HY RU EN

Ընդերքօգտագործողները վճարել են պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտքերի մի մասը

Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն դրամի չափով պարտավորություն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարականի՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունը նաև դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար:

Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի գծով՝ շուրջ 31 միլիոն դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն դրամի ներդրումներ:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը:

Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան:

Ընդերքօգտագործողների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը շարունակվում է: