HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ինչըխ կռնա 58 կգ կշռող մարդը ծեծե 100 կգ-անոց շտանգիստին». Ռաֆիկ Խաչատրյանն ընդդեմ Արամ Սարգսյանի

Գյումրու բնակիչ Արամ Սարգսյանի եւ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի միջեւ 20 տարուց ավել տեւող խուլ հակամարտությունն այս տարի հուլիսին հանգուցալուծվել է «ձեռնամարտով»` ոստիկանության քննչական վարչությունում: Խնդիրը, որ տարիների վաղեմություն ունի, ծագել է 1996թ., երբ Ռաֆիկ Խաչատրյանը ձեռք է բերել Գյումրու Թբիլիսյան խճուղում գտնվող նախկին թիվ 48 ուսումնարանի շենքը, որտեղ երկար տարիներ գործել է «Պրոգրես» համալսարանը, մինչեւ նոր կառույց տեղափոխվելը:

Շենքի հետնաբակում 1988-ի աղետից հետո տնակներ էին տեղադրել ու ապրում էին անօթեւաններ (10-12 ընտանիք): Դա սեփականատիրոջ «սրտով չի եղել», սակայն ստիպված է եղել համակերպվել: Արամ Սարգսյանի փոխանցմամբ, Ռաֆիկ Խաչատրյանը մշտապես հորդորել է մարդկանց ազատել տարածքը, սակայն վտարման հետ կապված կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել:

Աղետից 30 տարի անց նշված բակում, տնակային պայմաններում, շարունակում է ապրել երկու ընտանիք: «Հետք»-ին դիմած Արամ Սարգսյանն այստեղ հաստատվել է 1989թ. հունվարին: Ասում է, որ սեփական միջոցներով է կառուցել տունը` լույս, գազ, ջուր է հասցրել, ստեղծել է պայմաններ ապրելու համար՝ հասկանալով, որ գուցե երբեւէ չկարողանա նոր բնակարան ձեռք բերել: Երկրաշարժին Սարգսյանները կորցրել են երեք սենյականոց բնակարան: Հետագայում Արամի ծնողները ստացել են փոխհատուցում պետության կողմից եւ տեղափոխվել նոր բնակարան` ապրելու կրտսեր տղայի ընտանիքի հետ:

58-ամյա Արամ Սարգսյանն ունի երկու տղա զավակ՝ մեկը ուսանող է, սովորում է Երեւանում, մյուս տղան ծառայում է Արցախում եւ զորացրվելու է երկու ամսից: Արամը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Ներկայում գործազուրկ է, հանապազօրյա հացը վաստակում է ջեռուցման սարքեր նորոգելով: «Ես մշտական աշխատանք չունեմ, պատահական վաստակով ընտանիքս կպահեմ, շատ ժամանակ մորս թոշակով յոլա կերթանք ու էսքանից հետո մտածել տուն առնելու, ստեղից դուրս գալու մասին՝ անհնար է»,-ասում է Արամ Սարգսյանը:

Զրուցակիցս պատմում է, որ տարածքի սեփականատիրոջ հետ աղմկոտ կոնֆլիկտ երբեք չեն ունեցել, պարբերաբար եղել է խոսակցություն, հարցադրում, թե երբ են Սարգսյանները պատրաստվում հեռանալ: «Ըսենք` էղել է, օր տուն էլ է եկել, էղել է դուրսն է տեսել ու ամեն անգամ հարցրել է, թե երբ բդի դուրս գանք, ես էլ ըսել եմ, օր մենք էրթալու տեղ չունինք, բայց չի եղել դեպք, օր հանկարծ հայհոյե, ձեռքերին ազատություն տա, հա՛, ըսենք բարձր տոնով խոսացել է, ըսել է, օր կվառեմ, կթաղեմ, վախեցրել-գնացել է, բայց մեջներս կռիվ չի եղել»,-պարզաբանում է Արամը՝ հավելելով, որ տարածքն ազատելու խոսակցություններն ակտիվացել են այս տարի: Ռաֆիկ Խաչատրյանը հայտարարել է, որ շինարարություն է անելու եւ անօթեւաններն իրեն խանգարում են, իսկ Արամի տեղեկություններով՝ պատրաստվում է  վաճառել ու հնարավոր է` պոտենցիալ գնորդը պահանջ է դրել ազատել հետնաբակը:

Այս տարվա հուլիսի 30-ին Արամ Սարգսյանը հրավիրվել է քննչական վարչություն՝ Ռաֆիկ Խաչատրյանի հետ առերեսման: Արամ Սարգսյանին քննիչ Գ. Թորոյանը հայտնել էր, որ բողոք ունեն «Պրոգրես» համալսարանի ռեկտորից: «Ինձ ասին, որ վրեդ քրեական գործ կա՝ ինքնիրավչության հոդվածով, որ ես ապօրինի տիրապետում եմ ուրիշի սեփականությունը, դարպաս եմ դրել, խանգարում եմ մուտք ու ելքին, դրա համար էլ սեփականատերը բողոքել է ոստիկանությանը,-պատմում է Արամ Սարգսյանը,-ես ուղղակի զարմացա, թե ինչի է ոստիկանությունն էդ բողոքը վերցրել, կարող էր, չէ՞, հրաժարվել, ասեր` քաղաքացիական գործ է, թող դատարանը քննե: Ռաֆիկ Խաչատրյանը կողքիս հարեւանի հետ նույն տարածքից հանելու կապակցությամբ դատական վեճ ունեցավ, դատը կրվավ, երեւի դրա համար էլ որոշել էր ինձ հետ ուրիշ կերպ վարվել: Ինչ կմնա դարպասին, ընդհանրապես էդ շենքի ելումուտի հետ կապ չունի»:

Քննիչ Գ. Թորոյանի կաբինետում առերես հարցաքննությունը նշանակված էր առավոտյան ժամը 10-ին: Արամը պատմում է, որ երբ ներս է մտել, Ռաֆիկ Խաչատրյանն արդեն նստած է եղել: Իրեն առաջարկել են նստել նրա դիմաց՝ սեղանի մոտ: «Հենց նստա, Ռաֆիկը թե՝ երբ բդի դուրս գաս տարածքիցս, ես էլ ըսեցի, թե ինչի բդի դուրս գամ, ես ոչ գնալու տեղ ունիմ, ոչ էլ ուրիշ տուն առնելու հնար: Էդ բառերի վրա Ռաֆը կատղավ, թե` ինչխ չես ազատե, մեր քրֆեց ու զարգեց, ես ընկա դիվանու վրա, ինքը հարձակվավ վրաս, սկսեց հարվածել ու խեղդել: Ես գոռացի, մե 7-8 միլիցա ներս թափավ, Ռաֆին քաշին վրիցս, տարան էն կողմ, ընձի էլ ըսին, օր դուրս գամ»:

Արամ Սարգսյանը հարցաքննության գնացել էր ազգականի՝ Աշոտ Աբրեյանի հետ, որը սպասելիս է եղել դրսում: Աշոտը, տեսնելով Արամին պատառոտված վերնաշապիկով ու կարմրած դեմքով, տեղեկանալով, թե ներսում ինչ է կատարվել, առաջարկել է անմիջապես գնալ Շիրակի մարզի դատախազություն: Դատախազ Կարեն Գաբրիելյանն ընդունել է նրանց, լսել, առաջարկել է պատմությունը գրավոր շարադրել, որպեսզի կարողանան ընթացք տալ: Արամ Սարգսյանը խնդրել է դատախազից ապահովել իր եւ իր ընտանիքի անվտանգությունը: «Մենք գրեցինք, գցեցինք նամակների արկղն ու եկել ենք տուն,-պատմում է Աշոտ Աբրեյանը,-պատասխանը ստացանք, օր դատախազությունը հետամուտ կեղնի, կուսումնասիրի գործը, մեզ տեղյակ կպահեն ընթացքի մասին: Հետո իմացանք, որ Արամի վրա 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճվել է, բայց ըդուր տեղը մեկ այլ գործ հարուցեցին մի երկու ամիս անց»:

Մեկ ամիս առաջ Արամին զանգահարել են Ախուրյանի ոստիկանությունից: Քննիչ Մինասյան ներկայացած անձը տեղեկացրել է, որ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի բողոքի ու քննիչ Գ. Թորոյանի զեկուցագրի հիմքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Արամ Սարգսյանն այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «Ռաֆիկը բողոքել է, որ ես եմ իրեն ծեծել քննիչի կաբինետում, բժշկի է գնացած եղել ու թուղթ ունի, որ վնասվածք է ստացել: Ես ուղղակի ապշած եմ, թե ինչ ձեւի կռնան մարդու գլխին սարքեն: Դուք հըլը ընձի էլ նայեք, հետո՝ իրան. ինչըխ կռնա 58 կգ կշռող մարդը ծեծե 100 կգ-անոց շտանգիստին (Ռաֆիկ Խաչատրյանը նախկինում զբաղվել է ծանրամարտով-հեղ.): Փաստորեն, ես ծեծվիմ, բայց տուժողն ինքը դառնա: Ես չիդեմ` որ բժիշկն է էդ թուղթը տվել, բայց մեջը նշված է, որ իբր ձեռքին քերծվածք կա, դեմքից արյուն է եկել ու էլի եսիմ ինչ»,-ասում է Արամը՝ շեշտելով, որ մտքով անգամ չէր անցել, թե տուժողից վերածվելու է մեղադրյալի:

Արամն ու Աշոտը համոզված են, որ քննիչն ու Ռաֆիկ Խաչատրյանն ունեցել են պայմանավորվածություն, այլապես ինչպե՞ս բացատրել վերջինիս ագրեսիվ պահվածքը քննչական բաժանմունքում, հետագայում քննիչի կողմից առաջին քրեական գործի կարճումը եւ երկրորդ քրեական գործով Արամ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելը: Արամ Սարգսյանի համոզմամբ, սա վերջին շանսն է, որ օգտագործելու են` իրեն տարածքից հանելու համար:

«Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել «Հետք»-ի հարցերին: Կարճ հեռախոսազրույցի ժամանակ Ռ. Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը ցանկություն չունի խոսելու նշված թեմայի շուրջ:

«Ես խոսելու բան չունեմ, ինչի՞ց խոսամ, օր էդ մարդը վրես կլյաուզիա կենե՞, օր սեփական տարածքս չի ազատե՞, կա դատարան, թող դատարանը պատասխանե ձեր հարցերին»,- ասաց նա:

Գլխավոր լուսանկարում` ձախից` Ռաֆիկ Խաչատրյանը, Արամ Սարգսյանը

Ռաֆիկ Խաչատրյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter