HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 մլն-ի ժամկետանց նյութեր, ձևակերպված, բայց չհաճախող աշխատակիցներ. Արյունաբանականում իրավիճակը չի հանդարտվում

Պրոֆեսոր Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված աղմուկը հետզհետե նվազում է, սակայն հարուցված քրեական գործը ճյուղավորվել է, և նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այդուհանդերձ, առողջապահության նախարար (այժմ` նախարարի պաշտոնակատար) Արսեն Թորոսյանի հայտարարություններից հետո Արյունաբանականի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի կողմից հնարավոր չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կասկածյալներ չկան:

«Հետք»-ն Արյունաբանական կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակն ամբողջացնելով՝ նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարության հետքերով է գնացել: Մի շարք հարցումներ ենք ուղարկել Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, առողջապահության նախարարին, Քննչական կոմիտեի նախագահին, գլխավոր դատախազին, որից հետո զրուցել ենք կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ:

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է անհամեմատ ցածր գնով: Այն գնել էր կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: «Շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր նախարարը՝ հավելելով, որ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են:

Նախկին տնօրենը ո´չ կասկածյալ է, ո´չ մեղադրյալ

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնել են, որ նախարար Արսեն Թորոսյանն Արյունաբանական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, այդ թվում՝ մասնաշենքի վաճառքի մասին, փոխանցել է ոստիկանապետին:

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ օգոստոսին Թորոսյանի` Օսիպյանին հասցեագրած գրության հիման վրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշով քրեական գործ է հարուցվել (Քրօր.308-րդ հոդվածի 1-ին մաս): Նախաքննության ժամանակ պարզվել է, որ «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքը, սպասարկման տարածքները 2007 թվականին կառավարության որոշմամբ մասնավորեցվել են: Գույքի արժեքն այդ ժամանակ գնահատվել է 92 մլն դրամ, սակայն մասնաշենքը ձեռք է բերել ընկերության տնօրեն Սմբատ Դաղբաշյանը 22 մլն դրամով: Հոկտեմբերի 19-ի դրությամբ քրեական գործով կասկածյալներ և մեղադրյալներ չեն եղել: Մինչդեռ Գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ երեք դրվագով է քրգործը հարուցվել: Բացի շենքի վաճառքից՝ նույն քրեական գործի շրջանակում քննվում է թանկ գնումների դրվագը, գրանցված, բայց աշխատանքի չհաճախողների և լաբորատորիայի աշխատակիցների ազատման դրվագը:

Արյունաբանականի մասնաշենքը՝  նախկին տնօրենի սեփականություն

Արյունաբանական կենտրոնի մասնաշենքը կառավարության 2007թ. մարտի 15-ի  352 Ն որոշմամբ դրվել էր աճուրդի: Ըստ Արսեն Թորոսյանի` նախատեսված է եղել անցկացնել թվով 10 աճուրդ, սակայն 7-րդ փորձից է մասնաշենքը վաճառվել, որը գնել է Սմբատ Դաղբաշյանը: Արյունաբանականի մասնաշենքը և կից հողակտորը մասնավորեցնելու որոշումը կայացրել է Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը: Մասնաշենքի ընդհանուր մակերեսը 1495.4 քառակուսի մետր է: Գույքը գնահատվել էր 92 մլն դրամ, մինչդեռ մեկնարկային գինը սահմանվել էր ավելի պակաս՝ 69 մլն դրամ: Մասնաշենքը գնողին պետք է օտարվեր նաև շենքին կից 0.25 հա հողակտորը: Վաճառքից գոյացած գումարի 70 տոկոսը նախատեսված էր ուղղել պետբյուջե, 30-ը՝ Երևան քաղաքի բյուջե, իսկ հողակտորի գումարը՝ պետական գանձարան: Նախաքննությամբ պայմանավորված՝ սուղ տեղեկատվությունից միայն պարզ է, որ մասնաշենքը վաճառվել է ընդամենը 22 մլն դրամով:

Սկանդալի առարկա դարձած շենքը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցի 45/4 հասցեում: Շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Արյունաբանական կենտրոն»-ի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանին:

Նշված հասցեում է տեղակայված 2006 թվականին հիմնադրված «Մաունթ» ՍՊԸ-ն:

Ընկերության հիմնադիրը Աբրահամ Օդաբաշյանն է, որը Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի քրոջ ամուսինն է: «Մաունթ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` ընկերությունը մասնագիտացած է Հայաստանի տարածքում բժշկական սարքավորումների, դեղամիջոցների, քիմիական և լաբորատոր նյութերի ներմուծման և վաճառքի մեջ: Ֆինանսների նախարարության գնումների կայքի համաձայն էլ այս ընկերությունը մի շարք բժշկական հաստատությունների մատակարարումներ է կատարել: Ուշագրավ է, որ արտադրական նշանակություն ունեցող այդ շենքի համար Երևան համայնքին վճարվում է տարեկան ընդամենը 45 հազար դրամ գույքահարկ:

Սմբատ Դաղբաշյանի հետ զրուցելու համար գնացել էինք հենց այն նույն մասնաշենքի տարածք, որը սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Նա մանրամասն շրջայց կազմակերպեց տարածքում՝ ցույց տալով, թե ինչ անմխիթար շենք է գնել: Երկհարկանի շենքի միայն մի հարկի կեսն էր զբաղեցնում «Մաունթ» ՍՊԸ-ն, տարածքի մնացած մասն անբարեկարգ էր և հնամաշ սարքավորումներով էր ծանրաբեռնված:

Հարցին՝ ձեր ինչի՞ն էր պետք այդ շենքը, Սմբատ Դաղբաշյանը պատասխանեց, որ միշտ ունեցել է տեղական հումքից դեղորայք արտադրելու միտք և այդ նպատակով է 2007թ. գնել մասնաշենքը: «Ծրագիր կար փոքրիկ արտադրություն ստեղծել: Ձեռքբերման նպատակը եղել է դա»,- ասաց նախկին տնօրենը՝ նշելով, որ այն ժամանակ իրեն առաջարկել են շենքն այլ անձի անունով ձևակերպել, սակայն հրաժարվել է:

«Ես որևէ բան չեմ խախտել, ամեն ինչ օրինական աճուրդով է եղել: Մարդիկ եկել, նայել են և չեն ցանկացել գնել, քանի որ վատ վիճակում է եղել: Նախնական գինը ոչ թե 92, այլ 60 մլն է եղել: Աստիճանաբար գինն իջեցվել է, և եկել է մի պահ, երբ հնարավորություն է եղել ինձ համար դա ձեռք բերելու»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը՝ նշելով, որ շենքը և շենքին կից հողակտորը միասին գնել է ավելի քան 50 մլն դրամով:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե աճուրդը դիտմամբ չի կայացել, որպեսզի նա ցածր գնով ձեռք բերեր այն, պրն Դաղբաշյանն արձագանքեց. «Չէր կարող արհեստական լինել, քանի որ բաց աճուրդ է եղել: Եթե ես հետաքրքրություն ունենայի ի սկզբանե, ապա հնարավորություն կար այդ ժամանակ ուղղակի ձևով գնել շենքը: Ես այն մարդն էի, որ կարող էի խոչընդոտե՞լ որևէ մեկին»:

Նշենք, որ անշարժ գույքի գործակալություններից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ շինության եւ հողի շուկայական արժեքը մոտ 350 հազար դոլար է։ 

Գրանցված, բայց աշխատանքի չհաճախող 16 աշխատակիցները

Արյունաբանական կենտրոնին առնչվող քրեական գործի մի դրվագով քննություն է տարվում կենտրոնում գրանցված, բայց աշխատանքի չհաճախող աշխատակիցների փաստով: Բանն այն է, որ Արյունաբանական կենտրոնում մինչև փոփոխություններ իրականացնելը գրանցված են եղել թվով 16 աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն հաճախել, բայց վարձատրվել են: Մեր տրամադրության տակ հայտնված ցանկում առնվազն երկու աշխատակից կա, որոնք կապ ունեն կենտրոնի նախկին ղեկավարության հետ: Մեկը նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի կինն է՝ Լիլիթ Սիմոնյանը, իսկ մյուսը՝ կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Ալին Այվազի եղբայրը՝ Ջորջ Այվազը (սիրիահայ): Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրինք՝ այս գրանցված և աշխատանքի չհաճախող աշխատակիցները հիմա շարունակո՞ւմ են «աշխատել»: Սամվել Դանիելյանը պատասխանեց, որ նրանք ազատվել են աշխատանքից նախկին տնօրենի որոշմամբ, վերջինիս ազատումից օրեր առաջ:

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը գրանցված, բայց աշխատանքի չհաճախող աշխատակիցների դրվագը կեղծիք է որակում: «Որքանով ինձ է հայտնի, խոսքը 16-17 աշխատակիցների մասին է: Ցանկին մոտավորապես տեղյակ եմ, այդ աշխատակիցները նույնպես հրավիրվել են համապատասխան մարմիններ, ես չեմ իմանում մեկին, որը գրանցված է եղել և չի հաճախել աշխատանքի: Մեղադրում են, թե իբր ես դա կազմակերպել եմ, իբր քարտերը թողել են ինձ մոտ և այլն: Կեղծիք է ուղղակի: Իմ տեսակին անհասկանալի է: 60-100 հազար դրամ աշխատավարձ ստացողին ես այդպես անեի: Խնդրի դրվածքն է անհասկանալի: Կպարզեն»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը:

20 մլն դրամի ժամկետանց նյութերն Արյունաբանականում

Արյունաբանական կենտրոնի իմունոֆոնոտիպավորման լաբորատորիայի միջոցների հանձնման-ընդունման ժամանակ պարզվել է, որ կենտրոնի լաբորատորիայում մեծ քանակությամբ ժամկետանց նյութեր կան: Այդ մասին մեզ տեղեկացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, որն այդ խնդրով օգոստոս ամսին դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: Ոստիկանապետին հասցեագրված գրության մեջ նշված է՝ լաբորատորիայի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել է, որ լաբորատորիայում առկա նյութերից շուրջ 20 մլն դրամից ավել արժեքով նյութեր գտնվում են ժամկետանց վիճակում: «Հաշվի առնելով, որ տվյալ նյութերի մեծ մասի մատակարարները հանդիսացել են «Մաունթ» ՍՊ և «Լինարե» ՍՊ ընկերությունները, որոնք, ըստ նախնական տվյալների, փաստացի պատկանում են Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանին, ուստի ենթադրվում է, որ տվյալ նյութերը տարիներ շարունակ մատակարարվել են Արյունաբանական կենտրոն փաստացի սպառումից զգալի չափով ավելին՝ սեփական ընկերությունների իրացման շրջանառությունը և եկամուտները ապահովելու նպատակով»,- ասված է ոստիկանապետին ուղարկված գրության մեջ: Սակայն քննչական մարմնում այս դրվագով քննություն չի ընթանում:

Պարզվում է, որ նույն լաբորատորիայի ղեկավար Ալին Այվազի և նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ փոխկապակցված ընկերությունը Արյունաբանական կենտրոնի մատակարարն է: 2016թ. հիմնադրված «Նանա մեդ» ընկերությունը կենտրոնին օդի զտիչներ է մատակարարում: Ընկերության բաժնետերերն են Գարոլին Այվազը և Մարթա Սիմոնյանը` համապատասխանաբար 70 և 30 տոկոս բաժնեմասերով: Գ. Այվազը լաբորատորիայի նախկին ղեկավարի քույրն է, իսկ Մարթա Սիմոնյանը Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենի կնոջ՝ Լ. Սիմոնյանի քույրն է: Նշենք, որ Լիլիթ Սիմոնյանը 2010-ից աշխատել է Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոնում» որպես ավագ գիտաշխատող՝ համատեղության կարգով: Նա այժմ աշխատում է ԵՊԲՀ-ի թերապիայի թիվ 3 ամբիոնում որպես դոցենտ: Նշենք, որ «Նանա Մեդ» ընկերությունը հիմնադրվել է 2016թ. դեկտեմբերի 15-ին:

Արյունաբանականի գնումների պայմանագրերը հասանելի չեն

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` «Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը հայտնել է, որ կենտրոնի 5 խոշոր մատակարարները հետևյալ ընկերություններն են. «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ, «Լինարե» ՍՊԸ, «Պրոմ-տեստ» ՍՊԸ, «էմմա Ասլանյան և որդիներ» ՍՊԸ, «Վիոլա» ՍՊԸ: Այս ցանկից պարզ է դառնում, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն պնդումը, թե Արյունաբանականի վաճառված մասնաշենքում տեղակայվել է կենտրոնի հիմնական մատակարարը, ճիշտ չէ: «Մաունթ» ՍՊԸ-ն ներառված չէ Արյունաբանականի 5 խոշոր մատակարարների մեջ:

Արյունաբանական կենտրոնի տնօրենի ԺՊ-ին մենք խնդրել էինք տրամադրել նաև խոշոր մատակարարների հետ կնքված պայմանագրերը, սակայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է. «Հիմք ընդունելով պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն ՓԲԸ ղեկավարության և աշխատակազմի վերջերս իրականացված փոփոխությունները, նախկինում փաստաթղթերի թերի վարումը, պահպանումը և փոխանցումը նոր աշխատակազմին, ինչպես նաև հայցվող տեղեկատվության ծավալն ու բնույթը՝ տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում տեխնիկապես հնարավոր չէ ձեզ հատկացնել ձեր գրության 1.1 և 1.3 կետերով հայցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը»: Ֆինանսների նախարարության «armeps.am» հարթակում էլ ՓԲԸ-ների հետ կնքված պայմանագրերը չկան, քանի որ «Գնումների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի տրամաբանությամբ՝ ֆինանսների նախարարությունը ՓԲԸ-ների կնքած պայմանագրերի մասով հաշվառում չի իրականացնում: Արյունաբանական կենտրոնի պաշտոնական կայքի «գնումներ» բաժինը դատարկ է, որևէ փաստաթուղթ հրապարակված չէ:

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը պնդում է, որ իրեն պատկանող տարածքում տեղակայված «Մաունթ» ՍՊԸ-ն փոքր մատակարարումներ է իրականացրել Արյունաբանականին, սակայն ինքը դրան դեմ է եղել: «Իմ քրոջ ամուսինն է տնօրենը: Սկզբնական շրջանում ընկերության տարեկան շրջանառությունը եղել է 25-30 մլն դրամի սահմանում: 4-5 աշխատակից է ունեցել, որոնք հիմնականում պլաստմասսե նյութեր են ներմուծել և վաճառել: Ես կողմ չէի, որ իրենք Արյունաբանականի հետ աշխատեն, որ հետագայում չմեղադրեին բարեկամական կապի համար: Այս ընկերությունը շատ քիչ բան է մատակարարել Արյունաբանական կենտրոնին: 2015-18թթ. մատակարարվել է ընդամենը 6 մլն 729 հազար դրամի նյութ, որից 5 մլն 400 հազար դրամը նյութերի ինքնարժեքն է եղել: Սա այն դեպքում, երբ Արյունաբանականում ամբողջ մրցույթների գումարը տարեկան կտրվածքով կազմել է մոտ 700 մլն դրամ: Ո՞նց կարող էր 6 մլն դրամը լիներ հիմնական մատակարարը»,- հակադարձում է Սմբատ Դաղբաշյանը:

ՓԲԸ-ի հաշվապահական փաստաթղթերի մի մասը չկա

«Արյունաբանական կենտրոն»-ի տնօրենի փոփոխությունից հետո ֆինանսական աուդիտ է անցկացվել ՓԲԸ-ում: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը: Վերջինս մեզ է տրամադրել աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:

«Հայաուդիտ» ՍՊԸ-ի իրականացրած աուդիտի եզրակացությունը բացասական է եղել: Անկախ աուդիտը եզրահանգել է, որ «Արյունաբանական կենտրոն»-ը խախտել է ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքները: ՓԲԸ-ն չի հաշվառել, ֆինանսական հաշվետվություններում չի արտացոլել օգտագործման ու տիրապետման իրավունքով ստացած շարժական և հիմնական միջոցները: Խոսքը 5,8 մլրդ դրամի մասին է:

«Ընկերությունում առկա հաշվապահական ծրագրերով ոչ նյութական ակտիվների և դրանց մաշվածքի անալիտիկ և սինթետիկ հաշվառում չի իրականացվել: ՈՆԱ-երի համար չկան անալիտիկ հաշվառման քարտեր, հաշվառման գրանցամատյաններ կամ հաշվառման այլ ձևեր»,- ասված է աուդիտի եզրակացության մեջ: Անկախ աուդիտորներն արձանագրել են նաև, որ «Արյունաբանական կենտրոն»-ը պաշտոնների գույքագրում չի կատարել, որի պատճառով հնարավորություն չի եղել պարզել պաշտոնների գույքագրումը 2017 թվականի տարվա սկզբի և վերջի դրությամբ:  

«2012-2015թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների փաթեթում չեն ներառվել սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները»,- ասված է եզրակացության մեջ:

Նախկին տնօրենին հարցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ իր պաշտոնանկությունից հետո ազատված աշխատակիցները որոշ փաստաթղթեր հետները տարած լինեին: «Հնարավոր չէր, հաշվապահությունը հստակ հանձնել է իր բոլոր հաշվետվությունները: Եթե հանձնել է, ապա նրանք պետք է ունենային, ուրիշ բան, եթե որոշակի տարիների փաստաթղթեր են պահվում: Ֆինանսական փաստաթղթերը բոլորը թվայնացված են, հարկային հաշվետվությունում դրանք կան, ով ուզենա, կարող է տեսնել, միտում էլ չկա, որ որևէ մեկը ֆինանսական փաստաթղթեր վերցնի, գնա: Ֆինանսական փաստաթղթերը մեր պահապաններն են, դա է կարևոր: Ես միշտ փաստաթղթերի պահպանության խնդիրը դրել եմ հաշվապահի առաջ»,- պատասխանեց Սմբատ Դաղբաշյանը: Վերջինս, ծանոթանալով աուդիտի եզրակացությանը, նշեց, որ եզրակացության մեջ միտում է տեսնում, որը վայել չէ աուդիտորին:


5 խոշոր մատակարարները

Ուսումնասիրելով «Արյունաբանական կենտրոն»-ի հիմնական և 5 խոշոր մատակարարների՝ «Լինարե», «էմմա Ասլանյան և Որդիներ», «Պրոմ-Տեստ», «Վիոլա» ՍՊԸ-ների և «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի տվյալները, պարզեցինք, որ այդ ընկերություններից երկուսը կապ ունեն ՓԲԸ-ի նախկին փոխտնօրեն Արթուր Շեգունցի հետ:

«Լինարե» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ.: Արթուր Շեգունցը «Լինարե» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել 2017թ. մարտին, այսինքն՝ փոխտնօրենի պաշտոնը թողնելուց հետո: Սակայն, մինչ այդ ընկերության 50% բաժնետերը եղել է Շեգունցի մայրը՝ Արաքսյա Ասլանյանը: Վերջինս քաղաքացի Մամիկոն Ղարագյոզյանի հետ է հիմնադրել ՍՊԸ-ն՝ հավասարաչափ կիսելով բաժնեմասը: Ըստ Շեգունցի ֆեյսբուքյան էջի, նա «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում աշխատել է 2005-2016թթ.: Նշենք, որ «Լինարե» ՍՊԸ-ն վերջին տարիներին մասնակցել է պետական գնումներին և բժշկական ապրանքներ մատակարարել պոլիկլինիկաներին, բժշկական հաստատություններին:

Հաջորդ խոշոր մատակարարը «Էմմա Ասլանյան և Որդիներ» ՍՊԸ-ն է: Ընկերության 100 % բաժնետերը Արեգ Ասլանյանն է: Վերջինս «Արյունաբանական կենտրոն»-ի տնօրենի նախկին տեղակալ Արթուր Շեգունցի մորեղբոր որդին է: Արեգ Ասլանյանն ընկերության բաժնետեր է դարձել 2016թ. հունիսի 30-ից: Ընկերությունը հիմնադրվել է 2006թ. Արեգ Ասլանյանի հոր՝ Ռոբերտ Ասլանյանի և ազգակցի՝ Արսեն Ասլանյանի կողմից: Ռ. Ասլանյանը Արթուր Շեգունցի մորեղբայրն է: Այս ընկերությունը ևս մասնակցել է պետական գնումներին: Նշենք, որ Արեգ Ասլանյանի եղբայրը՝ Արմեն Ասլանյանը, 2012-2016թթ. եղել է Գորիս համայնքի ավագանու անդամ: Նա «Արմեն-Արեգ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է:

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն գործում է 1996թ-ից: ՓԲԸ-ն սկզբում գործել է որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն: 2005-ից նաև սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն նաև խոշոր հարկ վճարող է: Այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով` ընկերությունը հարկային մարմիններին վճարել է մոտ 433 մլն դրամ հարկ և 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել 183-րդ հորիզոնականը:

«Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն գործունեությունը սկսել է 1998թ.-ից: Ընկերությունը Հայաստանում զարգացնում է մոլեկուլային կենսաբանությունը: Հիմնադիրը երևանաբնակ Արթուր Մելքոնյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնեմասերի 98%-ը: Ընկերությունում 2% ունի Առաքել Համբարձումյանը:

«Վիոլա» ՍՊԸ-ն ևս նոր ընկերություն չէ: Հիմնադրվել է 1994թ.՝ Արմեն Մեժլումյանի և Սեդա Մարգարյանի կողմից, համապատասխանաբար՝ 80% և 20% բաժնեմասերով: Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` ընկերության կանոնադրական կապիտալը 50 մլն դրամ է:

Նախկին տնօրենը՝ իր ազատման, ռևանշի և այլնի մասին

«Երբ որ նոր նախարար նշանակվեց, ես մոտեցա իրեն, շնորհավորեցի և թուղթ խնդրեցի ազատման դիմում գրելու համար: Իր աշխատասենյակում ասեց, որ նպատակ չկա ինձ ազատելու, որովհետև ես լավ հիվանդանոց եմ ստեղծել»,- իր ազատման պրոցեսը վերհիշեց Սմբատ Դաղբաշյանը: Ըստ նրա` նպատակ չկար իրեն աշխատանքից ազատելու, բայց ցանկացել էր հեղափոխությունից հետո ճանապարհը բացել նոր մարդկանց համար:

«Ես կառչած չեմ եղել պաշտոնից, ես բավարարվել եմ իմ աշխատանքով, ես գտնում եմ, որ ստեղծել եմ Հայաստանի ամենալավ բուժհիմնարկներից մեկը: Ինքը թույլ չտվեց, ասեց` գնա հանգիստ աշխատի: Եկավ Արյունաբանական, հանդիպեց կոլեկտիվին և ինչ-ինչ պատճառներով երևի որոշ ինֆորմացիա ունեցավ, որ ֆինանսական խախտումներ են եղել և ասեց` դիմում գրի, ազատվի: Ես առաջարկեցի աշխատեմ մինչև ստուգումների ավարտը, ասեց` լավ կլինի ավելի շուտ ազատվես»,- վերհիշեց Սմբատ Դաղբաշյանը:

«Այնտեղ վերադառնալու ցանկություն չունեմ, նոր տնօրինությանը մաղթում եմ բարեհաջող աշխատանք, եթե որևէ տեղ կցանկանան իմ ընդունակություններն օգտագործել, կարող եմ ես օգնել, որովհտև ես օգնում եմ ոչ թե կոնկրետ անձի, այլ ազգաբնակչությանը: Արսեն Թորոսյանին շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն է տվել ազատ ապրելու, նաև իմ մտքերն ավելի կենտրոնացնելու, հիմա ես աշխատում եմ արյունաբանական դասագրքի վրա, որ ուսանողների համար է, նրանց հետ աշխատելը հետաքրքիր է: Արսեն Թորոսյանն ինձ հնարավորություն է տվել որոշակի պատկերացում կազմեմ իմ շրջապատի մարդկանց մասին»,- եզրափակեց Արյունաբանական կենտրոնը 17 տարի ղեկավարած Սմբատ Դաղբաշյանը:

Տիրայր Մուրադյան, Գրիշա Բալասանյան