
Արսեն Թորոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում
Առողջապահության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում։ Ներկայացնելու ենք մեր մոտեցումները, աշխատանքը, պլանները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ թիվ 4-ն այն ընտրատարածքն է, որտեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը և ստացել 11513 քվե։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար: «Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է պաշտոնավարում ԱԺ-ում, ով՝ կառավարությունում»,- ասաց նա։
Հարցին՝ հակված է ավելի շատ աշխատել օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիրում, Արսեն Թորոսյանը հստակեցրեց՝ պատրաստ է շարունակել աշխատել որպես առողջապահության նախարար։
Հարցին՝ բացառվելո՞ւ է արդյոք հիվանդանոցների անձնակազմերի աջակցությունը ընտրությունների ժամանակ, Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը տեղ չունի որևէ ընտրության ժամանակ։
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին տեղեկություններին, Արսեն Թորոսյանը հիշեցրեց՝ շարունակում է պաշտոնավարել․ «Նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի»։
Մեկնաբանել