HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞մ համար են արտոնյալ վարկերը

Արարատի մարզի Դիմիտրով գյուղը հայտնի է որպես ասորական համայնք: Իհարկե, այնտեղ հայեր էլ են ապրում, սակայն գյուղապետը, ինչպես նաեւ համայնքապետարանի ղեկավար այլ աշխատողներն ազգությամբ ասորիներ են:

Ըստ փաստաթղթերի` Դիմիտրովն ունի 1667 բնակիչ: Իրականում այդքան մարդ գյուղում չի ապրում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց Դիմիտրովի գյուղապետի տեղակալ Գեորգի Գիվարգիզովը, բնակչության մոտ 40%-ը վերջին տարիներին արտագաղթել է գյուղից: Նրանց մի մասը կամ մեկնել է արտագնա աշխատանքի կամ էլ ընտանիքներով մշտական բնակություն հաստատել արտերկրում:

Այլ գյուղերի նման Դիմիտրովն էլ ունի գրեթե նույն խնդիրները` աշխատատեղերի բացակայություն, անեկամտաբեր հողագործություն, արտագաղթ, վարկեր...

Գյուղում վարկառուներն այնքան էլ շատ չեն' մոտ 100 մարդ: Միայն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից» վարկ է վերցրել 30 գյուղացի: Գեորգի Գիվարգիզովն այլ վարկային կազմակերպությունների մասին տվյալներ չուներ: Սակայն հենց գյուղապետարանի պատին փակցված էր վարկային կազմակերպություններից մեկի գովազդային թերթիկը:

Գյուղապետի տեղակալն ասում է, որ ժամկետանց վարկեր գյուղում չկան, մարդիկ բարեխղճորեն վճարում են: Պատճառն այն չէ, որ վերցրած վարկերը ներդնելով տնտեսության մեջ' վարկառուները զգալի եկամուտներ են ստանում եւ դրանով կատարում բանկային պարտավորությունները: Գյուղացիները վերցնում են հնարավորինս քիչ գումար' 500-3000 դոլար, քանի որ գիտեն' վերցրած վարկը վերջում ի վնաս իրենց է աշխատելու: Գեորգի Գիվարգիզովն ասում է, որ խոշոր վարկեր վերցնելու համար գյուղացին պիտի գրավ դնի տունը կամ հողամասը: Իսկ հիմա «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» տունը, որտեղ մարդիկ ապրում են, չի դիտարկում գրավի առարկա: Բանկից պատճառաբանել են, որ եթե վարկառուն չկարողանա մարել վարկի գումարը, տունը կկորցնի, այլ բան է, եթե վարկառուն ունի մեկից ավելի տուն, այդ դեպքում տներից մեկը հանգիստ կարող է բանկում գրավադրվել:

Երբ 3 տարի առաջ «Հետքը» սկսեց ուսումնասիրել գյուղատնտեսական վարկերի արդյունավետությունը, բազմաթիվ հոդվածներ հրապարակեց այն մասին, որ մարդիկ տունն ու հողամասն են գրավ դրել եւ, չկարողանալով վճարել բանկի տոկոսադրույքները, զրկվել են սեփականությունից: Այժմ, փաստորեն, վիճակը փոքր-ինչ բարելավվել է, մարդիկ այլեւս անտուն չեն մնա: Բացի այդ, առանձին դեպքերում իջեցվել է վարկի տոկոսադրույքը, սակայն գյուղատնտեսական վարկերի սարդոստայնից մարդիկ դեռ չեն կարողանում դուրս գալ: «24%-ով վարկը շատ թանկ է գյուղատնտեսությունը զարգացնելու համար: 6-8%-ը հասկանալի է, բայց 24 տոկո՞ս: Խնդիրն այն է, որ ժողովուրդը գիտի, որ ումից գնա այդ պահին պարտքով փող ուզի, չեն տա, դրա համար ձեռք է տալիս բանկից վերցնելը»,- ասում է գյուղապետի տեղակալը: Գեորգի Գիվարգիզովը նույնպես մի քանի վարկ ունի: Նա տարեկան 24% տոկոսադրույքով 2500 դոլար վարկ է վերցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից», վերջերս նույն բանկից եւս 2000 դոլար է վերցրել, արդեն արտոնյալ պայմաններով' տարեկան 14% տոկոսադրույքով: Եթե Գ. Գիվարգիզովը բարեխղճորեն մարի իր վարկի մայր գումարն ու տոկոսները եւ սահմանված ժամանակացույցը նույնիսկ մեկ ժամով չխախտի, պետությունը 14%-ից 4%-ը կփոխհատուցի:

Գյուղապետի տեղակալը վարկերից գյուղացիներին ազատելու ելքը տեսնում է մարդկանց սոցիալական պայմանների բարելավման, ասենք' աշխատատեղեր ստեղծելու, աշխատավարձերը բարձրացնելու, ապրանքների գները իջեցնելու մեջ: Գ. Գիվարգիզովը պատմեց, որ 2 տղա ունի, երկուսն էլ ամուսնացած են եւ երեխաներ ունեն, բայց աշխատանք չունեն: «Եթե աշխատանք լիներ, պարապ-սարապ կթափառեի՞ն: Այդ ո՞նց է' ես 60 տարեկան եմ ու աշխատում եմ, իրենք չէ՞ին աշխատի: 2-3 ամիս ժամանակավոր աշխատանք են գտնում, բայց դրանով չեն կարող իրենց 5-6 հոգանոց ընտանիքը մեկ տարի պահել: Ստիպված պիտի գնան բանկից վարկ վերցնեն, ուտեն, մինչեւ գարունը բացվի, մի շինարարություն լինի, գնան աշխատեն, վարկը փակեն, ու էլի աշունը նույն վիճակը»,- ասում է Գիվարգիզովը:

Ըստ նրա' վարկերը ուղիղ կապ ունեն մարդկանց սոցիալական վիճակի հետ: Իր օրինակն է բերում. 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց ձմռանը աշխատավարձի կեսից ավելին ծախսվում է գազի վարձավճարը մուծելու համար: Ընտանիքում այլ աշխատող չկա, այդ պատճառով էլ ստիպված վարկ են վերցնում: Գեորգի Գիվարգիզովը պոմիդորի ջերմոց ունի, հույս ուներ, որ մինչեւ մայիսի 15-ը վաճառքի պոմիդոր կունենա, բայց եղանակը ցուրտ է, եւ պոմիդորը շուկա կտանի մոտ մեկ ամիս ուշ' հունիսին: «Եթե պիտի պոմիդոր ունենայի 600-800 դրամի ժամանակ, հիմա ստիպված կվաճառեմ 100-200 դրամով: Ջերմոցն էլ ջեռուցել եմ, ծախսեր եմ արել, բայց դե ռիսկ եմ արել, վարկ եմ վերցրել, ուրիշ ի՞նչ անեմ»,- ասում է Գ. Գիվարգիզովը:

2000 դոլար արտոնյալ վարկովնա ուզում է ցուլիկներ եւ խոզեր գնել, մինչեւ աշուն պահել, որ կարողանա վարկի գումարը փակել: Դեռ չգիտի' դրանից օգուտ կունենա՞, թե՞ ոչ: Առաջնային խնդիրը վարկից շուտ ազատվելն է: Գ. Գիվարգիզովն ասաց, որ արտոնյալ վարկից օգտվել ցանկացողները գյուղում շատ են, սակայն բանկը ոչ բոլորին է տալիս: Թոշակառուին, աշխատանք, եկամուտ չունեցողին չեն տալիս, կամ եթե մեկ անգամ գոնե մեկ օրով գյուղացին ուշացած վարկ է ունեցել, նույնպես արտոնյալ վարկից չի կարող օգտվել, բանկն այդ մարդուն համարում է «անվստահելի»:

Արտոնյա՞լ, թե՞ շահադիտական մոտեցմամբ վարկ

 Անահիտ Առաքելյանը մեկն է այն բազմաթիվ գյուղացիներից, ովքեր Կառավարության արտոնություններից չեն կարող օգտվել: Նա 2008-ից «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» անդամ է: Արդեն 3 տարի է' տարեկան 24%-ով բանկից վարկեր է վերցրել եւ ժամանակին մարել է: Սակայն նրա հետ դժբախտ դեպք է պատահել եւ 1 օր վարկի գումարի մարումն ուշացրել է: Դրա հետեւանքով այժմ Անահիտը զրկվել է արտոնյալ' 14%-ով վարկ վերցնելու հնարավորությունից: Նա բանկի համար «անվստահելի» է, թեեւ 1 օր ուշացումը եղել է 2 տարի առաջ: Հետաքրքիր է, որ բանկը 14%-ով վարկ հրաժարվում է տալ, սակայն դեմ չէ 24%-ով տրամադրելուն:

Անահիտը «Հետքին» պատմեց, որ 2008 թ. «ԱԿԲԱ»-ից 1000 դոլար վարկ էր վերցրել, գումարի կեսը մարել էր, պարտավորության վերջնական կատարումից օրեր առաջ Ղազախստանում մահացել է եղբայրը: Նրա հուղարկավորությունը կատարվել է Հայաստանում, եւ Անահիտը, սգի մեջ լինելով, վարկը մարել է մեկ օր ուշացումով: 2010 թ. Անահիտը նորից «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից» 24%-ով վարկ է վերցրել, նրան տվել են ընդամենը 800 դոլար: Գումարի մի մասը փակել է, մինչեւ նոյեմբեր պետք է մարի նաեւ մնացած 650 դոլարը: «Ուզում էի այդ արտոնյալ վարկից էլ օգտվել, բայց ինձ մերժեցին, որ ես 2 տարի առաջ 1 օր ուշացրած վարկ եմ ունեցել: Ասեցի, թե ինչի պատճառով եմ ուշացրել, նույնիսկ պատրաստակամ էի եղբորս մահվան վկայականը ներկայացնել, որ համոզվեին, բայց ոչ մի զիջման չգնացին, չէ ու վերջ»,- պատմում է Անահիտը: Նա նպատակ ուներ արտոնյալ վարկի գումարով փակել 24%-ով վերցրած վարկի գումարը, մնացածն էլ ներդնել գյուղատնտեսության մեջ: «Չգիտեմ' Կառավարությունն ինչ արտոնություն է տվել, եւ ով պետք է օգտվի այդ արտոնությունից, բայց մեկ օրվա հարգելի ուշացման պատճառը ճակատագրական դարձավ ինձ համար եւ հիմա չեմ կարողանում այլ վարկեր վերցնել «ԱԿԲԱ»-ից»,- ասում է Անահիտ Առաքելյանը:

Անահիտն աշխատում է Դիմիտրովի գյուղապետարանում' հարկահավաք է: Նա դժգոհ է այսօրվա վարկային քաղաքականությունից: «Բանկերի քաղաքականությունն է վատ: Այսօր արտոնյալ վարկեր շատ չեն տալիս այն գյուղացիներին, ովքեր 24%-ով վարկ ունեն: Դե, բանկիրների քաղաքականությունն է, մտածում են' ինչի նրան ցածր տոկոսով վարկ տանք, որ բերի 24%-ով վերցրածը շուտ փակի, քիչ եկամուտ կունենան, չէ»,- նշում է Ա. Առաքելյանը:

Արտոնյալ վարկի մերժումից հետո Անահիտը գյուղի իր տունը հանել է վաճառքի: Այդ մասին հայտարարությունն արդեն փակցված է գյուղի կենտրոնում: «Կարիքի մեջ եմ, բա ի՞նչ անեմ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter