
Արտգործնախարարությունը փորձում է ճշտել Գերմանիայում գործող հայկական մաֆիայի մասին տեղեկությունների արժանահավատությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Գերմանիայի գործընկեր կառույցների հետ՝ մամուլում հայտնված որոշ տեղեկություններ ճշտելու համար։
Այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ արձագանքելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հարցին։
Հիշեցնենք, որ գերմանական «Շպիգել» հանդեսը և «MDR» հեռուստաընկերությունը հետաքննություն են հրապարակել, ըստ որի՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումներ են գործում։
«Նախ ասեմ, որ Արտաքին գործերի նախարարությունն՝ ի դեմս իր խոսնակի, արդեն առիթ ունեցել է այս հարցի առնչությամբ կարծիք հայտնելու։ Մենք կապի մեջ ենք գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այդ որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար։ Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս մենք նպատակահարմար չենք գտնում ավելին ասել, կամ անել լրացուցիչ մեկնաբանություններ։ Հավելյալ տեղեկատվություն կհայտնենք ըստ արդյունքների»,- ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։
Մեկնաբանել