
Կաշառք ստանալու պահին ոստիկանները պաշտոնատար անձանց են բռնել
Ոստիկանությունը հաղորդում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։
Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը և պատճառաբանել, թե նրան չի բավարարում երկու տարվա աշխատանքային ստաժ։ Այս հանգամանքը անտեսելու և թոշակը ձևակերպելու համար դիմողից պահանջել են 100.000 դրամ կաշառք, որն ինքը խոստացել է տալ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի սկզբին։
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Երևան քաղաքի վարչությունների ու Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնում բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին և բերման ենթարկվել։
Կաշառքի առարկա գումարն առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
«Կատարվածի հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Մեկնաբանել