HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախքան հետախուզում հայտարարելը Քննչական կոմիտեն 4 անգամ ծանուցում է ուղարկել Արա Մինասյանին՝ նախաքննական մարմնին ներկայանալու համար

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց առաջ վարույթն իրականացնող մարմինը 4 անգամ նրան ծանուցագիր է ուղարկել: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան` հայտնում է Քննչական կոմիտեն՝ անդրադառնալով Արա Մինասյանի պաշտպանների հայտարարություններին առ այն, որ «վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել՝ Մինասյանին որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ»:

Ավելին, ըստ Քննչական կոմիտեի` մինչև հետախուզում հայտարարելը 20 օր քննիչը փորձել է Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում հայտնաբերված առերևույթ չարաշահումներին, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի առնչության վերաբերյալ։ Վերջինս Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ»:

Նշենք, որ գործի շրջանակներում որոշում է կայացվել Մինասյանին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ նկատի ունենալով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից, և պարզ չէ նրա գտնվելու վայրը, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն  ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երեկ մերժել է: Նրա պաշտանների խոսքով` 2018 թվականի նոյեմբերի 2-ին Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում այն հիմքով, որ, իբր, նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ուստի կողմը հարց է առաջադրում, թե ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետևության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու:

Քննչական կոմիտեից մեզ հայտնում են, որ Մինասյանին ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման միջոցով, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով, ով վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել՝ Մինասյանի ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրի մասին: Ուստիև նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Հարկ է նկատել, որ Արա Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Արա Մինասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունը միջնորդության քննարկմանն ապահովելու համար, որը դատարանը բավարարել է։ Մինչդեռ հաջորդ դատական նիստում պաշտպանը հայտնել է, որ հնարավոր չի եղել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ դա նույնպես փաստում է, որ Արա Մինասյանը խուսափում է քննությունից»,- հայտնում են Քննչական կոմիտեից` հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը հիմքեր ունի կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի քննությանը:

Նշենք, որ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի այն բողոքարկելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter