HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Խոշտանգման ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանների հարազատները բողոքի ակցիա իրականացրին գլխավոր դատախազության շենքի առաջ

Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանների հարազատները բողոքի ակցիա իրականացրին գլխավոր դատախազության շենքի առաջ: Նրանք պնդում են, որ որդիները որևէ մեղք չունեն և նրանց նորից կալանավորելու հիմքեր չկան:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի աշխատակիցներ Թաթուլ Գևորգյանին, Վահագն Միքայելյանին և Սահակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրանք ձեռբակալվել էին:

Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թաթուլ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը, իսկ մյուս երկու ոստիկանների նկատմամբ նախաքննական մարմինը կալավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Տասը օր գտնվելով ազատության մեջ՝ դատախազի բողոքարկումից հետո Վերաքննիչ դատարանը Վահագն Միքայելյանին  նկատմամբ նորից կալանքի որոշում է կայացրել, իսկ Սահակ Դավթյանի գործով այսօրվա նիստը հետաձգվել է:

Ոստիկանների հարազատները  դժգոհում են Վերաքննիչ դատարանի որոշումից՝ պնդելով, որ իրենց որդիները, լինելով ազատության մեջ, որևէ կերպ չեն խոչընդոտել գործի ընթացքին և Հայաստանից բացակայելու որևէ միտում չեն ունեցել:

Ոստիկան Սահակ Դավթյանի մայրը՝ տիկին Թամարան «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար հասկանելի չէ՝ ինչու որդին «հանցագործ բռնելու» համար պիտի պատժվի:

«Ես էսօր եկել եմ էստեղ կանգնել անօգնական, ամուսինս 2 ամիս առաջ է մահացել, Սահակն էլ իմ մինուճար տղեն է: Էսօր իմ երեխեն ոչ մի հանցանք չի կատարել: Վարկ ենք վերցրել գրավը տվել ու նորից կալանավորել են»:

Վահագն Միքայելյանի մայրը՝ տիկին Անահիտը, պնդում է, որ դատական նիստի մասին որդուն ծանուցում չեն ուղարկել, ոչ էլ փաստաբանն է կարողացել դիրքորոշում հայտնել: Իսկ հաջորդ օրը շարունակվող նիստին միանգամից կալանավորելու որոշում է հրապարակվել:

«Մենք տեսանյութ ունեք, երբ ոստիկանները երեքով մտել են ներս, տուժողն արդեն իսկ կռվելիս է եղել, ոստիկաններին հայհոյել է, դիմադրություն ցույց տվել»,-նշեց ոստիկանի մայրը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Սևան քաղաքում «Տոտո» բուքմեյքերական ընկերության սրահում: Ոստիկանների դեմ հաղորդում է ներկայացրել Սևանի բնակիչ Արա Մուրադյանը:

Ըստ Սահակի ընկեր Հրաչ Բաբախանյանի՝ տուժող Արա Մուրադյանը ոստիկանների նկատմամբ անձնական դիտավորություն է ունեցել, քանի որ ոստիկանները նրա ու նրա ընկերոջ կատարած մեկ այլ հանցագործություն են բացատրել:

«Չորս անգամ դատապարտված հանցագործ է, ինքը մինչև ոստիկանություն տեղափոխվելը արդեն իսկ մարմնական վնասվածքներ է ունեցել, ինչը արձանագրել է բժիշկը, իսկ մի քանի օր հետո մարմնական վնասվածքները շատացել են»,- ասում է Բաբախանյանը:

Այսօրվա ակցիայից հետո ոստիկանների հարազատների հետ հանդիպել է գործով դատախազ Վահագն Մուրադյանը, ով զրույցի ընթացքում նշել է, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը բողոքարկվել է: