HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ը հրաժարվում է ՊՆ շենքում ծառայած քաղաքացիների տվյալները տրամադրելուց

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է ՊՆ-ի շենքում ծառայություն իրականացրած քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանունները տրամադրելուց։

Գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Հետք»-ին հայտնել էր, որ երկար տարիներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց որդիներին «գործուղում են» ծառայության ՊՆ շենք, օրինակ՝ որպես նախարարի կամ փոխնախարարի օգնական:

ՊՆ-ին ուղղված գրավոր հարցման մեջ խնդրել էինք հայտնել, թե վերջին 10 տարիների ընթացքում քանի զինծառայող օգնական են ունեցել նախարարներն ու տեղակալները:

«ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային զինծառայողները ձեր կողմից նշված պաշտոնները նշված ժամանակահատվածում չեն զբաղեցրել», - ասված է ՊՆ-ի պատասխանում:

Այս պատասխանով նախարարությունից ըստ էության ոչ հերքում, ոչ էլ հաստատում են ՊՆ շենքում պարտադիր ժամկետային զինծառայողների զինծառայության փաստը, միայն ընդգծում են, որ նշված պաշտոնները տվյալ տարիներին չեն զբաղեցրել ժամկետային զինծառայողները:

Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ գործող ու նախկին պաշտոնյաների որդիների՝ ծառայել-չծառայելու ուսումնասիրությունների հետ կապված, և հարցի հնչեղությունը՝ խնդրել էինք տրամադրել նշված ժամանակահատվածում ՊՆ շենքում զինծառայություն անցած քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանունները՝ առանց հաշվառման հասցեի և ծննդյան տվյալների, սակայն նախարարությունը մերժել է․

«Պահանջվող տեղեկատվությունը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ, քանի որ պարտադիր ժամկետային զինծառայողները զորացրվելուց հետո հաշվառվում են պահեստազորում և նրանց անձնական տվյալների բացահայտումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում»:

Նախարարությունը մերժել է տրամադրել նաև օտարերկյա պետությունների ՀՀ դեսպանություններում ծառայածների տվյալները

Նախարարությունը մերժել է տրամադրել նաև օտարերկյա պետությունների ՀՀ դեսպանությունների տարածքում ծառայություն իրականացրած զինծառայողների անուն ազգանուն, հայրանունները՝ հղում անելով մեր նախկին հարցման պատասխանին: Այս հարցմանը հրաժարվել է պատասխանել նաև ԱԳՆ-ն՝ ընդգծելով, որ նշված հարցը գտնվում է ՊՆ-ի իրավասության շրջանակներում:

Օտարերկրյա երկրներում և մասնավորապես Իրանի և Ռուսաստանի՝ ՀՀ դեսպանությունների տարածքում ՀՀ զինծառայողների զինծառայության հետ կապված մեր մի քանի հարցումների շնորհիվ հնարավոր եղավ պարզել, որ ըստ էության չեն եղել հստակ չափորոշիչներ, թե որ քաղաքացիները կարող են ընտրվել դեսպանության տարածքում ծառայության անցնելու համար:

Մի հարցման պատասխանում նախարարությունից հայտնել էին, որ զինծառայողները ընտրվում են հաշվի առնելով նրանց ֆիզիկական պատրաստվածության և օտեր լեզուների իմացության մակարդակը: Մեկ այլ հարցման պատասխանում նշել էին, որ դեսպանատներում ծառայություն անցնելու համար ներգրավում են պատվո պահակային ծառայություն իրականացող զինծառայողները և հղում կատարում պաշտպանության նախարարի՝ 2018 թվականի հրամանին, ըստ որի՝ սահմանված են այդ չափորոշիչները:

Ստացվում է՝ 2009 թվականից  գործել է դեսպանությունների տարածքում զինծառայություն անցնելու կարգը, սակայն հստակ չափորոշիչներ չեն եղել, որոնց հիմա վրա էլ կարող էին ընտրվել զինծառայողները:

ՊՆ բարձրաստիճան զինվորականներից մեկը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ կարգ որպես այդպիսին նախկինում չի եղել. դեռ խորհրդային ժամանակներից էլ իմացել են, որ պատվո պահակում ընդգրկվում են բարձրահասակ, բարետես և ամրակազմ տղաները:

Հաշվի առնելով այն, որ նախարարությունը հրաժարվում է տրամադրել նախարարության շենքում և դեսպանությունների տարածքում զինծառայություն անցած քաղաքացիների տվյալները, մենք խնդրել ենք տրամադրել տեղեկություն, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն են, որ վերջին 10 տարիներին զինծառայություն են անցել ՊՆ շենքում և օտարերկրյա դեսպանությունների ՀՀ տարածքում։ Նախարարության պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

լուսանկարը՝ mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter