HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Դատարանը քննիչին ու դատախազին «ուղարկեց դասերը սովորելու»

8 ամիս քննություն է իրականացվում` առանց տուժողի և մեղադրյալի

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հիմնադրված և Մաշտոցի 33/1 հասցեի 13 հարկանի բազմաբնակարան շենքի ու Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի շինության սեփականատեր «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով 2010թ. հոկտեմբերի 20-ի վճռով սնանկ է ճանաչվել:

Դրանից հետո Էդմոնդ Խուդյանը դիմել է ՊԵԿ-ի նախագահին և փաստեր ներկայացրել, որ մի խումբ անձանց հանցավոր գործողությունների հետևանքով ընկերությունն ավելի քան 100 միլիոն ՀՀ դրամի հարկեր չի վճարել և հետագայում էլ դրանք չվճարելու դիտավորությամբ՝ ընկերությանը տարել են կանխամտածված սնանկության:

Այդ պահին ընկերությունը դեռևս ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլարի գույք ուներ և ընկերությունից շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարի չափով գումարի և գույքի հափշտակում էր տեղի ունեցել, որի վերաբերյալ փաստերը ներկայացվել են:

Ամիսներ շարունակ Խուդյանի դիմումին ընթացք չի տրվել:

2011թ. մարտ ամսին Խուդյանը ժամանել է Հայաստան, ՊԵԿ-ում լրացուցիչ նյութեր ներկայացրել, դրանց կապակցությամբ գրավոր բացատրություններ տվել:

«Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Կ. Խաչատրյանի՝ 2011թ. մայիսի 3-ի որոշմամբ ՀՀ Քր. օր-ի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ սկզբնական շրջանում գործին ընթացք է տրվել:

Էդմոնդ Խուդյանն իր փաստաբանների միջոցով նորանոր բացահայտումներ է կատարել և նյութեր ներկայացրել քննչական մարմնին՝ ակնկալելով, որ քննությունը կիրականացվի քրեական օրենսդրության պահանջներին համապատասխան:

2011թ. ամռանը Խուդյանը դիմել է նախաքննության մարմնին, որպեսզի իրեն տուժող ճանաչեն: Դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը վարույթն իրականացնող քննիչը եւ գործը հսկող դատախազը խոստումներ են տվել, որ գործի քննությունը կիրականացվի օրենքի պահանջներին համապատասխան:

Սակայն Խուդյանի «վստահությունն ու ոգևորությունը» երկու ամիս է տևում: Քրեական գործը հանձնվում է քննիչ Տիգրան Հարությունյանին և, ինչպես քննության հետագա ընթացքից է պարզվում, գործը նրան է հանձնվում ոչ թե քննությունը շարունակելու, այլ դրա ընթացքը «կասեցնելու» նպատակով:

Խուդյանը հիմնավոր կասկածներ ունենալով, որ պատշաճ քննություն չի իրականացվում, իր կողմից ներկայացված դիմումներով ուղակիորեն մատնանշված հանցավոր արարք կատարած անձինք չեն հրավիրվում հարցաքննության, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում, որոշում է դատավարական կարգավիճակ ստանալ և ակտիվ գործողություններով նպաստել քննության պատշաճ իրականացմանը:

Խուդյանն իրեն տուժող ճանաչելու պահանջով դիմում է քննիչին: Սակայն 2011թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ քննիչ Տ. Հարությունյանը պատճառաբանում է, որ դեռևս քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, ուստի՝ տուժող ճանաչելու հարցի քննարկումը հետաձգում է: Ըստ էության, Խուդյանի դիմումը չի բավարարվում, քանի որ Խուդյանը դատավարական կարգավիճակ չի ստանում:

Քննիչի որոշումը բողոքարկվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը քննիչից պահանջում է քրեական գործի նյութերը: Վերևից իջեցված հրահանգով՝ քննիչը արհամարում է դատարանի այդ որոշումը և նյութերը չի ներկայացնում: Դատավորը փորձում է ներկայացված բողոքի շրջանակներում քննիչից պարզել, թե Խուդյանն ինչո՞ւ տուժող չի ճանաչում: Բնականաբար, քննիչը չէր կարող ասել, որ ցուցում է կատարում: Դատավորն էլ իր հերթին, տուրք տալով քրեական գործերով դատական համակարգում անշեղորեն կիրառվող սովորույթին, այն է` չհակադրվելով ամենազոր դատախազության քմահաճույքին, 2011թ. դեկտեմբերի 20-ի որոշմամբ Խուդյանի բողոքը մերժում է: Այդ որոշման դեմ ներկայացվում է վերաքննիչ բողոք:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ,  2012թ. հունվարի 25-ին նշանակված նիստում պետք է ստուգեր առաջին ատյանի դատարանի 2011թ. դեկտեմբերի 20-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը:

Դատական նիստին ներկայացած դատախազն ու քննիչը պատկերացում չունեին  քրեական գործի նախապատմության, ընթացքի, դրան զուգահեռ ընթացող սնանկության վարույթի մասին և դատավորի հարցերին չէին կարողանում պատասխանել կամ անհիմն պատասխաններ էին տալիս: Դատարանի կողմից տրված հարցերին հիմնավոր պատասխաններ ներկայացնելու համար դատական նիստը հետաձգեց:

Սակայն մինչ այդ՝ դատավարությանը ծանուցված անձանց ներկայանալու վերաբերյալ դատական նիստի քարտուղարի զեկույցի ժամանակ, դատախազն ու քննիչը հանկարծակիի եկան, քանի որ նիստի վերաբերյալ ծանուցված անձանց թվում նշվեց ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի անունը: Քրեական գործի քննության ավելի քան 8 ամիսների ընթացքում քննիչը չէր «հանդգնել» հատուկ հովնավորության ներքո գտնվող Եսայանին հրավիրել անգամ ցուցմունք տալու և այդ հանգամանքի շուրջ դատարանին բացատրություն տալով՝ քննիչ Տիգրան Հարությունյանը նշեց, որ դա իր քննչական մարտավարությունն է: Եթե 8 ամսվա ընթացքում ընկերության տնօրենին քննիչը չի հարցաքննել, ապա եղելությունը ումի՞ց պետք է պարզեր: Քննիչը «վախենում» է հարցաքննել տնօրենին, քանի որ նա կարող է ամեն ինչ պատմել: Իսկ քննիչին հրահանգված է՝ թե գործի համար ումից եւ ինչպիսի ցուցմունքներ է պետք վերցնել:  

Քննիչի զավեշտալի բացատրությանը, ի պատասխան դատարանի կողմից հնչեցված հարցի, հաջորդեց դատախազի մեկ այլ ծիծաղաշարժ պատասխան: Դատախազը դատարանին հայտնեց, որ Խուդյանը տուժող չի ճանաչվում, քանի որ «կանխամտածված սնանկության փաստով հարուցված գործերով միայն պետությունը կարող է հանդես գալ տուժողի դատավարական կարգավիճակում»:

Տարրական գիտելիքներով անգամ կարելի է տրամաբանել, որ ոչ բոլոր սնանկության վարույթներով է պետությունը պարտատեր հանդիսանում: Իսկ սնանկության վարույթով բոլոր պարտատերերն էլ հանդիսանում են տուժած անձինք, քանի որ պարտապանի անվճարունակության պարագայում սնանկության վարույթի շրջանակներում նրանք չեն կարող ակնկալել, որ իրենց պահանջներն ամբողջությամբ կբավարվեն:

Եթե հաշվի առնենք նաև սնանկության գործով կառավարչի վարձատրության գումարի ու այլ ծախսերի գանձումը, ապա ակնհայտ է, որ լավագույն դեպքում պարտատերերի պահանջները կբավարվեն մասնակի: Իսկ սնանկության գործով կառավարիչները, հանդիսանալով անհատ ձեռնարկատերեր և շահագրգռված լինելով պահանջների բավարարումից ակնկալվող վարձատրությամբ, փաստացի հանդիսանում են պարտապանի առողջացման ծրագրի հակառակորդներ:

02.06.2011թ. որոշմամբ թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով Էդմոնդ Խուդյանը, որպես ընկերության մասնակից և սնանկության հետևանքով իր գնահատված ներդրումների մի մասի կորստի ռիսկը կրող անձ, ճանաչվել է 285 միլիոն 978 հազար 550 ՀՀ դրամ գումարի պահանջով պարտատեր: Այսինքն՝ սնանկության գործով Խուդյանը տուժած անձ է` պարտատեր, իսկ կանխամտածված սնանկության վարույթով, ըստ քննիչի` «դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ նա հնարավոր է՝ տուժել է կամ կտուժի կանխամտածված»: Փաստորեն, դատական ակտն էլ քննիչի և դատախազի համար հիմք չէ Խուդյանին տուժող ճանաչելու հարցում:

Եթե 9200 քմ մակերեսով շենքն անհատույց ընկերությանը հանձնած, լրացուցիչ ներդրումներ կատարած և այժմ այդ շենքում անգամ 1 քմ տարածք չունեցող Խուդյանը  տուժող չէ, ապա ո՞վ կարող է տուժող հանդիսանալ:

Միլիոնավոր դոլարների յուրացում է իրականացվել, սակայն 8 ամիս քննություն է իրականացվում` առանց տուժողի և մեղադրյալի:

Քննիչն ու դատախազն անգամ չեն տիրապետում ՀՀ Քր. օր. 193-րդ հոդվածին, քանի որ նույն հոդվածով է սահմանված, որ «անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը» քրեորեն պատժելի արարք է, «եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2012 թվականի փետրվարի 6-ին:

Քննիչն ու դատախազը գնացին «դասերը սովորելու»: Հուսով ենք, որ հաջորդ նիստին նրանք դատարան կներակայանան գոնե ինչ չափով «դասերը սերտած»: 

Մեկնաբանություններ (1)

vick
Gitek Larisa shat teghin e zer mtahogutyune ete iravakan hamakarge gortcer Hayastanum Haye cher haytnvi aysqan husalqvac u aneranely vichakum. Vaghuc arden jamanakn e vorpeszi mianank Edmond kudyanin, Narek Hartounianin ev myus tujvac spyurqahayerin vorovhetev nranc payqare aysor ughvac e Hayastanum tirogh anardarutyunnerin voronc hovanavorum en nerkayic ishkhanutyune. Nranc haghtanake naev mern im HAY joghovrdi haghtanakn e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter