Նոյեմբերը միստիկ ամիս է դարձել ինձ համար
Մհեր Ենոքյան, «Հետք»-ի թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
22 տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, դատավոր Զինավոր Ղուկասյանն՝ ընդամենը 1-2 դատական նիստով 4-5 անգամ փոփոխված 1 ցուցմունքի հիման վրա, կայացրեց մահապատժի անօրեն դատավճիռ:
2012-ին հենց նույն մահվան դատավճռի օրը` նոյեմբերի 29-ին, Սլավոնական համալսարանից հանձնաժողովն այցելեց բանտ և ՔԿ վարչության աշխատակիցների ներկայությամբ հանձնեցի ընդունելության քննությունները՝ դառնալով իրավագիտության ֆակուլտետի ուսանող:
Հետաքրքիրն այն էր, որ նույն պահին, երբ ես բուհ էի ընդունվում, Մհեր Մկրտչյան թատրոնում մեր սիրելի դերասաններ Վարդան Պետրոսյանն և Կարինե Ջանջուղազյանը ներկայացնում էին «Մհերի դուռը» բեմական ընթերցումը, որն իմ «Իրական պատմություն» ստեղծագործության հիման վրա բեմադրել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Թուրքի արմնկին կրակելու համար մահապատժի դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանի հետ ազատություն վերադառնալու համար մենք նոյեմբերն էինք ընտրում: Փախուստներին նախապատրաստվում էինք նոյեմբերից: Մեր փախուստներից մեկը դարձյալ նոյեմբերի վերջին արեցինք, մյուսը՝ դեկտեմբերի սկզբին:
Անցյալ տարի նոյեմբերի 29-ին վճռաբեկ դատարան դարձյալ մուտքագրվեց անօրեն մահապատժի դատավճռի դեմ մեր բողոքը, որը, սակայն, կրկին մերժվեց շաբլոնային տեքստով: Անգամ շաբլոնը չէին փոխել:
Մի խոսքով, ինքներդ էլ համոզվեցիք, որ նոյեմբեր ամսվա մեջ իմ անօրեն մահապատժի դատավճռի պատճառով ինչ-որ միստիկ շրջան է գոյացել: Զգում եմ՝ ազնիվ ու բարի մարդկանց շնորհիվ այն գրեթե կոտրվել է, սակայն մնում է իր խոսքն ասի Նոր Հայաստանի արդարադատությունը, որն առայժմ դեռ փոփոխության նշույլներ ցույց չի տալիս:
Օրեր առաջ ավարտեցի իմ գործի վերաբացման պահանջով ևս մեկ վճռաբեկ բողոք: Շատերդ հարցնում եք՝ ինչու՞ օր առաջ նորից չեմ դիմում վճռաբեկ դատարան, որպեսզի վերանայվի աղաղակող սխալների վրա կայացված գործը, որտեղ կեղծիքները ոչ միայն քննիչի ու դատախազի կողմից են արվել, այլ հենց դատավոր Ղուկասյանի: Բացատրությունը մեկն է՝ նախ նախկինում բազմիցս ենք վիճարկել, սակայն վճռաբեկ դատարանը, նույնիսկ չծանոթանալով վճռաբեկ բողոքի նյութերին, փոքր երկտողով մերժման որոշումներ է կայացրել: Բացի այդ, հեղափոխությունից հետո, երբ մեր պատրաստած վճռաբեկ բողոքը հարկավոր է պարզապես մուտքագրել վճռաբեկ դատարան, մենք դեռ սպասում ենք, քանի որ վճռաբեկ դատարանում տեղի չի ունեցել իրական որևէ փոփոխություն. նույն դատավորներն են, որոնք իմ կարծիքով՝ ունեն նույն կապերը նախկին իշխանությունների ու նրանց մերձավոր շրջապատի հետ, ասել է թե նույն շահերն են, որոնք արդարադատության շահի հետ հաճախ որևէ կապ չեն կարող ունենալ:
Դատական համակարգը դեռ չի մաքրվել զանգով մարդ դատող ու մարդ ազատող, փողով հարց լուծող դատավորներից: Չի ազատվել, քանի որ մինչ օրս որևէ դատավոր պատասխանատվության չի ենթարկվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը, ինչքան գիտեմ, երբևէ չի կիրառվել: Ասել կուզեն՝ մեր դատարանը երբեք չի սխալվել:
Բոլորը պնդում են, որ մինչ մեր իրականացրած թավշյա հեղափոխությունը՝ դատական համակարգը փտել էր կոռուպցիայից, նախագահականից և մեծահարուստ, կապեր ունեցող տուժողների կամ նման կապեր ունեցող իրական հանցագործների հրահանգներ կատարելուց: Հետևաբար ու՞ր են հետաքննությունները: Այդ նույն դատավորները շարունակում են նստած մնալ իրենց տաքուկ աթոռներին: Ենթադրենք նախագահականից անօրեն հրահանգներ այլևս չեն կատարվում, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ կոռուպցիայի մեջ թաղված դատավորները չեն շարունակում նույնը՝ մեծահարուստ և դեռ իրենց նախկին կապերն օգտագործող տուժողների վրեժխնդիր լինելու ցանկությունը գերակա համարելով, կամ մեծահարուստ հանցագործներին ազատ արձակելով կամ ի տարբերություն անտերների՝ անասելի մեղմ պատիժներ նշանակելով:
Դեռ շարունակվում է նախկին երեք ռեժիմների օրոք հիմնված դատական համակարգի անսխալականության բարդույթը: Պատճառներից մեկը հետևյալն է՝ ամեն եկող իշխանություն վախեցել է անդրադառնալ նախորդների օրոք գործած դատական սխալներին միայն այն պատճառով, որ շարունակել են այդ սխալները, այսինքն` խուսափել են վեր հանել դրանք, որպեսզի իրենց սխալներն էլ կոծկեն հետագայում եկող իշխանությունները, ու սա փակ շրջան է, երբ անիրավներն են իշխանություն ստանում: Իսկ հիմա՞...
Խորապես համոզված եմ` մինչև ներկայիս իշխանությունները Նոր Հայաստանում չվերանայեն քաոսային իրավիճակում ձևավորվող նորանկախ Հայաստանի՝ 90-ականների կասկածելի հանգամանքներում քննված մահվան դատավճիռներով գործերը` իներցիոն պրոցեսը դատական համակարգում դեռ շարունակվելու է: Իսկ իրական հեղափոխության կարիք ունի հենց դատաիրավական համակարգը:
Այնպես որ դատապարտյալները, մեր հարազատները, ընկերները և պարզապես գիտակից հարյուր հազարավոր հպարտ քաղաքացիներ անհամբեր սպասում ենք Ազգային ժողովի ընտրություններին` հույսով, որ գոնե ԱԺ ընտրություններից հետո կձեռնարկվեն արդյունավետ քայլեր առողջացնելու դատական համակարգը, վերջապես հեղափոխության տրամաբանությանը համահունչ կիրականացվի անցումային արդարադատությունը:
Իսկ մինչ արդարադատության կայացումը, հույսով կսպասենք մարդասիրությանը, որը, ինչպես և արդարադատությունը նախկին ռեժիմների օրոք, կիրառվում էր ընտրովի՝ միայն յուրայինների հանդեպ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել