
Դպրոցի տնօրենին չեն ընդունում
Երեկ` ժամը 10:30-ի սահմաններում, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը և նույն վարչության կրթության մասնագետ Կարինե Մելիքսեթյանը Աքորու միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ներկայացնելու նպատակով դպրոց են ուղեկցել 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ տնօրեն ընտրված և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից օրերս տնօրեն նշանակված Անահիտ Մուսայելյանին:
Աքորիի դպրոցում արդեն 2 օր վերսկսված դասերը Անահիտ Մուսայելյանի հայտնվելուց հետո անմիջապես դադարեցվել են, ուսուցիչներն ու աշակերտները լքել են դպրոցի շենքը: Անահիտ Մուսայելյանը, այնուամենայնիվ, տնօրենի պաշտոնակատար Կիմիկ Պետրոսյանից ընդունել է դպրոցի կնիքն ու մյուս փաստաթղթերը:
Այսօր առավոտյան` ժամը 9-ին, ուսուցիչները կազմակերպված մտել են ուսուցչանոց, երբ ուսուցչանոց է մտել նաև Անահիտ Մուսայելյանը, նրանք ցուցադրաբար հեռացել են դպրոցից:
«Մի հեռացեք, ես էլ եմ խաբված, դուք էլ: Սպասեք, ես ուզում եմ ձեզ հետ խոսել»,- ուսուցիչների հետևից կանչել է մերժված տնօրենը, սակայն ուսուցիչները չեն պատասխանել նրա կանչին և հեռացել են:
Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է` Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից տնօրենի, ըստ ուսուցիչների, ընտրությունների ընթացքում թույլ տված կեղծիքների պատճառով անօրինական է համարում Անահիտ Մուսայելյանի ընտրությունը:
Ուսուցիչները պահանջում են տնօրենի արդար ընտրություն: Մոտ մեկամսյա բողոքի ընթացքում դպրոցում ուսումնական պարապմունքներ չեն անցկացվել: Երեկ Աքորիի դպրոցում էր գտնվում ՀՀ կրթության պետական տեսչության հանձնաժողովը:
Հանձնաժողի նախագահ, տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը «Հետքին» հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011թ.-ի դեկտեմբերի 28-ի N 561-Ա հրամանի համաձայն` ՀՀ կրթության պետական տեսչության կողմից Աքորիի դպրոցում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ 2011թ.-ի դեկտեմբերի 20-ին դպրոցի տնօրենի ընտրության մրցույթն անց է կացվել ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշման պահանջներին համապատասխան:
Այսինքն` ընտրությունը, ըստ կրթության պետական տեսչության, անցել է օրինական:
Ասենք, որ դպրոցի կառավարման խորհրդում Անահիտ Մուսայելյանին դեմ 4 անդամները և ուսուցիչները որպես անօրինականության փաստարկներ մատնանշում են Կամո Սիմոնյանի կողմից իր տեղակալի, կնոջ և ենթակայության տակ աշխատող մանկապարտեզի տնտեսվարի հետ թիմով կառավարման խորհուրդ կազմելու հանգամանքը, տնօրենի ընտրությունից հետո քվեաթերթիկները իր գրպանում տանելը եւ այլն: Այս փաստարկները չեն ընդունվել կրթության պետական տեսչության հանձնաժողովի կողմից: Վերջիններս ուսուցիչներին համոզում են, որ տեղակալով, կնոջով և մանկապարտեզի տնտեսվարով գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից կառավարման խորհուդ կազմելը օրենքի որևէ կետով չի արգելվում:
Ըստ նրանց` օրենքը չի արգելում նաև Կամո Սիմոնյանի կողմից կասկածելի քվեաթերթիկը քվեարկության չդնելը, քվեաթերթիկները գրպանում դնելն ու հանձնաժողովից հեռանալը, հետագայում կասկածելի քվեաթերթիկը փոխելը:
Այս փաստարկները մի կողմ դնելուց հետո է կրթության պետական տեսչության հանձնաժողովը Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրությունը ճանաչել օրինական: Սամսոն Սահակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ կրթության պետական տեսչության հանձնաժողովը այս անգամ էլ ուսումնասիրում է դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման հետ կապված ԱԺ «Ժառանգություն» խմբակության պատգամավոր Անահիտ Բախշյանի գրությունը և տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանի դիմումը:
Պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀ կրթության պետական տեսչությունից խնդրել է տեղեկատվություն, թե ինչ սկզբունքներով են ընտրվել Աքորիի դպրոցի կառավարման խորհուրդում մանկավարժական խորհրդի և ծնողական կոմիտեների անդամները: Ուսումնասիրությանը ներկա էր Անահիտ Մուսայելյանը և խորհրդում նրան դեմ քվեարկած խորհրդի անդամները:
«Ինչու մինչև դպրոցի կնիքը ընդունելը չներկայացաք դպրոցի կոլեկտիվին»,- նրան հարցրեց խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը:
«Հանձնում-ընդունումից հետո են ներկայանում կոլեկտիվին: Ես այսքան ժամանակ լռում եմ տիկին Թոմոյան, բայց …. »,- եղավ պատասխանը:
«Բարևն էլ են հանձնում-ընդունումից հետո տալիս»,- Մուսայելյանին ընդհատեց Սեդա Թոմոյանը: «Էդ բարևը մի շահարկեք, հա, ես բարևի մեկնաբանությունն ունեմ: Ես գիտեմ, որ Դուք հավատացյալ կին եք, ավելորդ ոչինչ չեմ ասում: Դուք անհարմար չեք զգում, երբ ես այցելել եմ Ձեզ, ասել եմ, որ Ձեզ այնպիսի լավություն կանեմ, որ Դուք երկար կաշխատեք: Դուք չե՞ք ամաչում, որ տեղական հեռուստատեսության եթերում ասում եք, որ ես Ձեզ փող եմ առաջարկել»,- ասած դպրոցի տնօրենը:
«Դուք ինձ չե՞ք ասել, ես Ձեզ մեծ գումար կտամ»,- նրան հարցրեց Սեդա Թոմոյանը:
«Ոչ, ոչ, միանշանակ ոչ: Միանշանակ: Եթե դուք լավություն անելը հասկանում եք միայն փողի տեսքով պատիվ անել, դա Ձեր խնդիրն է: Այսինքն` ամեն մարդ, ով ուզում է Ձեզ լավություն անի, պետք ա փող առաջարկի, հա՞, տիկին Թոմոյան: Ես չեմ հրաժարվում, չեմ հրաժարվում, ուղղակի ամոթ է»:
Պարզ է մի բան, Աքորիի միջնակարգ դպրոցում Անահիտ Մուսայելյանի տնօրեն աշխատելու դեպքում դպրոցում կրքերը չեն հանդարտվելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել