HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նորակերտի համայնքապետարանում միջմարզային գործուղումներ չկան, բայց ավտոմեքենաները շահագործվել են

Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ և բացթողումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Նորակերտի համայնքապետարանում: Դրանցից մի դրվագը վերաբերում է երկու ավտոմեքենաների շահագործմանը: Հաշվեքննությունն ընդգրկել է 2016թ. հունվարից մինչև 2018թ. հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածը:

Ըստ եզրակացության, 9 ամիս՝ մինչև 2016թ. հոկտեմբերի 11-ը, Նորակերտի համայնքապետարանի կողմից շահագործվել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան, որը գտնվել է «Նորակերտի բուժամբուլատորիա» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում: Մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը շահագործվել է Toyota Lend Crauser Prado մակնիշի ավտոմեքենան: Ստուգման արդյունքների համաձայն, դրանից հետո, մինչև այս տարվա հունիսի 19-ը, անվարձահատույց շահագործվել է Նորակերտ համայնքի բնակիչ Ա. Ղուկասյանին պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:

Ուսումնասիրությամբ բացահայտվել է, որ նշված «Վազ» ավտոմեքենան բուժամբուլատորիայի բալանսում գտնված ավտոմեքենան է եղել, որը 2017թ. հունիսին աճուրդով օտարվել է Ղուկասյանին:

Նորակերտի համայնքապետարանը կնքված պայմանագրերով  «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից ստուգվող ժամանակահատվածում ձեռք է բերել և նշված երկու ավտոմեքենաներով ծախս է ցույց տվել 4694 լիտր բենզին՝ 1 մլն 635 հազար դրամ ընդհանուր արժեքով:

Ըստ ավտոուղեգրերում կատարված նշումների, «Վազ 21214» և Toyota Lend Crauser Prado մակնիշի ավտոմեքենաները, բացի Արմավիրի մարզ կատարված երթերից, կատարել են երթեր նաև տարբեր մարզերի քաղաքներ: Երթերի կատարման վերաբերյալ համայնքապետարանում բացակայում են աշխատակազմի աշխատակիցների կամ համայնքապետի կողմից գործուղումներ մեկնելու վերաբերյալ հրամաններ:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիմք է հանդիսացել «Հետք»-ում հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը:

Այդ ժամանակահատվածում գյուղում բողոքի ակցիաներ էին ընթանում՝ պահանջելով Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանի հրաժարականը:

Բացի վերը նշվածը, ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ համայնքի ֆիզիկական անձանց հողի հարկի բազայում առկա են անհամապատասխանություններ: Հաշվարկները կատարվում են առանց համակարգչային ծրագրի՝ ձեռքով, հաշվառման գրքով:

Այլ խախտումներ ևս հայտնաբերվել են:

Լուսանկարում՝ համայնքապետ Շահեն Կարապետյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter