HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյան. «Առանց ուսուցչի և տնօրենի ակտիվ միջամտության կրթական ծրագրերն իրագործելի չեն»

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ԿԳՆ-ում այսօր տեղի է ունեցել  «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ»,  «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ վարչապետի անունից մրցանակները հանձնել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում նա նշել է, որ այս տարի մրցանակների հանձնումը, որն ավանդաբար տեղի էր ունենում հոկտեմբերի սկզբին` Ուսուցչի տոնի ժամանակ, հարգելի պատճառով հետաձգվել է (համընկել է Շարլ Ազնավուրի մահվան միջոցառումների հետ):
 
ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Ուսուցչի տոնը կարևոր իրադարձություն է նախարարության համար` ուսուցչին գնահատելու և արժևորելու տեսանկյունից. «Հեղափոխությունից հետո մենք  քննարկել ենք հարցը, թե արդյոք մրցանակաբաշխությունը ծառայում է իր հիմնական նպատակին և արդյոք մրցույթը նպաստում է ԿԳ նախարարության առջև դրված խնդիրների իրագործմանը: Գտնում ենք, որ Ուսուցչի տոնը շատ կարևոր է հետևյալ հիմնավորմամբ. մենք պարտավոր ենք հետևողականորեն բարձրացնել ուսուցչի վարկանիշն ու հեղինակությունը: Ուսուցիչն ու տնօրենը մեր ամենակարևոր գործընկերներն են` դպրոցում կրթական ծրագրերը իրագործելիս: Առանց ուսուցչի և տնօրենի օգնության, առանց նրանց ակտիվ միջամտության կրթական ծրագրերը պարզապես իրագործելի չեն: Նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գործընկերային հարաբերությունները ստացվեն և մենք դպրոցներում ունենանք միջավայր` ձևավորելու Հայասատանի Հանրապետության ազատ, անկախ, վերլուծող, քննող ու քննադատող քաղաքացի»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը: 
 
Միջոցոռմանը ներկա է եղել նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա պաշտպանական գերատեսչության անունից պարգևներ է հանձնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչներին: Շնորհավորանքի խոսքում Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ավանդաբար լավագույն զինվորների ուսուցիչները Պաշտպանության նախարարության կողմից խրախուսվում էին, սակայն այս տարի երկու գերատեսչությունների ղեկավարների համատեղ նախաձեռնությամբ որոշվել է տոնը միասնական դարձնել բոլոր ուսուցիչների համար. «Կրթությունը, պաշտպանությունը և դաստիարակությունը մենք դիտարկում ենք միասնական համակարգում: Նաև դպրոցի և ուսուցչի տված կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ մենք ունենք զինվորներ, ովքեր պաշտպանում են առաջնագիծը, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կրում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
 
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Արագածոտնի մարզի Աշտարակի Ս. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը, «Տարվա լավագույն դաստիարակ»`  նույն մարզի  Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակչուհի Գոհար Արշակյանը: Իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում հաղթել է  Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական պարգևներ: 
 
Միջոցոռման ընթացքում «Տարվա լավագույն ուսուցիչ»,  «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների եզրափակիչ փուլի մասնակիցներին նախարարության անունից պարգևներ են հանձնվել մի շարք անվանակարգերում հաղթելու համար:
 
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter