեն նկատել է՝ որդու երեսը ուռած է։ Դեպքի մասին Արմենը փոքր եղբորն է կարողացել տեղեկացնել՝ ասելով՝ «մենթերն են ծեծել», դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հարազատներին չի ասել։

«Արմենին կասկածում էին ինչ-որ մեքենաների առք ու վաճառքի ու գումար չտալու մեջ, նույն բանի համար մի քանի տարի առաջ էլ է կալանավորվել, հետո գործը կարճվել էր։ Արմենին խոշտանգման են ենթարկել բարեւ չտալու համար»,- ասում է Արմենի հայրը՝ Սամվել Աղաջանյանը։ Հարազատներին դեպքի վերաբերյալ պատմել է, երբ դատարանը տուժողի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ է կիրառել։ Արմենը խոշտանգման ենթարկվելուց մի քանի ամիս առաջ վիրահատվել է, հաստ եւ բարակ աղիների վիրահատությունից հետո ունեցել է բաց վերքեր։

«Երբ մտել է կալանավայր, նրան հետախուզելու են տարել եւ սենյակում խոշտանգման ենթարկել։ Տղաս պատմեց, որ խուզարկության սենյակ մտնելուց հետո Արմեն Հովհաննիսյանը հարվածել է դեմքին, միջամտել է օպեր լիազորը, բայց նրան հետ է հրել, Արմեն Հովհաննիսյանին սպիտակ մազերով մի փոխգնդապետ է միացել եւ սկսել են միասին հարվածներ հասցնել տղայիս»,- պատմում է Գայանե Աղաջանյանը։ Հարվածներ հասցրել են մարմնի ամբողջ երկայնքով։ Արմեն Աղաջանյանի մարմնի վրա հաստ աղիքից արտաթորանքը հեռացնելու համար հատուկ պարկ է ամրացված եղել, հարվածից հետո պարկը եւս վնասվել է։ «Տղայիս ասացի՝ չկարողացա՞ր գոնե գլուխդ պահել, որ չհարվածեն, ասաց՝ մամ, ոնց պահեի, աղիքս էի միայն պահում»,- հիշում է մայրը։

Արմենին խուզարկելու փոխարեն խոշտանգելու մասին դատարանում ցուցմունք տվեց ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակից Անուշավան Նիկողոսյանը, ում ուղեկցությամբ էլ Արմեն Աղաջանյանը տեղափոխվել է ՔԿՀ։ «Երբ Արմենին տարան խուզարկության, ես դեռ սենյակ չէի մտել, լսեցի նրա ձայնը, ներս մտա, տեսա՝ նրան հարվածում է ՔԿՀ-ի աշխատակիցը, այդ աշխատակցին հնարավոր չէր կառավարել, իսկ Արմենը խնդրում էր, որ իրեն չհարվածեն»,- ցուցմունքում նշեց վկան։

Արմեն Աղաջանյանին նորից կալանավորելու որոշում է կայացվել եւ նրան կալանավայր տեղափոխելուց հետո մեղսունակությունը ճանաչելու համար տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», մի քանի օր հետո հարազատները համացանցի միջոցով տեղեկացել են նրա մահվան մասին։ Ծնողները պնդում են, որ այս խոշտանգման գործն ավարտվել է Արմենի սպանությամբ։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։ Դատավորը հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 14-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter