HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյան․ «Այո, իմ և մյուս պատանդների կարծիքները, որոնք տուժող են ճանաչվել, պետք է հաշվի առնվի»

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում հայտնված ոստիկաններից էր, համաներման տեքստի ձևակերպումներից բավարարված է։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը։

«Նախաքննության ժամանակ ես սպառիչ ցուցմունքներ եմ տվել, արտահայտել եմ իմ դիրքորոշումը,  և՛ որպես իրավապահ մարմնի կառույցի ղեկավար, և՛ որպես ոստիկան կարծում եմ՝ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ համաներման տեքստի՝ նախատեսվում է ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Դիտարկմանը, որ սպանված ոստիկանների հարազատներն արդեն իսկ իրենց դժգոհություններն արտահայտել են, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց․

«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը, մենք կորցրել ենք մեր ընկերներին, լավագույններին, և այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի, ես կողմ եմ՝ այո, իմ և մյուս պատանդների կարծիքները, որոնք տուժող են ճանաչվել, պետք է հաշվի առնվի»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի այն հայտարարություններին, որ Օսիպյանն իրենց մոտ պատանդ չի եղել, միասին հաց են կերել, կենացներ խմել, Օսիպյանն ասաց․ «Հա, բան ու գործ չունեի, յոթ-ութ օր էնտեղ եմ մնացել՝ գործերս թողած»։

Ոստիկանապետն ասաց, որ կառավարության դռնփակ նիստում, երբ քննարկվել է համաներման ակտը, ինքն արտահայտել է իր կարծիքը, իսկ այժմ համաներման տեքստով բավարարված է։

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ համաներում հայտարարելուց հետո հանցագործությունների թիվը կշատանա, Օսիպյանը համաձայնեց, որ կա նման մտահոգություն։

«Չի բացառվում, որ կրկնահանցագործություններ ունենանք համաներումից հետո, բայց կողմ եմ համաներմանը, որովհետև այն ինքնին մարդասիրական մոտեցում է։ Կան մարդիկ, որոնց պահվածքը ՔԿՀ-ների ադմինիստրացիան բնութագրում է դրական, և եթե հայտնվեն դրսում, չեմ բացառում, որ շատերն ուղղված լինեն, բայց նաև չբացառենք, որ կարող են լինել կրկնահանցագործություններ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter