Մինչեւ առուն ջուր գա...
«Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց, թե էդ 4 տոկոսի սուբսիդավորման որոշումը, որ պետք է կատարվի ամբողջ վարկը փակելուց հետո, Կառավարությո՞ւնն է կայացրել, թե՞ բանկերը»: Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանի այս մտահոգությունը միայն իրենը չէր:
Ապրիլի 12-ին կայացած մարզխորհրդի նիստին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրահանգել էր համայնքապետերին հանդիպել այն բանկերի կառավարիչների հետ, ովքեր աշխատում են Կառավարության ծրագրով, այսինքն` տրամադրում են վարկ 14% տոկոսադրույքով, որի 4%-ը սուբսիդավորվում է: Նպատակը իրազեկումն էր: Համայնքապետերն էլ իրենց հերթին տեղեկատվությունը պիտի փոխանցեին գյուղացիներին:
«Մեզ հետ հանդիպած բանկերի կառավարիչներից Կառավարության ծրագրով առայժմ միայն «ԱԿԲԱ»-ն է աշխատում, ու էնտեղ հետաքրքիր ձեւ է սահմանված: Վարկառուն պետք է հենց սկզբից մինչեւ վերջ էդ 14%-ը փակի, բանկի կառավարիչն ասում է' եթե պարտաճանաչ փակի, գրաֆիկի խախտում չլինի, 2 տարի հետո Կառավարությունը նոր էդ սուբսիդիան կտա տվյալ վարկառուին, որն, իմ կարծիքով, էլի չի նպաստում գյուղատնտեսության զարգացմանը»,- ասում է Մեղրաշենի համայնքապետ Հունան Պետրոսյանը:
Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում մեկնարկած պիլոտային ծրագրի տրամաբանական շարունակությունն է համարվում այս նոր ծրագիրը, որի իրականացման համար Կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել: Վարկը տրվում է դրամով, տարեկան 14% տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով, վարկի 4%-ը սուբսիդավորում է Կառավարությունը: Առաջին 6 ամիսներին գյուղացին որեւէ գումար չի մուծում: «Դա շատ անհրաժեշտ պայման է, քանզի սովորաբար վարկերը սկսում են տրամադրել ձմռան վերջին, գարնան սկզբին: Այդ ժամանակ սովորաբար գյուղացուն կանխիկ գումարը հարկավոր է սերմնացու, պարարտանյութ, թունաքիմիկատներ ձեռք բերելու համար, իսկ վարկառուն, դեռ ծախսեր չարած, սկսում էր մուծումներ կատարել,- պարզաբանում է Հունան Պետրոսյանը,- գրավադրումը կրկին պահպանված է, սակայն այս վարկը բանկը տալիս է նաեւ երաշխավորի դեպքում: Պետք է առնվազն երկու կամ երեք հոգի երաշխավորի, եթե պահանջված գրավը չկա»:
Հունան Պետրոսյանի համոզմամբ, եթե պետությունն իրապես ուզում է գյուղացու բեռը թեթեւացնել, ապա այդ 4%-ը պետք է ի սկզբանե փոխանցի բանկերին: Առաջադրված պայմանը, որ վարկի մարման ընթացքում գրաֆիկի խախտում թույլ տված վարկառուի վարկը չի սուբսիդավորվելու, դժգոհություն էր առաջացրել համայնքապետերի շրջանում: Վերջիններս նշում էին, որ իրենք եւս կողմ են պարտաճանաչ կերպով վարկի մարմանը, բայց հնարավոր է, որ գյուղացին մեկ օր գրաֆիկի խախտում թույլ տա' ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ու արդարացի չէ, որ այդ պատճառով զրկվի պետության ընձեռած հնարավորությունից:
«Եթե պետությունը տալիս է այդ գումարը, ինչի՞ մասին է խոսքը: Թող գյուղացին էականորեն զգա տարբերությունը: Այսինքն' ինքն իրա գրաֆիկի մեջ տեսնի, որ պետք է մուծեր էսքան տոկոս, ու տեսներ, որ այ էսքան մասը պետությունն իրա փոխարեն արել է, որ ինքը զգա այդ տարբերությունը: Ես չգիտեմ, թե այս ձեւն ինչու է ընտրվել' բանկե՞րն են ձեւափոխել, թե՞ Կառավարությունն է նման հրահանգ տվել, սա մեր համար անհայտ է: Մենք, այս ծրագրի հետ կապված, ենթադրում էինք, որ մեր ասածի նման պետք է լիներ, բայց բանկն ասում է' չէ, 2 տարի փակելուց, էն էլ' բարեխիղճ փակելուց հետո, գրաֆիկի խախտում չլինելու դեպքում նոր էդ 4%-ը կտա էդ մարդուն: Հենց սա է, որ կասկածի տեղիք է տալիս' արդյո՞ք այդ մարդու վարկն, ի վերջո, կսուբսիդավորվի»,- կասկած է հայտնում Մեղրաշենի համայնքապետը:
Բանկերի կառվարիչների հետ հանդիպման եկած համայնքապետերի համոզմամբ' գյուղացին այսօր այնքան եկամուտ չունի գյուղատնտեսությունից: Ընդհանրապես, գյուղարտադրության մեջ շահույթը քիչ է: «Խոսվում է բարեփոխումների մասին, սակայն դրանք այնպես չեն արվում, որ երեւա, զգալի լինի, որ էսքան խնդիրներից, անկումներից հետո գյուղացին դա անմիջապես զգա իր մաշկի վրա, ոգեւորվի, հասկանա, որ պետության մտահոգությունը ձեւական չէ: Իհարկե, 24%-ի, 30%-ի դիմաց 14% վարկավորումը, կարելի է ասել, երկնային մանանա է էս երկրում, բայց... էստեղ մի բայց կա. եթե ուզում են, իրոք, շատ լավ բան անել, ուրեմն թող խոստացած 4%-ը զիջեն հենց սկզբից, գյուղացուն ձեռք մեկնեն հենց սկզբից,- ասում է Հունան Պետրոսյանը,- եւ հետո, տարին մեկ օրենքներ են փոխվում, Կառավարության որոշումներ, առաջիկա տարիներն էլ ընտրական են, չես իմանա, թե ինչ կլինի»:
Հունան Պետրոսյանը ղեկավարում է նաեւ Շիրակի մարզի ֆերմերների ասոցիացիան: Իր իսկ խոսքերով' «մշտապես կան այս խոհանոցում, մշտապես եփվում են այս ամենի մեջ' բանկեր, վարկեր, տոկոսներ...»: Կառավարության այս ծրագիրը համարում է ողջունելի քայլ, բայց կարծում է, որ սա էլ գյուղատնտեությունը վատ վիճակից չի հանի: Հունան Պետրոսյանի համոզմամբ' գյուղացիական տնտեսություններին պետք է անտոկոս փոխառություններ տան: «Գումարներ պետք է տան երկարաժամկետ, միայն էս տարբերակով գյուղացին, այսինքն' ընդհանրապես ՀՀ գյուղատնտեսությունը դուրս կգա ճգնաժամից,- իր վերլուծությունն է ներկայացնում փորձառու գյուղատնտեսը,- բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է: Այսինքն' տարի է լինում, որ գյուղացին ընդհանրապես եկամուտ չի ունենում, իսկ, ասենք, միջին եկամտի դեպքում էլ 20%-ը չի գերազանցում: Հիմա ինչի՞ համար է մեր գյուղատնտեսությունն էս վիճակին հասել, որովհետեւ կան բանկեր, որ հենց մեր հանդիպման ժամանակ հպարտանում էին, թե 15 տարի է էս շուկայում են, գյուղատնտեսությանը վարկավորել են: Արդյունքում իրենց պորտֆելներն են բավականին մեծացել, մեծ կապիտալ, մեծ գումարներ ունեն, գյուղատնտեսությունն էլ քայքայվել է: Այսինքն' գյուղացուն տարիներ շարունակ 24 տոկոսով վարկ է տվել Գյուղփոխօգնության բանկը' քայքայելով էդ նույն գյուղացուն: Ցանկացած գյուղատնտեսական բիզնեսում էդքան տոկոս շահույթ չկա: Լավագույն դեպքում, եթե այդքան շահույթ էլ եղել է, տվել է բանկերին: Դրա համար էլ էսօր պարզ տեսնում ենք, թե գյուղատնտեսությունը մեր երկրում ինչ վիճակում է»:
Հունան Պետրոսյանին զարմացնում է նաեւ Կառավարության լավատեսությունը գյուղմթերքների էժանացման վերաբերյալ ու այդ կապակցությամբ արվող հայտարարությունները: «Միշտ ինձ զարմացնում է, թե ինչի հիման վրա են էսքան պլանավորում, էսքան ծրագրավորում, որ գյուղմթերքները պիտի էժանանան: Էսօր արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, ու ոչ մի նախադրյալ չկա առաջիկայում գյուղմթերքների էժանության, որովհետեւ այն նյութերը, որ ծախսվում են գյուղատնտեսության մեջ, այսօր լրիվ թանկացել են»,- ասում է Հունան Պետրոսյանը:
Մեղրաշենի համայնքապետը ներկայացնում է դիզվառելիքի, պարարտանյութի գները' նշելով, որ նման ֆանտաստիկ գներ ոչ մի տարի չեն եղել: «Օրինակ' դիզվառելիքն արդեն ելել է 8,500 դրամ 20 լիտրը, ազոտական պարարտանյութը 7,300-ից 7,500 դրամ է, իսկ նախկինում դրանք ավելի էժան են եղել: Տնկանյութերի, սերմանյութերի արժեքը նույնպես բարձրացել է, թունաքիմիկատների հետ կապված' Կառավարությունը ազատել է ավելացված արժեքի հարկից, բայց մեկ է, քիչ տոկոսով թունաքիմիկատներն էլ են թանկացել: Այսինքն' էն ամենը, ինչը որ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, ավելի թանկացել է, հատկապես դիզվառելիքը' դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ եթե տարին էլ մի քիչ բարենպաստ չեղավ, էլ մենք որտեղի՞ց ենք ունենալու էժան գյուղմթերքներ: Էս է խնդիրը, տեսնենք, թե աշնանն ինչ կլինի: Եթե տարին բարենպաստ լինի, թերեւս որոշ էժանացումից հնարավոր կլինի խոսել»:
Համայնքապետերին մտահոգում է նաեւ այն, որ բարձրաձայնելով ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման մասին' պետությունը չփորձի դա շահարկելով կամ այլ լծակներ օգտագործելով արհեստականորեն տանել գյուղմթերքների էժանացման, քանի որ դա կրկին լինելու է գյուղացու հաշվին: «Ի վերջո, գյուղացին շատ ավելի շատ է ծախսում, ու արհեստականորեն գներ գցելով' խփում են նույն այդ գյուղացուն: Գյուղմթերքի էժանացումը պիտի լինի բնականոն երեւույթ, ոչ թե արհեստականորեն ստեղծված: Եթե արհեստական եղավ, արտադրությունը միանգամից կկանգնի: Իհարկե, ես դեմ եմ, որ գյուղմթերքը պետք է ունենա շատ բարձր արժեք, սրան էլ եմ դեմ: Դրա համար էլ ասում եմ, որ գյուղացուն պետությունը պետք է վարկեր տա ոչ թե բարձր կամ ցածր տոկոսներով, այլ զրո տոկոսով, ու լինի խիստ վերահսկողություն, որ այն օգտագործվի նպատակային,- ասում է Հունան Պետրոսյանը,- բանկերն ինչ-որ տեղ անում են այդ վերահսկողությունը, բայց հիմա իրանց շուկա է պետք: Իրանք գիտեն, որ եթե խիստ հսկողություն սահմանեն, շուկան կնեղանա: Իսկ իրանց շուկա է պետք: Թե չէ' էնտեղ գյուղացին արտագնա աշխատանքի կգնա, փողը կուղարկի, վարկը կփակվի, կամ մեկ ուրիշից կվերցնի այդ փողն ու կընկնի տոկոսի տակ, իրա համար տարբերություն չկա, բանկն իրա փողի տերն է: Բանկը չի աշխատում, որ գյուղատնտեսությունը զարգանա, բանկն իրա պորտֆելի մեծացման տերն է»:
Հունան Պետրոսյանն առաջարկում է կիրառել աշխարհի առաջավոր երկրների փորձը, որտեղ միշտ էլ Կառավարությունն է միջամտել գյուղատնտեսության զարգացմանը: Այսօր իրենք տեսնում են, որ հայրենի Կառավարությունը փորձում է ինչ-որ քայլեր անել այս ուղղությամբ, բայց դրանք մի տեսակ տարերային են: «Ինձ մի բան էլ է մտահոգում. չլինի այնպես, որ այս ցածր տոկոսադրույքով վարկերն էլ մարդիկ վերցնեն, օգտագործեն ոչ նպատակային, ու կրկին տուժի գյուղատնտեսությունը: Պիտի գյուղացուն ոչ թե ասեն' այ, տես, եթե մի օր գրաֆիկ խախտես, չենք սուբսիդավորի, այլ հսկողություն սահմանեն, վստահ լինեն, որ վերցրած գումարը գյուղացին կօգտագործի գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով»,- զրույցը եզրափակեց Հունան Պետրոսյանը:
Հ.Գ. Համայնքապետերին մտահոգող մեկ խնդրի կապակցությամբ «Հետքը» հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: «Ո՞ւմ որոշումն է' Կառավարությա՞ն, թե՞ բանկերի, որ 4% սուբսիդավորումը պետք է իրականացվի վարկը մարելուց 2 տարի անց» հարցին պարոն Կարապետյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Այդպիսի բան չկա: Ի՞նչ 2 տարվա մասին է խոսքը: Առաջին 6 ամիսը գյուղացին որեւէ տեսակի մուծում չի կատարում, իսկ 7-րդ ամսից, երբ կսկսի մարումներ կատարել, հենց այդ ժամանակ մի քանի օրվա ընթացքում այդ 4%-ի տարբերությունը իր հաշվին կնստի, ոչ թե 2 տարի հետո պետք է տանք այդ գումարը: Գյուղացին այն պետք է անմիջապես ստանա, ո՞վ է ասել, որ հետագայում է դա փոխհատուցվելու, այդպիսի բան չկա»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել