HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռազմիկ Դավթյանը վաշխառության զոհ է դարձել. նա ապրում է կորցրած բնակարանի բակում

61-ամյա Ռազմիկ Դավթյանն ասում է, որ դարձել է վաշխառության զոհ եւ կորցրել Երևանի Հ․ Շիրազի փողոցում գտնվող բնակարանը: Ռազմիկն ու քույրն արդեն 10 ամիս բնակվում են իրենց կորցրած բնակարանի բակում:

Հորից ժառանգած այդ բնակարանում ապրել են քառասուն տարի։  «Ես մինչ իմ տունը չբարձրանամ, չեմ հանգստանա»,- ասում է Ռազմիկ Դավթյանը:

Դավթյանները բնակարանը կորցրել են Ռազմիկի ծանոթներից մեկի՝ Սամվել Սամվելյանի պատճառով: Վերջինս գրավադրել է բնակարանը, խոստացել ամիսներ անց մարել վարկը, սակայն որոշ ժամանակ անց անհետացել է։

«Չէի հավատում, որ սենց բան կլիներ, ուղղակի միտումնավոր ձևով խաբեցին: Միամիտ եմ եղել: Հավատացել եմ իր խոստումներին, չեմ պատկերացրել, որ նման բան կանեն»,-պատմում է Ռազմիկը:

Բնակարանը կորցնելուց հետո փայտյա տախտակներից, բնակարանից դուրս բերած կահույքի մնացորդներից Ռազմիկն ու քույրը կառուցել են ինքնաշեն կացարան, ներսում տեղադրել անկողին և գիշերում են այնտեղ։

Նրանց էլեկտրականությամբ ապահովում է հարեւանությամբ գործող տաքսի ծառայության գրասենյակը:

Դավթյանների ունեցած ողջ գույքն այս պահին դրսում է։ Ռազմիկն ու քույրը չեն աշխատում, ապրում են քրոջ թոշակով և երբեմն Ռազմիկի՝ օրավարձով աշխատանքի դիմաց ստացած մի քանի հազար դրամով։

Դավթյանների բնակարանն արդեն նոր սեփականատեր ունի:  Չհաշտվելով բնակարանը կորցնելու մտքին՝ Ռազմիկը և իր քույրը երկու անգամ կոտրել են բնակարանի դուռը եւ ներս մտել, ինչի համար քրեական գործեր են հարուցվել: Դրանցից մեկը կարճվել է, մյուսը դեռ քննության փուլում է: 

Ինչից սկսվեց պատմությունը 

Ռազմիկը 2010 թվականին երեք ամիս ժամկետով պարտքով 3500 դոլար գումար տվեց Սամվել Սամվելյանին: Վերջինս, չկարողանալով հետ վերադարձնել գումարը, Ռազմիկին համոզել է բնակարանը գրավադրել, լրացուցիչ՝ 14 հազար դոլար գումար տրամադրել, որպեսզի կարողանա սեփականաշնորհել իրեն պատկանող բնակարանը, վաճառի այն և հետ վերադարձնի վերցրած ողջ գումարը:
Ռազմիկ Դավթյանը հավատացել է Սամվել Սամվելյանի այս խոստմանը, գրավադրել բնակարանը:

Ռազմիկը պատմում է, որ 2011 թվականի հուլիսին ինքն ու Սամվել Սամվելյանը գնացել են «Հայրենիք» առևտրի կենտրոնում գործող մի գրասենյակ, Կարեն Տոնոյան անունով մեկից 14 հազար դոլար գումար վերցրել: Սամվելը Ռազմիկին հավաստիացրել է, որ 20 օր հետո հետ է վերադարձնելու ողջ գումարը: Այնուհետև գնացել են նոտարական գրասենյակ, որտեղ, Ռազմիկի խոսքով, առանց ընթերցելու փաստաթուղթ է ստորագրել՝ գրավադրելով բնակարանը:

Հետագայում Ռազմիկը պարզում է, որ ստորագրված փաստաթուղթը համաձայնագիր էր, որով վերցրած գումարը չմարելու դեպքում վարկը տրամադրած Կարեն Տոնոյանը կարող է իրացնել բնակարանը:

«Այդ ժամանակ ուղեղս չէր աշխատում: Չեմ պատկերացրել, թե ինչ եմ ստորագրում: Թուղթը չեմ կարդացել, ոչ մի բան չեն բացատրել: Հավատացել եմ իրանց, հետո գիտակցել, որ նրանք միտումնավոր ինձ խաբել են»,- ասաց Ռազմիկը:

Ըստ դատական գործի՝ Կարեն Տոնոյանը Ռազմիկին 2012 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին բնակարանը արտադատարանական կարգով դիմելու, բռնագանձելու, տարածելու մասին ծանուցումներ է ուղարկել:

2013 թվականի հուլիսին Ռազմիկ Դավթյանը գումարը տրամադրած Կարեն Տոնոյանին հայտնել է, որ իր պարտավորությունները հարգելի պատճառով չի կատարել. խնդրել է իրեն տրամադրել մինչև երեք ամիս ժամկետ, որպեսզի վերադարձնի իր վերցրած գումարն ամբողջությամբ: 

Գործում կա փաստաթուղթ, որով Ռազմիկ Դավթյանը 2013 թվականի հունիսին բնակարանի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու և իրացնելու համար տվել է իր համաձայնությունը: Սակայն այս պահին դատաձեռագրաբանական փորձաքննություն է կատարվում՝ այդ ստորագրության իսկությունը ճշտելու համար, քանի որ Դավթյանը պնդում է, որ ինքը բնակարանի վաճառքի համար չի ստորագրել և չի տվել իր համաձայնությունը:

Նրա փաստաբան Արամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կեղծ ստորագրության համար դիմել են իրավապահներին: Այս պահին գործը քննիչի մոտ է: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Ռազմիկ Դավթյանը բնակարանի վաճառքի համար չի տվել իր համաձայնությունը, փաստաբանի գնահատմամբ, այն լուրջ կարևորություն կունենա, քանի որ որպես նոր երևան եկած հանգամանք նախկին վճիռը և բնակարանի առք ու վաճառքի գործարքը կվերանայվի:

Փաստաբանի փոխանցմամբ՝ բնակարանի առք ու վաճառքի գործարքի դատական գործընթացը երեք ատյաններով անցել է և անփոփոխ մնացել:

Արամ Ստեփանյանն ասում է՝ դատարանը չի չեղարկել բնակարանի վաճառքի գործարքը՝ հիմք է ընդունել այն փաստաթուղթը, որով Ռազմիկը համաձայնել է գումարը չմարելու դեպքում թույլատրել բռնագանձում դնել բնակարանի վրա: Փաստաբանը վստահեցնում է՝ Ռազմիկ Դավթյանին խաբել են, և գործում ակնհայտորեն խարդախության հատկանիշ կա։

«Գումարը վերցրել են, անընդհատ ասել են՝ հեսա կտանք, տունդ կվերադարձնենք, կդարձնենք քո անունով: Ակնհայտ է եղել, որ ի սկզբանե նրանք նպատակ չեն ունեցել այդ գումարը վերադարձնել: Այսինքն՝ խարդախության հատկանիշներն ակնհայտ են եղել: Խարդախության հատկանիշներով փորձել են քրեական գործ հարուցել, կարճել են հանցակազմի բացակայության պատճառով: Չնայած լավ էլ հանցակազմ է եղել»,- ասում է Արամ Ստեփանյանը:

Նախորդ տարի դատարանը որոշել է Սամվել Սամվելյանից բռնագանձել նախապես վերցրած 3500 դոլարը, սակայն մինչ օրս Սամվելյանին հայտնաբերել չի հաջողվում, իսկ նրա անունով գրանցված որևէ սեփականություն չկա, որպեսզի ԴԱՀԿ-ն բռնագանձում կատարի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սամվել Սամվելյանի նկատմամբ տարիներ առաջ ևս երկու դատական հայց է ներկայացվել՝ գումարի բռնագանձման պահանջով: Դրանցից մեկը եղել է քաղաքացի Փիրուզա Դավթյանի կողմից, ով Սամվելյանից պահանջել է վճարել 2012 թվականին գնած՝ 580 հազար դրամ արժողությամբ կահույքի գումարը, որը պետք է մարի մեկ տարվա ընթացքում: Մի դատական հայց էլ Սամվելյանի դեմ ներկայացրել է «ՎՏԲայաստան» բանկը՝ պահանջելով մարել 2011 թվականին վերցրած 100 000 հազար դրամ վարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter