
HSBC բանկի վրա հարձակման գործով ոստիկանության նախկին գնդապետին հանրային պաշտպան է տրամադրվել
HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության և սպանության փորձի մեջ մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանի շահերը կներկայացնի հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր այս գործով դատական նիստ էր նշանակված, որին, սակայն, Սիրեկանյանը չէր ներկայացել:
Դատավորը նշեց, որ պաշտպանի հետ կապ հաստատել չի ստացվում: Գիիգորյանի խոսքով՝ հանրային պաշտպանի գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ Սիրեկանյանին հանձնարարվել է ստանձնել Դանիել Դանիելյանի պաշտպանությունը, սակայն վերջինիս բջջային հեռախոսահամարն անհասանելի է:
Նման պայմաններում դատարանը ստիպված էր հետաձգել նիստը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Դանիելյանը հրաժարվել էր իր պաշտպանից՝ Արմեն Հայրապետյանից՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 3-ին դիմակավորված, զինված Դանիել ԴանիելյաՆը բռնության սպառնալիքով՝ զենքով եւ նռնակով սպառնալով, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել է 500,000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո կարաբինով մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի վրա եւ նրան զրկել կյանքից, ապա վնասվածքներ հասցրել մեկ այլ ոստիկանի եւ դիմել փախուստի։
Դանիելյանին վնասազերծելիս զոհվել են բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը եւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանը: Գյուլբենկյան փողոցից Դանիելյանի փախուստը կանխել էին ոստիկանները եւ քաղաքացիները:
Հիշեցնենք, որ Դանիել Դանիելյանը մինչև դեպքը զբաղեցրել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը։
Մեկնաբանել