HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քասախ համայնքում օրինախախտումներ են արձանագրվել. Կոտայքի մարզպետը նյութերն ուղարկել է դատախազին

Կոտայքի մարզպետարանը Քասախ համայնքում իրականացրած վարչական հսկողության ժամանակ բազմաթիվ խախտումներ է արձանագրել, որոնք քննելու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոկտեմբերի 2-ին հաղորդում է ուղարկել Կոտայքի մարզի դատախազին:

Իրավախախտումները վերաբերում են համայնքային գույքը չհաշվառելուն՝ տարեկան գույքագրման փաստաթղթերից դուրս է թողնվել մեծ ծավալի գույք, համայնքային աշխատողներին անթույլատրելի չափերով հավելավճարներ տալուն, գնումների ընթացակարգը միտումնավոր խախտելուն, տեղական տուրքերը թերի հավաքագրելուն եւ այլն: Խախտումների վերաբերյալ հանձնաժողովի օգոստոսի 27-ին կազմած արձանագրությունը ստորագրել է նաեւ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը:

Վարչական հսկողություն իրականացրած հանձնաժողովն արձանագրել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը համայնքի սեփականության գույքագրում է կատարել, սակայն գույքագրման փաստաթղթերն ավագանին չի հաստատել։ 2016 թ.-ի դեկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարը հաստատել է համայնքի հիմնական միջոցների հաշվեկշիռը, որում ներառվել է 34 հիմնական միջոցների անվանում՝ 1 մլն 333,769,8 հազար դրամ արժեքով։ 2017 թ.-ի գույքագրման ցուցակում ներառվել է թվով 26 հիմնական միջոցների անվանում՝ 1,871,673,6 հազար դրամ արժեքով։

 

«Քասախ» անվանումով 60 հատ նստարան 9 մլն 893,4 հազար դրամ արժեքով,  մինչեւ 2017 թ.-ի գույքագրումը որպես հիմնական միջոց ընդգրկվել է համայնքի հաշվեկշռում, սակայն 2017 թ. գույքագրման արդյունքներով հանվել է համայնքի հաշվեկշռից։ Ստուգման ժամանակահատվածում համայնքում նստարանները տեղում են եղել, բայց համապատասխան փաստաթղթավորումը բացակայել է։ 2017 թ.-ի գույքի հաշվառումից հանվել է նաեւ 40 աղբարկղ, որը մինչեւ 2017 թ.-ի գույքագրումն ընդգրկված է եղել համայնքի հաշվեկշռում։ Հանձնաժողովը հայտնաբերել է, որ բազմաբանակարան շենքը (նախկին մանկապարտեզը) ամեն տարի գույքագրվել է, սակայն 2017 թ.-ից հանվել է համայնքի հաշվեկշռից։ Պարզվել է նաեւ, որ բազմաբանակարան շենքը 2014 թ.-ի սեփականության իրավունքի վկայականով ներկայացված է կիսանկուղ:

Հաշվապահական հաշվառման տվյալներով 9,652,1 հազար դրամ արժեքով «Մարզադպրոց»-ը մինչեւ 2017 թ.-ը չի ընդգրկվել համայնքային գույքի հաշվեկշռում։ Հանձնաժողովին պարզաբանել են, որ սեփականության վկայականը տրամադրվել է 2008 թ.-ին եւ այն համայնքին է պատկանում։

Տպավորությունն այնպիսին է, որ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը միանձնյա ղեկավարում է իրականացնում եւ ավագանին որեւէ դերակատարում չունի համայնքում: Նա, առանց ավագանու համաձայնության, «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի եւ «Կոմունալ բարեկարգման եւ սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Արձանագրության մեջ ասվում է, որ նրանց կրթական ցենզը չի համապատասխանել նշված պաշտոնների համար ներկայացվող պահանջներին։

Ավելին, ավագանու կազմի եւ նիստերի հաճախելիության օրինականությունն ստուգելիս պարզվել է, որ ավագանին օրինականության սահմաններում չի գործում:

Ավագանու 11 անդամներից 3-ը՝ Սեդրակ Հովհաննիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Գրետա Մկրտչյանը, աշխատում են համայնքային ենթակայության «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա» հիմնարկում՝ տարբեր պաշտոններում: Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ` զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ համայնքային ենթակայության կազմակերպություններում (ՏԻՄ օրենքի 19 հոդվածի 1-ին մաս, 1-ին կետ)։

Ավագանու նիստերի քվորումը եւ որոշումների ընդունումը ապահովել են այս երեք անձինք, որովհետեւ պարզվել է, որ ավագանու անդամներից  5-ը 2016 թ․-ից սկսած բացակայել են նիստերից, սակայն համայնքի ղեկավարը նրանց նկատմամբ որեւէ գործողություն չի իրականացրել: Համաձայն ՏԻՄ օրենքի 22 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից։

Ավագանու ընդունած նորմատիվ որոշումները չեն ուղարկվել արդարադատության նախարարություն՝ փորձաքննության եւ չեն հրապարակվել։ Հետեւաբար, այդ որոշումներն օրինական ուժ չունեն։

Ավագանու 04.12.2017 թ.-ի թիվ 62 որոշումով համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրուքաչափերի նկատմամբ հավելումներ եւ հավելավճարներ են սահմանվել։ Հավելավճար սահմանվել է նաեւ համայնքային ծառայության բնագավառում երկարամյա (առնվազն 5 տարի) աշխատանքային ստաժի համար, որտեղ կիրառել են գործակիցներ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, բայց նշված չէ բազային պաշտոնային դրույքաչափը։ Արդյունքում, 5 համայնքային ծառայողներ իրենց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 55-110% հավելավճար են ստացել։ Նման ձեւով հավելավճարներ տրվել են նաեւ նախորդ տարիներին։ Մինչդեռ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30%-ը։

Կրթության ոլորտում համայնքապետարանի աշխատանքը գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ մանկապարտեզը, որտեղ հաճախում է 3-6 տարեկան 138 երեխա, անմխիթար վիճակում է: Շենքը եւ խաղահրապարակը նորոգման, բարեկարգման եւ կահավորման կարիք ունեն։ Մինչդեռ, իր այս պարտադիր լիազորությունը մի կողմ թողած, համայնքի ղեկավարը գումարները ծախսել է այլ ուղղությամբ: Մարզպետարանի հանձնաժողովն, ըստ ամենայնի, կասկածելի է համարել ծախսված գումարների նպատակահարմարությունն ու օրինականությունը:

Արձանագրվել է, որ 2016 թ.-ի մարտի 8-ի միջոցառման համար համայնքային բյուջեից ա/ձ Ծաղիկ Խաչատրյանին փոխանցվել է 461 500 դրամ, հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման համար 224 000 դրամ է փոխանցվել, ա/ձ Արսեն Ղարիբյանին փոխանցվել է 718 800 դրամ, ա/ձ Ծաղիկ Խաչատրյանին՝ 82,800 դրամ։ Նոր տարվա կապակցությամբ «Ջավա գրուպ» ՍՊԸ-ից 100 000 դրամի տոպրակ են ձեռք բերել եւ այլն։

2017 թ.-ի մարտի 8-ի միջոցառման համար ա/ձ Ծաղիկ Խաչատրյանին փոխանցվել է 394 000 դրամ, հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման համար 323 000 դրամ, համայնքի հրապարակը Նոր տարվա կապակցությամբ լուսավորելու եւ զարդարելու համար՝ ա/ձ Դավիթ Ասատրյանին փոխանցվել է 800 000 դրամ, 967 500 դրամի տոնածառի խաղալիք են գնել «Դերոնց Բաղ» ՍՊԸ-ից եւ այլն։

Համայնքի ղեկավարը չնախատեսված վայրերում աղբաթափումը չի կանխել։ 2017 թ.-ին համայնքի աղբավայրի վերածված տարածքի հարթեցման եւ աղբի տեղափոխման աշխատանքներ իրականացնելու համար 998,970 դրամի պայմանագիր է կնքել «Նաիրի բերիություն» ՍՊԸ-ի հետ եւ աշխատանքի ավարտ է սահմանել 20.07.2017 թ.-ը։ Սակայն սեպտեմբերի 4-ին նույն ընկերության հետ եւս 500 000 դրամի լրացուցիչ համաձայնագրով պայմանագիր է կնքել։ Քասախի փողոցների փոսալցման աշխատանքներ կատարելու նպատակով 2017 թ․օգոստոսի 3-ին «Շինպլյուս» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագիր է կնքվել գնումների ընթացակարգի խախտումներով եւ փաստաթղթերը կեղծելով: «Շինպլյուս» ՍՊԸ-ին փոխանցվել է 2 մլն 616 000 դրամ՝ աշխատանքի ավարտը սահմանելով 15 աշխատանքային օր, սակայն օգոստոսի 22-ին «Շինպլյուս» ՍՊԸ-ի հետ լրացուցիչ 255 263 դրամի համաձայնագիր է կնքվել։

Քանի որ օրենդրությունը 1 մլն դրամից ավելի գնում կատարելու դեպքում պարտադիր է համարում գնումների ընցակարգը պահպանելը, ամեն ինչ արվել է ցույց տալու համար, որ ձեռք բերվելիք գնումը չի գերազանցում 1 մլն դրամը:

2017 թ.-ին տեղական տուրքերի պակաս գանձումներ են կատարվել՝ հեղուկ վառելիքի վաճառքի համար տրված թույլտվություն՝ 60 հազար դրամի չափով, տեխնիկական հեղուկների վաճառքի համար տրված թույլտվության՝ 115 հազար դրամի չափով: Ոգելից եւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի համար սահմանված տեղական տուրքը 2017 թ.-ին 326 000 դրամով պակաս է գանձվել։ 2018 թ․սկզբից մինչեւ ստուգման օրը նույն տուրքը պակաս է գանձվել մոտ 150 հազար դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter