HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել Հրաչյա Սարուխանի «Վախճանից էլ պարզ» ժողովածուն

Աղվան Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի (1947-2016) «Վախճանից էլ պարզ» ժողովածուն:  Այն, կարելի է ասել, բանաստեղծի գրական ժառանգության ամփոփումն է. ներառում է բանաստեղծի հրատարակած բոլոր ժողովածուները, ինչպես նաև գրքերից դուրս մնացած բանաստեղծություններ, անտիպ գործեր, թարգմանություններ: Իբրև ամբողջություն «Վախճանից էլ պարզ» ժողովածուն երևակում է Հրաչյա Սարուխանի ինքնատիպ ու անշփոթելի բանաստեղծական ոճն իր սքանչելի հմայքով ու տարերքով:

ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ

1.

Ճոխ սեղան նստած մենք ապաշխարում՝

Հարգում-պատվում ենք մուրին ու խեղճին…

Փորձե՞լ ենք սակայն էս փուչ աշխարհում

Ողորմություն տա՛լ պատառը վերջին։ 

2.

Ո՞վ չի հավակնում՝ սիրով զուգական

Գեղեցկամռութ շոյվել ու շոյել…

Էս փուչ աշխարհում փորձե՞լ ենք սակայն

Գեթ մի տգեղի սիրե՛լ քնքշորեն։ 

3.

Թվում է՝ մի պահ հակվելով բարուն,

Մենք էլ ենք դառնում ներելի սրտեր…

Սակայն փորձե՞լ ենք էս փուչ աշխարհում

Անառակ որդուն ներե՛լ ի սրտե։ 

4.

Տաճար ենք մտնում քայլքով ծիսական՝

Խաչհամբույր տալու ամենքին ի տես…

Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն

Ձեռնաբաց լինե՛լ Այրի կնոջ պես։ 

5.

Շատ ենք բարբաջում ուրացման մասին։ –

Օ՜, ո՛նց ենք սիրում լվից ուղտ շինել…

Փորձե՞լ ենք սակայն աշխարհում այս սին

Պետրոսի նմանգոնե լա՜ց լինել։ 

6.

Հուդայի դատն ենք անընդհատ վարում։ –

Ճամարտակողի օ ինչպիսի՜ կամք…

Սակայն փորձե՞լ ենք ունայն աշխարհում

Զղջանքը զօծե՛լ ինքնասպանությամբ։ 

7.

Հարբած պոետին շշպռում ենք լուրջ,

Թուքումուր տալիս «հենց իրեն ի սեր»…

Փորձե՞լ ենք սակայն աշխարհում էս փուչ

Նրա դառնահամ Գավաթը կիսե՛լ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter