HY RU EN

Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում, դերասանուհի Լիլյա Հովհաննիսյանի ընտանիքում: Սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-1984 թթ.՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-1989 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-1993 թթ. մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «Խմբավարություն» մասնագիտության կուրսերին:

1984-1989 թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, եղել է երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, միաժամանակ որպես խմբավար աշխատել է քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006 թ.՝ դոցենտ, 2016 թ.՝ պրոֆեսոր): 1992 թվականին հիմնադրել և առ այսօր ղեկավարում է «Հովեր» երգչախումբը:

Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում, հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):

«Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ՝ «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»:

Ստացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007թ.), արվեստի վաստակավոր գործչի կոչում (2010 թ.):