HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը պակասել է

Այս տարվա օգոստոսին արտերկրից Հայաստան հոսող տրանսֆերտները նվազել են։ Անկումը շարունակվել է նաև սեպտեմբերին։ Փոխարենն ավելացել են Հայաստանից դուրս եկող գումարները։

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալների՝ օգոստոսին արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները (բանկերի միջոցով) կազմել են շուրջ 160.5 մլն դոլար, որը 2017թ. օգոստոսի ցուցանիշի համեմատ նվազել է 14 մլն դոլարով կամ 8%-ով։ Իսկ սեպտեմբերին դրամական փոխանցումները կազմել են 151.7 մլն դոլար, անկումը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 8.7 մլն դոլար կամ 5.4%:

Հոկտեմբերի ցուցանիշները Կենտրոնական բանկը դեռևս չի հրապարակել։

Արտերկրից կատավող դրամական փոխանցումները կարևոր գործոն են Հայաստանի համար։ Դրանք լրացուցիչ թթվածին են տալիս տնտեսությանը։ Տարբեր տարիների այդ գումարները տարեկան կտրվածքով գերազանցել են 2 մլրդ դոլարը։ Երբեմն էլ շեշտակի անկում են ապրել, ինչպես եղավ 2015 թվականին ու բացասական ազդեցություն ունեցավ մեր տնտեսության համար։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է, քանի որ հայաստանցիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց Ռուսաստան։ Երբ այդ երկրում տնտեսական վիճակը վատանում է, դա բացասաբար է ազդում նաև արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների եկամուտների ու ուղարկած գումարների վրա՝ փողերի ֆիզիկական ծավալների կրճատման ու ռուբլու արժեզրկման հետևանքով։

Ռուսաստանի տնտեսության համար գլխավոր մարտահրավեր են ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք ազդում են առաջին հերթին ֆինանսական շուկաների ու ռուսական ռուբլու վրա։ Մի քանի ամիս տևած կայունությունից հետո այս տարվա ապրիլից ԱՄՆ-ի սահմանած հերթական պատժամիջոցներից հետո ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Ինչպես նշեցինք, շղթայաբար, դա բացասական ազդեցություն է թողնում նաև Հայաստանի տնտեսության համար, և դա առաջինն արտացոլվում է դրամական փոխանցումների վիճակագրության մեջ։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ օգոստոս-սեպտեմբերին կրճատվել է հենց Ռուսաստանից հոսող գումարների ծավալը։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ազդեցությունն ինչ-որ չափով արդեն տեղ է հասել։

Այսպես, եթե 2017թ. օգոստոսին միայն Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են շուրջ 119 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին՝ 102.2 մլն դոլար (նվազել է 16.7 մլն դոլարով), իսկ սեպտեմբերին՝ 94.6 մլն դոլար նախորդ տարվա 102.8 մլն դոլարի դիմաց (նվազումը՝ 8.1 մլն դոլար)։ Այսպիսով, դրամական փոխանցումների նվազումը պայմանավորված է Ռուսաստանի գործոնով։ Ռուսաստանում առկա տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ պետք չէ բացառել, որ առաջիկայում ևս դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի։

Նշենք, որ Հայաստան գումար են ուղարկվում նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից և այլ երկրներից, սակայն տրանսֆերտների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Այս տարվա առաջին չորս ամիսներին տրանսֆերտները շարունակաբար աճել են նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։ Հետո՝ մայիս ամսին, անկում է գրանցվել։ Սակայն այդ ամսվա անկումը որևէ կերպ պայմանավորված չէր Ռուսաստանի տնտեսական վիճակով. թեև դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը նվազել էր, սակայն  երբ դիտարկում էինք միայն Ռուսաստանից ստացվող գումարների ցուցանիշը, ապա աճ էր արձանագրվել։ Այս տարվա մայիսին գրանցված անկումն այլ բացատրություն ուներ. 2017 թվականի մայիսին տրանսֆերտների ներհոսքի շեշտակի աճ գրանցվեց, որի պատճառներն, ի դեպ, այդպես էլ մինչև վերջ չբացահայտվեցին։ Եվ երբ այս տարվա մայիսի ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարվա կտրուկ աճած ցուցանիշի հետ, տեսնում ենք, որ անկում է գրանցվել։

Ավելի վաղ, Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 3-րդ եռամսյակ, 2018» զեկույցում նշված էր, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2018թ. երկրորդ եռամսյակում եղել են կանխատեսվածի շրջանակներում. «Այնուամենայնիվ, հետագա եռամսյակներում վերջինիս աճի տեմպերը նվազեցվել են նախորդ կանխատեսման համեմատ՝ հիմնականում պայմանավորված ռուբլու ավելի արժեզրկված մակարդակով»։

Փողի արտահոսքը շարունակում է աճել

Հակառակ դրամական փոխանցումների ներհոսքի՝ շարունակում է աճել արտահոսքը՝ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումները։ Այսպես, ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստանից արտերկիր է փոխանցվել շուրջ 96.6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամսվա 75.4 մլն դոլարի դիմաց (աճը՝ 21.1 մլն դոլար կամ 28%)։ Իսկ Հայաստանից արտերկիր սեպտեմբերին դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 99 մլն դոլար՝ նախորդ տարվա 89.6 մլն դոլարի դիմաց (աճը՝ 9.4 մլն դոլար կամ 10.5%)։

Ռուսաստանի պարագայում արտահոսքի թվերը ևս հետաքրքրական։ Հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարների կրճատվելուն զուգահեռ ավելացել են Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարները։ Եթե նախորդ տարվա օգոստոսին Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները կազմել են շուրջ 25 մլն դոլար, ապա՝ այս տարվա օգոստոսին՝ 40.6 մլն դոլար։ Իսկ սեպտեմբեր ամսվա պատկերը հետևյան է՝ 2017-ին այն կազմել է 33.6 մլն դոլար, այս տարի՝ 48.7 մլն դոլար։

Նշենք, որ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալն աճել է ինչպես ամբողջ 2017 թվականին, այնպես էլ՝ այս տարվա առաջին 9 ամիսներին։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումները կազմել են 829.6 մլն դոլար՝ 157.9 մլն դոլարով  կամ 23.5%-ով ավելին, քան 2017-ի նույն ժամանակահատվածում։ Հայաստանից գումարներ են ուղարկվում ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, ԱՄԷ, Իսպանիա, Ֆրանսիա և այլն։

Իսկ արտերկրից Հայաստան բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են շուրջ 1.28 մլրդ դոլար, որը 44.4 մլն դոլարով կամ 3.6%-ով գերազանցում է 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը,9 ամիսների ընթացքում կազմել է 449.5 մլն դոլար։ 2017-ի համեմատ այս ցուցանիշը նվազել է 113.5 մլն դոլարով կամ 20.1%-ով։ Ի դեպ, որոշ տնտեսագետներ կարծում են, որ դրամական փոխանցումների վիճակագրությունը դիտարկելիս պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել հենց այս վերջին ցուցանիշին՝ զուտ ներհոսքին, քանի որ դա ցույց է տալիս, թե որքան գումար է մնացել երկրում դրամական փոխանցումների արդյունքում։  Իսկ թվերը վկայում են, որ այդ գումարներն այս տարի կրճատվել են

Լուսանկարը՝ vedomosti.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter