HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակն - Դպրոցներ

Հեղինակ՝ Խաժակ Դրամփեան

Այս յօդուածում անդրադարձ է կատարւում 19-րդ դարի վերջերին Ակնի գաւառակում զարգացում ապրող ոլորտներից մէկին՝ կրթութեանը։ Հասկանալու համար, թէ ինչպէս է կրթական ոլորտը զարգացել Մամուրէթուլ-Ազիզ վիլայէթի այս փոքրիկ գաւառակում, անհրաժեշտ ենք համարում քննել դրա մի քանի բաղադրիչները, մասնաւորապէս՝ դաստիարակութիւնը ակնեցու ընտանիքում, որը, ըստ իւրաքանչիւր ակնեցի, կրթութեան հիմքն էր, Ակնում 19-րդ դարի վերջում մտաւոր զարթօնքի տարիներին ստեղծուած կրթական ընկերութիւնների գործունէութիւնը, որի արդիւնքում Ակնում և գաւառակում բացուեցին մի շարք նոր դպրոցներ ու վարժարաններ։

Յօդուածում ներկայացւում են Ակնի վերաբերեալ աղբիւրներում պահպանուած տեղեկութիւններ, որոնք առնչւում են Ակնի և յարակից գիւղերի դպրոցներին, կրթական կեանքին և մակարդակին: Անդրադարձ է կատարւում նաև Ակնում թատերական և հրատարակչական փորձերին, որոնք գաւառակում ծայր առած կրթական շարժման արդիւնք էին:

Ուսումնասիրութեան հիմնական մասը կազմում է Ակնի գաւառակում ծնուած, սովորած, աշխատած և դասաւանդած մարդկանց մեծ ցանկը, որում ներառուած համառօտ կենսագրականները հաւաքագրել ենք տարբեր աղբիւրներից և դասակարգել ըստ բնակավայրերի և դրանցում գործած դպրոցների և/կամ վարժարանների:

Դաստիարակութիւնը Ակնում

Իւրաքանչիւր ակնեցու համար կրթութիւնը սկսւում է ընտանիքից՝ դեռևս վաղ հասակում: Սրա մասին է վկայում Ակնում տարածուած ասացուածքը՝ կրթութիւնը սկսւում է օրօրոցից: Ուստի մինչև Ակնում վարժարանների առկայութեան մասին խօսելը հարկ ենք համարում քննել ակնեցիների՝ մանուկին դաստիարակելու ձևերն ու եղանակները, որոնք հին ժամանակներից եկած տոհմիկ դաստիարակութեան մնացուկներն են:

Առհասարակ երեխային մանկուց կրթելու պարտականութիւնը հիմնականում դրուած է եղել կնոջ ուսերին: Դեռ օրօրոցից մայրերն իրենց երեխաներին երգում էին օրօրոցայիններ ու անտունիներ, որոնց օգնութեամբ մանուկները ճանաչում էին աշխարհը, հայրենի բնութիւնն ու բնօրրանը, չարն ու բարին, ճիշտն ու սուտը և այլն [1]:

Աւելի հասուն տարիքում մայրը ներգրաւում էր երեխային մանկական պարզունակ խաղերի մեջ. զբօսանք այգում`ջրի, ծառերի ու ծաղիկների մօտ, վազել ու ցատկել, լողալ աւազանում, ծառերից միրգ քաղել և ուտել և այլն [2]:

Դաստիարակութեան ձևը ակնեցիների շրջանում միօրինակ չէր։ Աղջիկն ու տղան չէին դաստիարակւում միևնույն կերպ: Տղային, օրինակ, ուղարկում էին դպրոց` ուսանելու, իսկ նրա ուսման պակասը ծնողները լրացնում էին տանը: Աղջիկները մինչև վարժարանում կրթութիւն ստանալը դաստիարակւում էին նաև տանը` մօր կողմից, քանի որ աղջիկը մեծանալու էր և մայր դառնար: Պատանի տղան ունէր որոշակի արտօնութիւններ։ Դպրոցում նա ձեռք էր բերում նոր ընկերներ, դասերից դուրս ունենում էր խաղաժամեր, խաղում այգում, բարձրանում սար և յաճախ էր լինում բնութեան գրկում: Մինչդեռ աղջիկը հիմնական ժամանակն անցկացնում էր տանը՝ մօր կողքին: Նա պէտք է սովորէր զբաղուել տան գործերով, ծանօթանալ խոհանոցային կարգ ու սարքին, կարուձև անել և այլն: Շուտով, երբ աղջիկը ստանում էր անհրաժեշտ գիտելիքների հիմնական պաշարը, տունը լցւում էր բազմաթիւ ձեռագործ հիւսուածքներով, գուլպաներով, սեղանի ծածկոցներով, բարձի, վերմակի երեսներով, որոնցից իւրաքանչիւրն իր ստացած դաստիարակութեան վկան էր: Նա արդէն կարող էր պատկանել բանիմաց և կիրթ օրիորդների դասին [3]:

Իսկ վերոնշեալ պայմաններում մեծացող տղան շատ շուտով դպրոցում դառնում էր առաջատար աշակերտ, յատկապէս եթէ ընդունակ էր: Նա պիտի մեծանար և համալրէր թիւն այն մարդկանց, մեծերի ու մտաւորականների, որոնց մի ստուար հատուած պարգևել է Ակնը [4]:

Ակնի դպրոցները մինչև 1870 թ. և յետոյ

Մինչև 1870 թ. Ակնում գոյութիւն ունեցած դպրոցների մասին տեղեկութիւնը գտնում ենք միայն Տէր Յովհաննէս քահանայ Դերձակեանի յուշագրութիւնում, որտեղ նշւում է հետևեալը. «Յովհ. Եպիս. Ակնեցի պարոնտէր կոչեցեալն, 1610ին Ս. Փրկչայ վանքին մէջ հաստատած էր ընծայարան մը, ուր աշակերտներ – ընծայացու կ՚անուանէ ինք -  կ’առնուէին Ակնայ դպրոցներու ընդունակ աշակերտներէն»: Սակայն յուշագրութիւնը որևէ տեղեկութիւն չի հաղորդում «ընծայացուների» (աշակերտների) թուի և «ընծայարաններում» (դպրոցների) ուսման տևողութեան մասին: Յուշագրութիւնում անդրադարձ կայ Սբ. Փրկչի վանքի վանահայր Ակնեցի Մարտիրոս վարդապետի մասին, ով 1760 թ. 10 աշակերտներով «ընծայարան» է ունեցել վերոնշեալ վանքում: Անդրադարձ կայ նաև Միքայէլ Աստուածաբանի՝ Ակնի 1870 թ. առաջնորդութեան շրջանի մասին, որի ընթացքում վերջինս Ակնում կարգել է չորս քահանայ: Նրանց անուններն են՝ Տէր Նիկողոս և Տէր Ղազար (վերի եկեղեցի), Տէր Ստեփան և Տէր Յովհաննէս (վարի եկեղեցի): Յուշագրութիւնում Միքայէլ Աստուածաբանը նշում է, որ ինքը Տէր Նիկողոսի թոռն է [5]:

Ըստ Գարեգին Սրուանձտեանցի` 1620 թ. ի վեր Ակնում, հաւանաբար, եղել են մէկից աւելի վարժարաններ, որոնք կառավարուել են ժամանակի ըմբռնումների համաձայն մինչև 1850 թ., երբ Ակնն արդէն ունէր առաջադէմ վարժարաններ [6]:

1847 թ. քաղաքում Սբ. Գէորգ և Սբ. Աստուածածին եկեղեցիներին կից կար մէկական դպրատուն (դպիր կամ քահանայ պատրաստող դպրոց) [7]: Սբ. Գէորգ եկեղեցուն կից դպրատունն ունէր 120 աշակերտ և երեք ուսուցիչ, որոնցից մէկն ուսուցանում էր հասարակ ընթերցանութիւն, երկրորդը՝ եկեղեցական երաժշտութիւն, իսկ երրորդը՝ քերականութիւն: Սբ. Աստուածածին եկեղեցուն կից դպրատունն ունէր 110 աշակերտ և երկու ուսուցիչ, որոնցից մէկը դասաւանդում էր հասարակական ընթերցանութիւն, իսկ միւսը՝ եկեղեցական երաժշտութիւն [8]:

«Այս երկու դպրատունէն զատ քաղաքին չորս երեւելի թաղերուն մէջ ալ մէյ մէկ դպրատուն կայ մէյ մէկ վարժապետով, որ այն թաղերուն մանր տղոցը հասարակ ընթերցում կը սովորեցնեն» [9]:

Ճանիկեանը գրում է, որ ծերերից լսել է, թե 1810-ական թթ քաղաքի երկու թաղերում եղել են 2-3 քահանայ, ովքեր իրենց հաշուին դպրոց էին բացել Ակնում և զբաղուել աշակերտների կրթութեամբ: Ըստ նրա՝ այդ քահանաները դասաւանդել են ընթերցանութիւն, գիր և մի քիչ էլ թուաբանութիւն: Աշխարհականներից որպէս վարժապետներ են աշխատել թարխանա Կարապետը, Զոհրաբ վարժապետը և ուրիշներ [10]:

Այստեղ հետաքրքրական է ընթերցել Սմբատ Դաւթեանի 1921 թ. սեպտեմբերի 17-ով թուագրուող մի գրութիւն, որում նա ներկայացնում է տեղեկութիւն կրթական, գեղարուեստական և ազգային-հասարակական հարցերի վերաբերեալ.

«Ակնայի մէջ ազգային կեանքը 1870-էն ետք նոր երեւոյթներ կը պարզէ, որոնք պատմաբանին համար ուսումնասիրութեան արժանի նիւթեր պիտի ըլլան: Թուենք մէկ քանին այդ երեւոյթներէն.

  1. 1. Կրթական-դպրոցական նոր ուղղութիւնը հին պատուելիական [նախնական ուսուցիչի տիպարը] դրութեան կը յաջորդէ
  2. 2. Ընկերական ոգին թափ տալով երևան կու գան ուսումնական նպատակաւ ընկերութիւններ
  3. 3. Թատերական շարժում մը կը սկսի
  4. 4. Բողոքականութեան ի նպաստ ջանքեր կը կատարուին
  5. 5. Գրական-հրապարակագրական փորձեր կ'ըլլան
  6. 6. Լսարաններ կը հաստատուին ու վիճաբանական ժողովներ տեղի կ’ունենան
  7. 7. Մէկ խօսքով ինքնագիտակցութեան ոգի մը, զարգացման ճիգ մը կը յայտնուի
  8. 8. Սահմանադրական սկզբունքները գործադրութեան կը դրուին» [11]:
  1. Ակնի գաւառակը թևակոխել էր մտաւոր զարգացման հասուն շրջան դեռևս 1870-ականներին, և այդտեղ գոյութիւն ունեցող ազգային վարժարանները Պոլսի այն ժամանակուայ վարժարանների պէս հաւասար կամ դրանցից մի փոքր աւելի լաւ կրթութիւն էին տալիս ակնեցիներին ու գաւառակի բնակչութեանը [12]:
  2. XIX դ. վերջերի Ակն քաղաքում գործել են մի շարք ազգային ընկերութիւններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամեան և Նարեկեան) և երկսեռ դպրոցներ (Նարեկեան և Ներսէսեան): Այդ ընկերութիւնների ստեղծմամբ նշանաւորուեց Ակնում և գաւառներում մի շարք վարժարանների ու դպրոցների ծնունդը [13]։
  3. 19-րդ դարի վերջին Ակն քաղաքի վարժարաններում դասաւանդուել են կրօն, բարոյականութիւն, ազգային լեզու, ազգային պատմութիւն, հաշիւ-թուագիտութիւն, հաշուակալութիւն, աշխարհագրութիւն, գեղագրութիւն, երգեցողութիւն, մարմնամարզութիւն (զբօսանքի ժամերին), առողջաբանութիւն, բնագիտութեան սկզբունքներ, թուրքերէնի և ֆրանսերէնի լեզուաբանութեան սկզբունքներ առարկաները [14]:
  4. Աշակերտութիւն.-Ս. Դաւթեանի վերոնշեալ հարցումը տալիս է նաև հետևեալ հետաքրքրական տեղեկութիւնը Ակնի վարժանանների աշակերտների մասին.
  5. «Աշակերտաց նուազագոյն տարիքն է 6 և առաւելագոյնն 15: Ընդհանրապէս 6-7 տարեկան հասակի մէջ վարժարան կը մտնեն և 12-13 տարեկան հասակի մէջ դուրս կ'ելնեն: Աշակերտաց, քիչ բացառութեամբ բոլոր տարւոյն մէջ ընդհանրապէս 15 օր արձակուրդ կը տրուի: Աշակերտաց սնունդը սովորական կերակուր է: Աշակերտաց հագուստն կէս ի կէս ասիական և եւրոպական են: Դպրոցաց մէջ ուսանողք միայն Հայ են (1884 թ. Վանք գիւղէն 2-3 Հայ-Հոռոմ տղայք, և Կիւմիւշխանէցի պանդուխք Յոյներէն 1-2 տղայք ևս կը յաճախէին): Սեռերը բաժանեալ են և ծնողք չեն հաճիր որ խառն կրթութիւն ստանան»: [15]

 

Ազգային վարչութիւն.- 1895 թուականից դեռևս կէս դար առաջ Ակնում գումարուել են վարչութեան ժողովներ, որոնցում հարթւում էին առկայ վէճերը, բաշխւում էին արքունական տուրքերը և քննարկւում եկեղեցական և վարժարանների վերաբերեալ պատահական գործեր: Շուտով կազմուեցին գաւառական ընդհանուր ժողովն ու վարչութեան կրօնական և քաղաքական ժողովները, որոնք մինչև 1895 թ. անցկացուել են աւելի քիչ յաճախականութեամբ: Ընտրուել են ուսումնական և տնտեսական խորհրդատուներ: 1895 թ. էլ քաղաքում և գիւղերում կային ըստ օրէնքի կազմուած թաղային խորհուրդներ և վարժարանների հոգաբարձութիւններ: Ժողովներն ու խորհուրդներն ունեցել են իրենց դիւաններն ու արձանագրութիւնները (երկու եկեղեցիներին կից կային մէկական առաջնորդարաններ,  որտեղ գումարւում էին վարչական ժողովները, խորհուրդներն ու թաղային խորհուրդները) [16]:

Ակն քաղաքի կրթական ընկերութիւններ

Ազգասիրական ընկերութիւն

Ազգասիրական ընկերութիւնը հիմնուել է 1862 թ. մայիսի 1-ին: Ընկերութեան նպատակն էր 1000 օսմանեան լիրայով Կենտրոնական վարժարան բացել Ակնում: Բացի Կենտրոնականից, 1864-1865 թթ այն բացեց մէկ վարժարան, որը, սակայն, 1-2 տարի անց փակուեց: 1873 թ. բացուեց Լուսաւորչեան անունով մի վարժարան, որը բաւարար եկամուտ չի ստանալու պատճառով 1-2 տարի անց կրկին փակուեց: Ազգասիրական ընկերութիւնը գործեց 5, իսկ դրա կողմից հիմնուած Կենտրոնական վարժարանը՝ 4 տարի:

Ընկերութիւնն ունեցել է իր կանոնագիրքն ու անց է կացրել ժողովներ:

1895 թ. դրութեամբ ընկերութիւնն ունեցել է 500 օսմանեան կոնսոլիդ, 20 բաժնետոմս, 30 ոսկի պարտք և այլն: Ըստ Ս. Դաւթեանի՝ Ակնում գործունէութիւն ծաւալած առաջին ազգային ընկերութիւնը եղել է Ազգասիրական ընկերութիւնը, որը բաւական երկար ժամանակ աշխատեցրել է Ակնի միջնակարգ Կենտրոնական վարժարանը: Այդ վարժարանի աշակերտները, ըստ Ա. Քէչեանի, ընտրւում էին քաղաքի երկու` Նարեկեան և Ներսէսեան վարժարանների աշակերտներից: Ազգասիրական ըներութեան այդ վարժարանի շրջանաւարտներ են եղել դոկտոր Սմբատ Գաբրիէլեանը, Ա. Նիկողոս Թոթուայեանը և ուրիշներ: Շուտով վարժարանում ամբողջական վճարումով որպէս տեսուչ և ուսուցիչ աշխատելու հրաւիրուեց հմուտ մասնագէտ Խոսրով Մուրադեանը, ով դասաւանդել է հայերէն, թուրքերէն, ֆրանսերէն և անգլերէն: Հայերէն և ֆրանսերէն ուսուցանել է նաև Մուրադեանի գործընկեր Ազարիա Դերձակեանը, ով դասաւանդել է ոչ միայն քաղաքում, այլև շրջակայ գիւղերում [17]:

Ուսումնասիրական ընկերութիւն

Ազգասիրական ընկերութեանը զուգընթաց 1872 թ. օգոստոսին Ակնում կազմւում է մէկ այլ ազգային ընկերութիւն՝ Ուսումնասիրականը, որը նպատակ ունէր շաբաթական և այլ նուէրներով Ակնի գաւառակում բացել լսարան, ստեղծել հրապարակախօսութիւն և ժողովրդական ընթերցարան՝ թանգարանով: Ընկերութեան հիմնադիրներն էին Կենտրոնական վարժարանի ուսուցիչները, որոնցում ընդգրկուած էին նաև Պոլսից և այլ վայրերից հայրենիք վերադարձող ուսանողները. Յակոբ Գորեան, Զարեհ Թորոսեան, Յարութիւն Ռէիզեան, Ստեփան Մազմանեան և ուրիշներ: Ուսումնասիրականի հիմնադիրներն էին դոկտոր Գաբրիէլեանը, Յակոբ Գորեանը, Զարեհ Թորոսեանը, Յարութիւն Ռէիսեանը, դեղագործ Ստեփան Խ. Մազմանեանը և ուրիշներ:

Իր գործունէութեան ընթացքում ընկերութիւնը հիմնել է լսարան, գրադարան, թանգարան և «Ծաղիկ» անուամբ շաբաթաթերթ:

Գործել է 5-6 տարի և լուծարուել քաղաքական ճնշումների հետևանքով [18]:

Արամեան ընկերութիւն

Վերոնշեալ երկու ընկերութիւնների կազմալուծումից յետոյ, երբ դրանց հիմնադիրները մեկնեցին Պոլիս, նրանցից Յակոբ Գորեանը, Յարութիւն Ռէիսեանը, Զարեհ Թորոսեանը, Ս. Դաւթեանը, Փիլիպոս Քէչեանը, Ստեփան Բարունակեանը, Ղուկաս Բռիկեանը, Յարութիւն Աբգարեանը, Գ. Փանոսեանը և ուրիշներ Ակնում սկսեցին հզօր շարժում, կազմակերպեցին հաւաքներ՝ բարձրաձայնելով Ակնին սպառնացող տնտեսական և քաղաքական վտանգները և կարողացան գրաւել Պոլսի ակնեցիների գաղութի ուշադրութիւնը: Այսպէս, 1878-1879 թթ Կ. Պոլսում ակնեցիների կողմից ստեղծուեց Արամեան ընկերութիւնը: Նպատակն էր նպաստել Ակնում ազգային վարժարանների ստեղծանը:

Իր ծրագիրը յաջողելու համար Արամեան ընկերութիւնը նախ նպատակադրուեց Ակն քաղաքի համար գտնել օժտուած կրօնական Առաջնորդի: Այդ նպատակով այն դիմեց Գարեգին վրդ. Սրուանձտեանցին և կարողացաւ համոզել Պատրիարքարանին, որ Ակն գործուղեն Գարեգին Վարդապետին, ով 1877 թ. գործուղուել էր ռուս-թուրքական պատերազմից աւերուած գաւառ՝ որպէս քննիչ-պատուիրակ [19]:

Կրթական միութիւն

Արամեան ընկերութեան ձախողումից յետոյ Պոլսում գտնուող Ազգասիրական և Ուսումնասիրական ընկերութիւնների անդամները 1882 թ. հիմնեցին Կրթական միութիւնը, որը, ըստ Ճանիկեանի, ստեղծուել է վերոյիշեալ Ուսումնական ընկերութեան ընթերցասրահի և Արամեան ընկերութեան միացմամբ և, հազիւ մէկ տարի գոյատևելուց յետոյ, լուծարուել, ապա, ըստ Քէչեանի, միացել Նարեկեան ընկերութեանը, որն այդ ժամանակ արդէն դադարել էր գործել: Սակայն անհամաձայնութեան պատճառով ընկերութիւնները չկարողացան հասնել ակնկալուող արդիւնքին:

Կրթական ընկերութեան ընդհանուր դրամագլուխը կազմել է 200 ոսկի, որից մեծ մասը կազմել է պարտքը [20]:

 

Ակն քաղաքի վարժարաններ

Կենտրոնական վարժարան

Կենտրոնական վարժարանը բացուել է՝ համախմբելով Ակնի Նարեկեան և Ներսէսեան ու գաւառակի գիւղերի վարժարանների լաւագույն շրջանաւարտներին մէկ տանիքի տակ:

Վարժարանի տնօրէնն էր Պոլսում կրթութիւն ստացած Խոսրով Մուրադեանը, ով, լինելով հայագէտ և լեզուաբան, դասաւանդել է նաև Կամարակապի Արամեան վարժարանում [22]:

Շրջանաւարտներ

Կենտրոնական վարժարանը Խոսրով Մուրադեանի և Ազարիա Դերձակեանի միացեալ տեսչութեան օրօք և Գարեգին Պլէոխանեանի ուսուցչութեամբ, տուել է տասնեակ շրջանաւարտներ: Կից ներկայացուած են դրանցից մի քանիսը.

Գիսակ Փափազեան (1897 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է Կամարակապի Արամեան վարժարանում, Ապուչեխի նախակրթարանում և Ակնի Կենտրոնական վարժարանում: 1926 թ. մի խումբ հայրենակիցների հետ հիմնել է Փարիզի Ակնեցիների հայրենակցական միութիւնը, որ օժանդակել է Նուբարաշէնի (Խորհրդային Հայաստան) մօտ Նոր Ակն թաղամասի վերակառուցմանը:

Երեմիա Բարդողեան (1862 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է գիւղի Արամեան վարժարանում՝ դառնալով դրա փայլուն շրջանաւարտներից մէկը, ինչպէս նաև Ակնի Կենտրոնական վարժարանում: Ապագայ հայագէտ ու ֆրանսագէտ է: Տասնեակ տարիներ աշխատել է որպէս ուսուցիչ և տնօրէն, ղեկավարել է գիւղի վարժարանը, որը պատրաստել է ուսուցիչներ, ովքեր Պոլսում և գաւառներում նշանակալի դեր են ունեցել որպէս կրթութեան մշակներ: Դրանցից յատկապէս յիշատակութեան են արժանի Վահրամ Արծրունին, Արմենակ Շեփիկեանը, Տէօվլէթեան երեք եղբայրները, Մաղաքիա Փափազեանը, Ղազար Հալաճեանը և ուրիշներ: Եղել է կրթական-մանկավարժական ոլորտի նուիրեալներից մէկը: Զոհուել է 1895 թ. ջարդերի ժամանակ:

Երուանդ Թիմուրեան (Աշոտ Երկաթ) (1854 թ. սեպտեմբերի 27, Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Նարեկեան և Ներսէսեան, ապա՝ Կենտրոնական վարժարաններում: Մասնակցել է լսարանների, թատրոնների, խմորատիպ թերթերի ղեկավարման աշխատանքներին:

Նիկողոս Թոթուայեան (1856 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում, ապա ընդունուել Ազգասիրական կրթական ընկերութեան կողմից հիմնուած նորաբաց Կենտրոնական վարժարանը և յաջողութեամբ աւարտել այն: Ակնի մտաւոր վերազարթօնքի աջակիցներից էր:

Այլ շրջանաւարտներ.- Սմբատ Գաբրիէլեան (դոկտոր), Ստեփան Գանթարճեան, Աւետիս Ժամկոչեան, Սմբատ Դաւթեան, Անտոն Գիւլիւստանեան, Առաքել Խանազատ, Հայկ Հոբիկեան, Մարկոս Նարլեան, Ստեփան Նարլեան, Յարութիւն Պեկեան, Արշաւիր Սուքիասեան, Եղիշէ Վարդանեան [23]։

Ուսուցիչներ

Ազարիա Դերձակեան (1851 թ., Ակն), նախնական կրթութիւնն ստացել է Նարեկեան վարժարանում: Ապագայ հայագէտ, յունարէնի ու ֆրանսերէնի մասնագետ է: Պոլսում որոշ ժամանակ մաքսային պաշտօն զբաղեցնելուց յետոյ 1885 թ. վերադարձել է Ակն: 36 տարի պաշտօնավարել է Նարեկեան, Ներսէսեան և գիւղերի վարժարաններում որպէս տնօրէն, բայց միշտ անբաժան է եղել Նարեկեան վարժարանից, ուր դասաւանդել է: Դերձակեանը դասաւանդել է նաև Ակնի Կենտրոնական վարժարանում: Զոհուել է 1895 թ. համիդեան ջարդերի ժամանակ:

Խոսրով Մուրադեան, աշխատել է Ակնի Կենտրոնական վարժարանի տնօրէն, դասաւանդել է Կենտրոնական վարժարանում [24]:

 

Ներսէսեան վարժարան

1855 թ. վարի թաղի Ներսէսեան վարժարանը, որն ունէր բազմաթիւ աշակերտներ նաև վերի թաղից, նորոգուեց ազդեցիկ անձանցից բաղկացած հոգաբարձութեան կողմից, վերանորոգուեց նաև դպրոցի գոյքը: Շուտով հոգաբարձութիւնը փոխուեց, բայց դպրոցի բարեկարգումը շարունակուեց: Դպրոցում սկսեցին դասաւանդել նոր ուսուցիչներ, աւելացաւ դասաւանդուող առարկաների քանակը: Ըստ Ճանիկեանի՝ այդ աւելացուած առարկաներից էին աշխարհագրութիւնը, հաշուապահութիւնը, թուրքերէնը, ֆրանսերէնը և այլն, իսկ քրիստոնէութիւն, Սուրբ Գրոց և ազգային պատմութիւն, քերականութիւն և թուաբանութիւն առարկաներն արդէն կային:

Ներսէսեան վարժարանն ունեցել է 200 աշակերտ և 80 աշակերտուհի: Վարժարանի տարեկան ծախսը կազմել է 17.700 ղուրուշ [25]:

Շրջանաւարտներ

Ատոմ Եարճանեան (Սիամանթօ) (1878 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել յայտնի արձակագիր ու բանահաւաք Գարեգին Սրուանձտեանցը, որն էլ պատանի Ատոմին կնքել է Սիամանթօ մականուամբ։

Երուանդ Թիմուրյան, Աշոտ Երկաթ (1854 թ. սեպտեմբերի 27, Ակն) (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Լևոն Տէր-Մարտիրոսեան (1885 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում և աւարտել այն 1903 թ.: 2 տարի աշխատել է այդ վարժարանում:

Մատթէոս Տէր-Մատթէոսեան (1895 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում: Ցեղասպանութեան շրջանում Տէր-Մատթէոսեանը գտնուել է Ակնում և 1915-1918 թթ ակամայից ծառայութեան է անցել մի թուրք բէյի մօտ: 1919 թ. զինադադարից յետոյ ուսուցանել է Ակնի վերաբացուած նախակրթարանում: Միևնոյն ժամանակ որպէս ատենադպիր օժանդակել է Հալէպի Ակնի հայրենակցական միութեանը՝ օգնութիւն ցուցաբերելով Ակն քաղաքին և այնտեղից ժամանող հայ գաղթականներին:

Մելքոն Քեպապճեան (1884 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է նախ Նարեկեան, ապա Ներսէսեան վարժարաններում: Ակնում ունեցել է իր արհեստանոցը, որտեղ արտագրել է ձեռագործ ինքնատիպ գործեր՝ ծաղկային մոտիվներ անելով տարբեր մանուսաների վրա: Ապագայ արուեստի վարպետ և արուեստագէտ է:

Յովսէփ Ճանիկեան (1840 կամ 1841 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում: Նուիրուել է ուսուցչական աշխատանքին Ակնից դուրս: Յայտնի է իր՝ 1880 թ. լոյս տեսած «Հնութիւնք Ակնայ» գրքով։

Նիկողոս Թոթուայեան (1856 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Վահան Գույումճեան (1880 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում: Ուսուցչական և տեսչական պաշտօններ է զբաղեցրել Ակնի Ներսէսեան և Նարեկեան վարժարաններում:

Այլ շրջանաւարտներ.- Վահան Եարճանեան (1887 թ., Ակն, Սիամանթոյի եղբայրը), Գէորգ Շիշմանեան (1838 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Գրիգոր Ոսկանեան (1884 թ., Ակն, ապագայ բժիշկ), Կարապետ Մանավեան (1866 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Մարտիրոս Իգնատիոսեան (1842 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Յովսէփ Լուսինեան (1894 թ., Ակն), Մովսէս Լուսինեան (1880 թ., Կամարակապ), Գրիգոր Գալստեան [26]։

Ուսուցիչներ

Վահան Գույումճեան (1880 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը) [27]:

շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter