Ստեփան Սաֆարյանը մասնակցել է Եվրանեսթի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին
Հունվարի 26-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցեց Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն է Վեհաժողովի արեւելյան բաղադրիչի կողմից:
Հանձնաժողովի օրակարգի հիմնական հարցն ապրիլին Բաքու քաղաքում տեղի ունենալիք Վեհաժողովի հաստատմանը ներկայացվելիք զեկույցի նախագծի ներկայացումն ու քննարկումն էր, որի թեմատիկ ուղղվածության վրա մեծ ազդեցություն էր թողել 2011թ. սեպտեմբերի 14-ի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակության ներկայացրած եւ ընդունված առաջարկությունը Եվրանեսթի անդամ երկրների տարածքում վերականգնողական էներգետիկայի ու էներգետիկ արդյունավետության խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ:
«Էներգետիկ անվտանգություն, վերականգնողական էներգետիկա, էներգետիկ արդյունավետություն. զարգացումները Արեւելյան գործընկերությունում եւ ԵՄ երկրներում» զեկույցի քննարկման շրջանակներում Ս.Սաֆարյանը համահեղինակներին ներկայացրեց զեկույցում Հայաստանին վերաբերող որոշ բաց թողնված փաստեր (մասնավորապես' ԵՄ-ի հետ համատեղ Մեծամորի ատոմակայանի սթրես-թեսթավորման գործընթացի մասին):
Նա առաջարկեց մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը զեկույցում հավասարակշռություն ապահովել ավանդական էներգետիկայի եւ ապագայամետ էներգետիկայի (վերականգնողական, կայուն էներգետիկ սեկտոր) միջեւ' խրախուսելով վերջինում եվրոպական ներդրումները, հատկապես երբ զեկույցը հղում է կատարում Եվրոպա -2020 ռազմավարությանը, որտեղ նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել վերականգնողական էներգետիկայի կշիռը Եվրոպական ողջ էներգետիկ առաջարկում:
Սաֆարյանը հատուկ կարեւորեց տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու տարբեր կոնվենցիաներով պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը, հատկապես, երբ նախկինում բազմաթիվ խոշոր ծրագրեր (նավթամուղներ, գազամուղներ եւ հիդրոկարբոնային ավազանների շահագործում) իրականացվել եւ իրականցվում են միջազգային բնապահպանական կոնվենցիաների խախտումներով: Ըստ այդմ, նա անհրաժեշտ համարեց զեկույցում էներգետիկ ծրագրերի նաեւ բնապահպանական դիտանկյան արտացոլումը: Իր հերթին պատգամավորը հայտարարեց, որ սահմանված ժամկետում' մինչեւ մարտի 2-ը, այս ու այլ խնդիրների վերաբերյալ սեփական դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի համազեկուցողներին:
Սաֆարյանը հույս հայտնեց, որ Եվրանեսթի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի զեկույցը ժամանակային ու բովանդակային առումներով ներդաշնակ կլինի ներկայումս Եվրոպական խորհրդարանում քննարկվող «Սահմաններից անդին գործընկերների հետ էներգետիկ համագործակցության մեջ ներգրավվելը. ռազմավարական մոտեցում անվտանգ, կայուն եւ մրցունակ էներգամատակարարմանը» զեկույցի հետ, որի ներկայացմանը հաջորդած քննարկմանը նույնպես Սաֆարյանն ակտիվ մասնակցություն ունեցավ:
Սաֆարյանի կողմից ուղղումներ առաջարկվեցին նաեւ հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության մեջ, որը հաստատվեց հունվարի 26-ի նիստում:
Հանձնաժողովի նիստից դուրս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հանդիպումներ եւ քննարկումներ ունեցավ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել