
Գաբրիել Բալայանը վստահեցնում է՝ հայկական երկու պետություններում ռազմագերի չկա
Հայաստանի և Արցախի հանրապետություններում չկա որևէ ռազմագերի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե Հայաստանը հրաժարվում է ռազմագերիների փոխանակումից։ Բալայանը նաև պնդեց՝ Ադբեջանից նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացել։
«Գերիների փոխանակման առաջարկ նախարարությունը չի ստացել, սովորաբար նման առաջարկներն ընդունված կարգին համաձայն՝ հիմնականում Կարմիր խաչի խողովակներով ենք ստանում, և ընդհանրապես չեմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում ռազմագերիներ գոյություն չունեն․ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում»,- ասաց Գաբրիել Բալայանը։
Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատարի պնդմամբ՝ Հայաստանի ՊՆ-ն բավական բաց է աշխատում, իսկ այդ հայտարարությունն ըստ Բալայանի՝ ուղղված է Ադրբեջանի ներքին շահառուներին։
Մեկնաբանել