
Գարիկ Սարգսյանն առաջադրվելու է Արարատի մարզում
Արարատի մարզպետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Արարատի մարզում։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ Արարատի մարզում ամուր դիրքեր ունեն Արայիկ և Արամայիս Գրիգորյանները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,ինչպե՞ս է պատրաստվում պայքարել նրանց դեմ, Սարգսյանն արձագանքեց․
«Ոչինչ մեզ չի խանգարելու, չի կաշկանդելու ոչ մեկի ռեյտինգը: Ասեմ ավելին, այս ընտրությունները ցույց կտան թե ով ինչ ռեյտինգ ունի»։
Հարցին` ինչ ակնկալիքներ ունի ընտրությունների հետ կապված, Գարիկ Սարգսյանն արձագանքեց․
«Տոկոսների անալիզ չեմ արել, ակնկալիքներ չունեմ, թող լինեն ազատ-արդար ընտրություններ, ժողովրդի կամքն արտահայտվի քվեախցիկում, մենք էլ հաշվի կնստենք ընտրությունների արդյունքների հետ»:
Սարգսյանը չի ուզում խոսել նաև իր վարկանիշի մասին․
«Գնահատականը կտա ժողովուրդը: Թող լինեն ընտրություններ, բոլորին պարզ կլինի, թե ով ինչ ռեյտինգ ուներ`թե դաշինքի մասով, թե առանձին ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների մասով»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ապօրինի ջրագծերին և ստվերային այգիներին, Սարգսյանն ասաց․
«Պարզ էր, բոլորը տեսնում էին այդ այգիները, բոլորը դրա մասին գիտեին, խոսում էին, մնում էր միայն փաստաթղթավորել այդ ամենը, խախտումը հայտնաբերել, լուսաբանել և վերջակետ դնել»։
Բացահայտման գործում ներգրավված են եղել Արարատի մարզպետարանի, Արտաշատ ՋՕԸ-ի աշխատակիցները և Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները:
«Մխչյան պոմպակայանից ջուրը, որը երեք խողովակներով մղվում է վեր, այդ խողովակներին միացել էին տարբեր ուրիշ մանր խողովակներով և ջուրը մղում էին, այսպես ասած, ստվերային այգիները ոռոգելու համար»,-ասաց Գարիկ Սարգսյանը։
Հարցին, այլ պաշտոնյաների վերաբերյալ հնարավո՞ր է նման բացահայտումներ ևս լինեն, Սարգսյանն արձագանքեց.
«Ոչինչ բացառել չի կարելի։ Այժմ ստուգումներ են իրականացվում նաև գյուղական համայնքներում»։
Մեկնաբանել