HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպի գործով դատաքննությունն ավարտվել է

Բագրատաշենի սահմանային անցակետում համայնքի բնակիչների և ԱԱԾ աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատաքննությունն ավարտվել է: Քաղաքացիներ Արթուր Կիրակոսյանն ու Կարեն Շիրվանյանը դատապարտվել են 150 հազար դրամ տուգանքի:

Հիշեցնենք՝ խոսքը մեկ տարի առաջ՝  նոյեմբերի 19-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած միջադեպի մասին է:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել էր Արթուր Կիրակոսյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, և Կիրակոսյանը վիճաբանել է սահմանապահ զորքերի ծառայողների հետ:

Ըստ հաղորդագրության՝ վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի՝ Կարեն Շիրվանյանը,  և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Քրեական գործով Արթուր Կիրակոսյանին և Կարեն Շիրվանյանին, ովքեր Բագրատաշենի բնակիչներ են, մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝  կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Մեղադրյալները պնդում էին, որ ոչ թե իրենք, այլ ԱԱԾ աշխատակիցներն են իրենց նկատմամբ բռնություն գործադրել, Կարեն Շիրվանյանին պատկանող մեքենայի վրա հայտնաբերվել էին արյան հետքեր:

Տևական ժամանակ այս գործը քննվում էր, սակայն ԱԱԾ աշխատակիցներից և ոչ ոք մեղադրյալի կարգավիճակում չհայտնվեց:

Երբ գործն արդեն ուղարկվել է դատարան, ամբաստանյալներ Արթուր Կիրակոսյանն ու Կարեն Շիրվանյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն ու արագացված դատաքննություն պահանջել:

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Կարեն Սերգեյի Շիրվանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով, որ քրոջ ամուսնուն` Արթուր Վարաստատի Կիրակոսյանին, բերման են ենթարկել ԱԱԾ սահմանային վերահսկողության բաժին, գնացել է այնտեղ, մտել բաժնի միջանցք, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ է տվել այնտեղ ծառայություն իրականացնող ծառայողների հասցեին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, խաթարել է ծառայության բնականոն ընթացքը, դիմադրություն է ցույց տվել վերջիններիս, որի ընթացքում առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ծառայող, ենթասպա Մկրտիչ Գրիգորի Թանանյանի նկատմամբ` դանակով հարվածներ է հասցրել վերջինիս և պատճառել պարանոցի ձախ կեսի, ձախ ուսային շրջանի ծակած-կտրած վերքեր: 

Արթուր Վարաստատի Կիրակոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Մանվել Ավետիսյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Այսպես. Արթուր Վարաստատի Կիրակոսյանն, ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայով եղբոր` Արտակ Կիրակոսյանի և Բագրատաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Այունցի հետ ցանկացել է մեկնել Վրաստանի Հանրապետություն:

Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ աշխատակից Գևորգ Քարիմյանը, սահմանված կարգի համաձայն՝ վարորդ Արթուր Կիրակոսյանից պահանջել է իջնել ավտոմեքենայից և բացել ավտոմեքենայի բեռնախուցը` այն զննելու նպատակով: Ըստ գործի նյութերի՝ Արթուր Կիրակոսյանը և Արտակ Կիրակոսյանը, արհամարհական վերաբերմունք դրսևորելով Գևորգ Քարիմյանի նկատմամբ, նախ` թույլ չեն տվել զննել բեռնախուցը, որից հետո` անհիմն վիճաբանության մեջ են մտել նրա հետ: Միջադեպին ականատես, ԱԱԾ աշխատակից Մանվել Ավետիսյանը մոտեցել է Կիրակոսյան եղբայներին և պահանջել  ենթարկվել սահմանապահ զինծառայողի օրինական պահանջին` իջնել ավտոմեքենայից, բացել բեռնախուցն ու թույլ տալ զննել այն, սակայն վերջիններս, չենթարկվելով նաև Մանվել Ավետիսյանի, ինչպես նաև միջադեպի ընթացքում նրանց մոտեցած, ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այլ զինծառայողների օրինական պահանջներին, սկսել են հրել, քաշքշել նրանց, ապա նաև սպառնացել են ծառայության ավարտից հետո նրանց հետ հաշվեհարդար տեսնել: Մանվել Ավետիսյանը, սահմանային վերահսկողության երթևեկելի գոտին ազատելու, սահմանված կարգով ավտոմեքենան զննելու նպատակով նստել ավտոմեքենան և Արթուր Կիրակոսյանին հրահանգել է այն վարելով տանել ավտոկայանատեղի` այնտեղ ավտոմեքենան զննելու համար, սակայն վերջինս ավտոմեքենան արագորեն վարել է սահմանային անցակետի տարածքից դուրս:

Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ծառայողական պարտականությունները կատարող Մանվել Ավտեիսյանի կողմից ավտոմեքենան կանգնեցնելու, ավտոկայանատեղի տեղափոխելու և այնտեղ զննություն կատարելու օրինական պահանջին ի պատասխան` Արթուր Կիրակոսյանը, վերջինիս կողմից ծառայական պարտականությունները կատարելու կապակցությամբ, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու` նրա ոտքերը ջարդելու սպառնալիքներ տալով` գրպանից հանել է ծալովի դանակ, փորձել է այն բացել` դրանով իսկ տված սպառնալիքներն իրականացնելու նպատակով: Մանվել Ավետիսյանը կարողացել է բռնել Արթուր Կիրակոսյանի ձեռքը, թույլ չտալ բացել դանակը և ավտոմեքենայի ղեկն աջ թեքելու միջոցով ստիպել է այն կանգնեցնել, որից հետո, օգնության եկած ծառայակիցների հետ կարողացել են Արթուր Կիրակոսյանին վնասազերծել և տեղափոխել ԱԱԾ սահմանային վերահսկողության բաժին: 

Գործի քննության հետագա ընթացքում մեղադրյալներին վերագրվող արարքները վերաորակվել են և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ոչ թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, այլ խուլիգանության համար,  փոխվել է նաև նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Ըստ  խուլիգանության հոդվածով Շիրվանյանին առաջադրված մեղադրանքի՝ Կարեն Շիրվանյանը ԱԱԾ սահմանային բաժնի միջանցքու ցանկացել է մտնել սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետի աշխատասենյակ, որտեղ գտնվելիս է եղել Արթուր Կիրակոսյանը, սակայն  սահմանապահ զինծառայողները նրան թույլ չեն տվել, տևական ժամանակ վիճաբանել է նրանց հետ, որի ընթացքում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության` սահմանային անցակետի վերոհիշյալ շինությունում գտնվող սահմանապահ զինծառայողների, ՀՀ ոստիկանության աշխատակիցների, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ, իր կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, աղմկել, գոռգոռացել է, արհամարհական, վիրավորական, բարձրաձայն արտահայտություններով, հայհոյանքներով վիրավորել սահմանապահ զինծառայողներին` իր խուլիգանական գործողությունները զուգորդելով դանակի ցուցադրմամբ նրանց հետ հաշվեհարդար տեսնելու` բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, և սահմանապահ զինծառայող Մկրտիչ Թանանյանը, իրավիճակը, հանդարտեցնելու, Կարեն Շիրվանյանի խուլիգանական գործողություններին վերջ դնելու նպատակով նրան գրկելով դուրս է տարել վարչական շինությունից:

Ստացվում է, որ մեղադրյալները, որոնք պնդում էին, թե ծեծի են ենթարկվել, ընդունել են իրենց մեղսագրվող վերը նկարագրված արարքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter