
2019-ին նախատեսվում է բարձրացնել ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմի աշխատավարձը
2019 թվականի բյուջեով նախատեսվում է Հայաստանի բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների անձնակազմի աշխատավարձը բարձրացնել։
Այս մասին բյուջետային քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հարցին։
Պատգամավորը հիշեցրեց, որ նախատեսվում է բժշկի հաշվարկային միջին ամսական աշխատավարձը գործող 178 հազարի փոխարեն սահմանել 240 հազար դրամ, բուժքրոջ աշխատավարձը՝ 80 հազարի փոխարեն սահմանել 120 հազար դրամ, կրտսեր բուժաշխատակազմի համար սահմանել 100 հազար դրամ աշխատավարձ և հետաքրքրվեց, թե բարձրացումը խնայողությունների հաշվի՞ն է լինելու, թե՞ բյուջետային հատկացում է լինելու առանձին տողով։
«Խոսքը առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձին է վերաբերվում, որի բյուջեն ավելացնում ենք, էս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք»,- ասաց Թորոսյանը, ապա անդրադառնալով Լենա Նազարյանի բարձրաձայնած թվերին՝ ասաց․
«Դրանք դրույքաչափերն են, որ դուք նշեցիք, իրականում բժիշկները դրանից տարբերվող աշխատավարձ են ստանում, կարող են բժիշկներ լինել, որ դրանից բարձր կստանան և հակառակը»։
Պատգամավորն անդրադարձավ նաև նախարարի՝ ծխելու դեմ պայքարի նախագծին՝ հետաքրքրվելով, թե հայտարարված 100 միլիոն դրամն ինչպես է կիրառվելու։
Թորոսյանն արձագանքեց՝ գումարը հիմնականում ուղղվելու է հանրային իրազեկման միջոցառումներին։
«Այն իրականացվելու է մրցույթների միջոցով և նպաստելու է մեր ընդհանուր քաղաքականության հանրային աջակցմանը, երբ հանրության մոտ կարծիք կփոխենք տարբեր վնասակար սովորույթների նկատմամբ՝ ծխել, խմել, սննդի վատ օգտագործում, շրջակա միջավայրի աղտոտում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ծխախոտի սահմանափակումների մասին օրենքին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այն հիմա շրջանառության մեջ է դրվել կառավարությունում, ըստ դրա՝ ավելացվելու է այն տեղերի ցանկը, որտեղ ծխելը թույլատրված չէ։
«Վստահ չեմ՝ այս ԱԺ-ին կհասցնենք ներկայացնել, թե ոչ, եթե չհասցնենք, այն կլինի մյուս խորհրդարանում»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը։
Մեկնաբանել