Ապրելը վտանգավոր է
«Ես քարանձավի բնակիչներին նախանձում եմ: Քարանձավում քամին մի կողմից ա փչում, իսկ ըստեղ' ամեն կողմից, դե արի էս պայմաններում քեզ մարդ զգա...»,-ասաց Ստեփանավանի 179 շենքի բնակիչներից մեկը ի պատասխան մեր հարցի, թե ինչպես եք ապրում վթարային շենքում:
Ստեփանավանում երկրաշարժից հետո հարյուրավոր ընտանիքներ դարձան անօթեւան, իսկ շատերը մինչ օրս ստիպված են ապրել ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ գտնվող շենքերում:
Այսօր Ստեփանավանում 12 բազմաբնակարան շենք համարվում է վթարային: Տասը տարի առաջ «Հայսեսմշին» կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքում այդ վթարային շենքերը բաժանվել են կարգերի, ըստ որի 12-ից 2-ը երկրորդ կարգի վթարային են համարվել (դեռ կարելի է ապրել), 6-ը համարվել են 3-րդ կարգի վթարային (փլվելու վտանգն ավելի մեծ է), 2-ը' 3-րդ կարգի, բայց անմիջապես վերանորոգման ենթակա (ապրելը վտանգավոր է), իսկ մյուս 2-ը 4-րդ կարգի են (ապրելն արգելվում է օրենքով): Վերջին եւ ամենավտանգավոր կարգում հայտնված շենքերում, չնայած օրենքի պահանջներին, շարունակում են մարդիկ ապրել:
Ստեփանավանի քաղաքապետարանում բացատրում են, որ այդ ընտանիքները բնակարանով ապահովվել են դեռեւս անցյալ տարի' առաջնահերթության ցուցակի համաձայն: Շենքում ապրողները չեն հերքում այդ փաստը, բայց ավելացնում են, որ երկրաշարժից հետո իրենց ընտանիքները մեծացել են, երեխաներն ամուսնացել են, ուստի մեկ բնակարանը քիչ է:
Չարենցի 179 շենքը համարվում 3-րդ կարգի, բայց անհապաղ վերանորոգման ենթակա: Այս շենքում 48 ընտանիք է ապրում: Նրանցից շատերն այստեղ են շենքի շահագործման օրվանից' արդեն 33 տարի:
«Դեռ էն ժամանակ էլ հիշում եմ, որ շենքը չէին ընդունում, ասում էին, որ ինչ-որ բան էն չի, էն գլխից վթարային է էս շենքը»,-ասում է շենքի առաջին բնակիչներից մեկը' 77-ամյա Արաքսյա Մարդոյանը: Նա ապրում է շենքի 5-րդ հարկում իր աղջկա հետ: Այս հարկի բնակիչներն ամենից շատ են տուժում շենքի կիսախարխուլ վիճակի պատճառով: Տանիքը վաղուց մաշվել ու քայքայվել է, իսկ անձրեւաջրերն ուղիղ տուն են լցվում:
«Շան տանջանք ա սկսվում անձրեւոտ օրերին, մեկ էլ' ձնհալի ժամանակ, տանը զոնտիկով ենք ման գալիս, սաղ պոլերին աման-չաման ենք շարում, որ տանը ջրհեղեղ չլինի, հարեւանի տուն չլցվի, կռիվ չսկսվի, պարկետը չփչանա, բայց ի՞նչ չփչանա, տեսեք հլա ինչ օրն ա ընկել, ներքեւիս հարեւանի հետ էլ ամեն շաբաթ կռվում եմ, նրա տունն էլ ջոգա փչանըմ»,-բողոքում է Արաքսյա տատի դուստրը' Ամալյա Մարդոյանն ու ավելացնում,-«տանիքի պանելը կախվել էր, արդեն գլխներիս էր փլվում, էնա մի կերպ ըստեղից-ընդեղից քար, ցեխ, ավազ իրարով արեցի, իմ կնիկ հալով բարձրացա կռիշն ու մի թիքա վրա հավաքեցի, բայց ի՞նչ, թքով կպցրած կռիշի տակ ապրել կլինի՞»:
Շենքի բնակարանների մեծ մասը սեփականաշնորհված է, հետեւաբար գտնվում է քաղաքապետարանի բնակշահագործման բաժնի հովանավորությունից դուրս, ասել է թե' վերանորոգման խնդիրներով զբաղվելը բնակիչների գործն է: Սակայն բնակիչները մոռանում են անվտանգության խնդրի մասին' բավարարվելով միայն գլխներին «տանիք» ունենալով:
Շենքում լուրջ խնդիր է նաեւ ներքին կոյուղացանցի եւ ջրատար խողովակների մաշվածությունը: Դրանց հետեւանքով ջուրը լցվում է շենքի հիմքը' մեծացնելով առանց այդ էլ փլվելու պատրաստ շենքում ապրելու վտանգը: Քաղաքապետարանում նշում են, որ քաջածանոթ են խնդրին, բայց քաղաքաշինության նախարարությանը դիմելուց բացի ոչինչ անել չեն կարող' տեղական բյուջեի հնարավորությունները սուղ են:
«Մենք քաղաքաշինության նախարարությանը համապատասխան ծրագիր ենք ներկայացրել վթարային շենքերի վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ հարցը շուտափույթ լուծում ստանա: Առաջնային խնդիրը հիմա անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելն է»,-ասում է Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը:
Անօթեւան ընտանիքների թիվը Ստեփանավանում միայն առաջնահերթության ցուցակով 164 է, բացի այդ' գոյություն ունի պետական բնակարան չկորցրած, բայց անօթեւան համարվող ընտանիքների եւս մեկ ցուցակ' 612 ընտանիքից բաղկացած: Սրանց մեծ մասն ապրում է վագոն-տնակներում, եւ բնական է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում հենց այսպիսի ընտանիքներն են, իսկ վթարային շենքերի հերթին դեռ շատ կա:
Երկու տարի առաջ երրորդ կարգի վթարային շենքերից մեկի պատշգամբը փլվելու հետեւանքով մի կին մահացավ: Այդ մասին խոսեցին մեկ շաբաթ: Հետո տունը վաճառեցին, նոր տանտերը նոր պատշգամբ կառուցեց, ու բոլորը մոռացան, որ շենքի կիսախարխուլ վիճակը մարդկային կյանք արժեցավ...Իսկ մարդիկ շարունակում են ապրել վթարային շենքերում:
Ցոլինե Միքայելյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել