Հանձնում եմ պետության խնամքին
Մեր ամեն ինչն «ուրիշ է». աշխարհում թերեւս երկրորդ երկիր չես գտնի, որտեղ որբանոցներում (մանկատներում) ոչ թե որբ երեխաներին են պահում, այլ ողջ-առողջ ծնողների զավակներին: Որքան էլ տխուր հնչի, Հայաստանի մանկատների մոտ 1000 սաների հիմնական մասի ծնողները (գոնե մեկ ծնողը) ողջ են:
Սակայն մեր «որբերի» թիվը հազարից ավելի է, մասնագետները ծնողական խնամքից զրկված երեխաների կատեգորիային են դասում նաեւ բոլոր հատուկ տիպի դպրոցների սաներին (գիշերօթիկներ, հատուկ կարիքներով երեխաների դպրոցներ), որոնց թիվը 12 հազար է եւ որոնց վիճակն ավելի բարվոք չէ, քան այն հազարինը, որոնց ծնողները, փաստորեն, ավելի «ազնիվ» են գտնվել եւ իրենց զավակների խնամքը լիովին հանձնել են պետությանը:
Անշուշտ, երեխային հատուկ դպրոց ու մանկատուն հանձնողներից շատերին նման քայլի դրդել է կարիքն ու գործազրկությունը, ոմանք իրենց զավակներին մանկատուն են հանձնել հիվանդության, ընտանեկան անախորժությունների, ամուսնալուծությունների, մյուսները՝ սթրեսների, հուսահատության պատճառով, բայց փաստ է, որ Հայաստանում, որտեղ Սպիտակի ահեղ երկրաշարժից հետո ոչ մի նոր մանկատուն չբացվեց, այժմ մանկատները լեփ-լեցուն են, եւ խոսում են նոր մանկատների բացման անհրաժեշտության մասին: Սա նաեւ հասարակական բարոյալքման ցուցանիշ է:
Մանկատների տնօրենները մի տխուր փաստ էլ նշեցին՝ թեեւ երեխային մանկատուն հանձնող ծնողը, որպես կանոն, իր դիմումում չի հրաժարվում երեխայից, այլ գրում է՝ «հանձնում եմ ժամանակավոր», սակայն տարիների ընթացքում երեխաներին ետ վերցնելու հատուկենտ դեպքեր են արձանագրվում:
Մանկատուն հանձնված երեխան, փաստորեն, այլեւս տուն չի վերադառնում, նա այստեղ է անցկացնում իր ողջ մանկությունը եւ չի հեռանում անգամ 18 տարին լրանալուց հետո: Եվ ո՞ւր գնա, չէ՞ որ դրսում ծագող խնդիրները հաճախ ի վիճակի չեն լուծել անգամ կենսափորձ, հմտություններ, մասնագիտություն ունեցող մեծահասակները, ուր մնաց դա անեն 18-ամյա անփորձ, չկայացած պատանիները:
Բարեբախտաբար, այժմ նրանց չեն պարտադրում հեռանալ մանկատնից, ինչպես անում էին տարիներ առաջ՝ ստիպելով տեղ բացել հաջորդ հերթափոխի՝ ծնողներից լքված մյուս դժբախտ երեխաների համար:
Պետությունը տարիների ընթացքում համոզվեց, որ մանկատան դեռեւս ոտքի չկանգնած սաները դրսում լուրջ փորձությունների են հանդիպում՝ համալրելով հանցագործների, մարմնավաճառների, թափառաշրջիկների շարքերը, եւ կարող են հասարակությանը նոր հոգսեր պատճառել: Ուստի սկսեցին մտահոգվել նրանց ճակատագրով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Ժողովրդական ֆորում» կազմակերպության միջոցով սկսեցին մանկատնային տարիքը լրացած երեխաների համար բնակարաններ գնել ու կահավորել: Մանկատներում սկսեցին մտահոգվել երեխաների մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի, երբեմն նաեւ ամուսնության ու ընտանիք կազմելու հարցերով:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ղեկավարած «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հասարակական երկխոսության եւ զարգացման կենտրոնի» հովանավորությամբ, մոտ կես տարի է «Ճակատագրեր» վերտառությամբ ծրագիրն է իրականացնում, որի շրջանակներում մասնագետներն ուսումնասիրում են մանկատնային տարիքը լրացած երեխաների խնդիրները: Այդ ծրագրի շրջանակներում կատարված վերջին այցելության հասցեն Վանաձորի մանկատունն էր:
1997-ին բացված Վանաձորի մանկատունը, որտեղ 113 երեխա է ապրում, եզակի է նրանով, որ մյուս մանկատների նման տարիքային չէ՝ այստեղ հայտնվող նորածինները որոշ տարիքի հասնելուց հետո ուրիշ մանկատուն չեն տեղափոխվում, այլ ապրում են մինչեւ 18 տարեկան դառնալը:
Եվ դա լավ է՝ մանկատնից մանկատուն տեղափոխվելը երեխայի վրա, որպես կանոն, ծանր է անդրադառնում: Այժմ մանկատան սաներից 19-ը ուսանողներ են, որոնց 18 տարին լրացել է, բայց նրանք շարունակում են ապրել «հայրական տանը»:
Նրանք սովորում են Վանաձորի տարբեր ուսումնական հաստատություններում, աշխատում են, բայց մանկատանը կապրեն մինչեւ տուն ստանալը: Անցյալ տարի Ֆորումի օգնությամբ մանկատան սաներից միայն մեկն է բնակարան ստացել, բայց 10 հոգի հերթի են կանգնած եւ հույս ունեն, որ 2006-ին կստանան:
Հատկապես լուրջ է բանակից վերադարձող տղաների խնդիրը, որոնք իրենց անելիքը չեն գտնում, նրանցից մեկն, օրինակ, վերցրել է զինծառայության ընթացքում հավաքված իր 180 հազար դրամ թոշակը եւ պատրաստվում է դրանով Վրաստանից ապրանք բերել ու առեւտուր սկսել: Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, որին երեխաներն Աշիկ քեռի են ասում, հպարտությամբ պատմում է, որ երրորդ աղջկան է ամուսնացրել:
Հետո ավանդական հայ հոր նման ափսոսանքով ասում է. «Մեր աղջիկներն ավելի լավն են, քան փեսացուները»: Գայանեի ամուսնությունը մի իսկական տոնախմբության է վերածվել, անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ:
«Աշիկ քեռին» մեզ ստիպեց ոչ միայն ամբողջությամբ դիտել հարսանիքի տեսաերիզը, այլեւ մանրամասն պատմեց, թե ինչպես են խնամախոսները եկել, ինչպես են կազմակերպել հարսանիքը, ինչպես են Երեւանից երաժիշտներ հրավիրել, ով է քավոր կանգնել, ինչ նվերներ են ստացել նորապսակները (նաեւ բնակարան):
Մանկատան ամենակրտսեր սանը 1,3 տարեկան Մերին է՝ բոլորի սիրելին: Մերիի մայրն անչափահաս է՝ 17 տարեկան, ծնողները գյուղում «խայտառակությունից» ազատվելու համար ստիպել են նրան, որ երեխային հանձնի մանկատուն, բայց մայրն աղջկանից վերջնականապես չի հրաժարվել:
Մանկատանը սպասում են, որ կամ կգան երեխային տուն կտանեն, կամ կհրաժարվեն: Այդ ժամանակ աղջնակին կհանձնեն որդեգրման համար հերթագրված ընտանիքներից մեկին: Ի դեպ՝ նման ընտանիքները շատ են, բայց լինում են նաեւ անհաջող որդեգրումներ:
Տնօրենը պատմեց, որ գյուղերից մեկում մի ընտանիքում 12 տարեկան աղջիկ էր մահացել, մանկատան սաներից մեկին շատ էին նմանեցրել իրենց մահացած աղջկան եւ եկել, որդեգրել էին: 3 տարի պահել էին, բայց այդպես էլ չէին կարողացել որդեգրած երեխային իրենց սեփական զավակների նման վերաբերվել, տարբերություններ էին դրել, կոնֆլիկտներն այնքան էին սրվել, որ որդեգրումը դատարանով չեղյալ էին ճանաչել եւ երեխային նորից հանձնել էին մանկատուն:
Երեխան դատարանում ասել էր. «Իմ համար ամենահուսալի տեղը մանկատունն է»: Միայն պատկերացնել կարելի է, թե այդ «էքսպերիմենտն» ինչպես է անդրադարձել երեխայի հոգեկան աշխարհի վրա:
Տնօրենն ասում է, որ իրենց համար փակ թեմաներ չկան, բոլոր հարցերը երեխաների հետ քննարկում են, ամեն ինչ անում են, որ երեխան կիրթ ու դաստիարակված, բայց եւ համարձակ մեծանա:
«Եթե մեր երեխաների ձեռքից բռնես, տանես սրճարան, կինո, ոչ մի տեղ չես ամաչի նրանց պահվածքից՝ եւ ' լավ հագնված են, եւ ' մարդկանց մեջ իրենց պահել գիտեն»,-հպարտությամբ ասում է Ա. Հարությունյանը:
Երեխաների մեծ մասին կնքել են, քավորներն էլ Վանաձորի հայտնի մարդիկ են՝ մարզպետը, քաղաքապետը, էլ.ցանցի տնօրենը, նախկին քաղկոմի քարտուղարը, տնօրենի որդին միայն չորս սանի կնքահայր է: «Աշիկ քեռին» թաքուն հաշվարկ է արել, որ քավորները հետո տիրություն կանեն իրենց սանիկներին:
Արմինե Օհանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել