Գիտական խոսքի տաբու
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը խիստ մտահոգված է ներկայումս Հայաստանի ակադեմիական գործընթացներում ձևավորված գիտական խոսքի ազատությունը ճնշելու գործելաոճով, ինչը հանգեցնում է գիտական մտքի զարգացման արգելափակման և կարծրատիպացման:
Ասվածի վառ օրինակ ենք դիտարկում Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դոկտորանտ Գոռ Հովհաննիսյանի հոդվածի տպագրման մերժումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:
Հոդվածը վերաբերում է հայկական իրավունքին անծանոթ մի իրավական խնդրի՝ հիմնական իրավունքների երրորդային գործողությանը, այն է՝ մասնավոր անձանց միջև հիմնական իրավունքների գործողության հարցին: Այն բավարարում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կայքում տեղ գտած՝ հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջներին:
Հոդվածի տպագրման պահանջներից է նաև հոդվածի վերաբերյալ կարծիքի ներկայացումը առնվազն իրավական գիտությունների թեկնածուի կողմից: Հոդվածի վերաբերյալ կարծիք է ներկայացրել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոնի իրավական գիտությունների թեկնածու Լ. Հակոբյանը:
Կարծիքում, մասնավորապես, ասված է. «Հեղինակն առաջարկում է բավական համարձակ մեկնաբանություններ՝ ներկայացնելով նաև դրանք հիմնավորող փաստարկները: Սակայն մեր կարծիքով հոդվածում մեծ ուշադրություն է դարձված ՀՀ սահմանադրական դատարանի իրավական պրակտիկային, և հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները, ըստ էության, ձևավորված են ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումների շուրջ, իսկ ավելի հստակ՝ վերջիններիս դեմ…
Այս հանգամանքները հաշվի առնելով գտնում ենք, որ հոդվածի վերնագիրը և բովանդակությունը համահունչ չեն: Առաջարկում ենք հստակեցնել հոդվածի բովանդակությունը կամ այլ կերպ այն վերնագրել»:
Դրան հետևել է Գոռ Հովհաննիսյանի կողմից հոդվածի վերնագրի փոփոխությունը: Այնուամենայնիվ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը դարձյալ մերժել է հոդվածի տպագրումը՝ պահանջելով բովանդակային փոփոխություններ:
Արձանագրում ենք, որ «Հանրային կառավարում» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմում են իրավական գիտությունների դոկտորներ՝
- Գագիկ Հարությունյան, Ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ՍԴ-ի նախագահ,
- Վահե Ստեփանյան, Ի.գ.դ., պրոֆ, Հայկական պետական մանկավարժական համալսարան,
- Աշոտ Խաչատրյան, Ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ՍԴ-ի անդամ,
- Արմեն Հարությունյան, Ի.գ.դ., պրոֆ., Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ, Բիշկեկ, Ղրղըզստան,
Հիշեցնում ենք, որ նշված խնդրի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումները. «Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաեւ հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ եւ ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկահոդվածի իմաստով» և «Հասարակական եւ քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում:
Ի տարբերություն վերջինների` հասարակական եւ քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում:
Դա բխում է նաեւ ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաեւ հանրային ծառայության միջոցով, եւ այդ ծառայությունը կրող անձանց հանրային եւ մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ» (ՍԴՈ-997):
Վերոգրյալի լույսի ներքո մեզ համար հարցական է, թե որքանով է մեր իրականության պայմաններում նման կազմով խորհուրդն ի վիճակի դրսևորել օբյեկտիվ և անկողմնակալ մոտեցում իրենց գործունեության արդյունքներին ուղղված քննադատության ու նորարարական, այլընտրանքային, առաջադիմական թեզերի տարածման հարցում:
Հ.Գ. Պատկերն էլ ավելի տխուր է այն տեղեկատվության համատեքստում, որ 2012թ. Հայաստանը երեք տարով ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը՝ դառնալով եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կենտրոն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել