HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան․ «Պետպատվերի կնքման տրամաբանությունը փոխելու ենք»

2019 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին ուղղվելու է 86,8 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 8,1 միլիարդ դրամով։

Այս մասին ԱԺ սոցիալական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձավ պետպատվերի բաշխման խնդրին։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց փոփոխությունները, որոնք ներդրվելու են համակարգում։

«Պետպատվերի պայմանագրերը բժշկական հաստատությունների հետ տարվա սկզբում են կնքվում, հիմնական սկզբունքը, որ մինչև հիմա գործել է, նախորդ տարվա եղած գումարներն են, սակայն կնքման տրամաբանությունը փոխելու ենք։ Կապելու ենք որոշ ծառայությունների գծով գումարների չափը նմանատիպ ծառայությունների գծով վճարովի ծառայությունների հետ, որովհետև վճարովի ծառայությունների թիվը ցուցիչ է այս կամ այն բժշկական կենտրոնի արդյունավետության և որակի, և չի ստացվելու այնպես, որ բժշկական հաստատությունները պետական միջոցներից օգտվելու հարցում անհավասար պայմաններ են ունենալու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ չբացառելով, որ պայմանագրերը կնքվեն ավելի քիչ ժամանակով, քան մեկ տարին է։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պետպատվերի բաշխման ժամանակ կիրառվելու է սպասարկվող բնակչության թվի սկզբունքը․ բուժհաստատությանը տրվող պետպատվերի քանակը կապվելու է բնակչության թվի հետ։

«Ավելին ասեմ՝ այս տարի վերաբաշխումների ժամանակ այդ սկզբունքն արդեն կիրառել ենք, հիմնականում վերաբաշխում ենք արել Երևանից դեպի մարզեր, ինչը թույլ է տալիս մարզերի բնակիչներին սպասարկել հենց տեղում։ Իսկ ընդհանրապես ֆինանսական մեխանիզմը վերջնականապես կփոխվի․ պետությունը նախապես չի տա որևէ գումար որևէ բուժհաստատության, երբ կներդրվի ապահովագրական համակարգը»,- ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ամբողջ աշխարհում է այնպես, որ բժշկական համակարգը շահագրգռված է ունենալ ավելի շատ հիվանդ բնակիչներ, քան առողջ, պետության խնդիրն էլ հակառակն է՝ ավելի շատ առողջ բնակիչ ունենալ, «ինչը հենց արտացոլված է մեր բյուջեում՝ առողջության առաջնային պահպանմանը տրամադրվող ֆինանսների էական աննախադեպ աճով. միայն ավել տրվող փողեր չեն լինելու, այլ լինելու է դրա տակ դրված ցուցանիշների կատարում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter