HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Էլիտար տներն ու գույքը հարկվելու են այլ մեխանիզմով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի իր ելույթում անդրադարձավ նաև աշխատավարձերի բարձրացման խնդրին:

«Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում բարձրացրել ենք 6000 քաղաքացու աշխատավարձերը՝ այդ ընթացքում տարեկան 14 միլիարդ դրամ թողնելով շրջանառության մեջ: Եկամտահարկի փոփոխությունների արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում ավելանալու է 70 հազար քաղաքացիների եկամուտը: Հաջորդ տարի պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ գործող կառավարությունը հավասարակշռված առաջ է գնում՝ աշխատանքը խրախուսելու ճանապարհով:

«Բայց գլոբալ առումով կարևոր է վերադառնալ բյուջեի ձևավորման մասնակիցների թնջուկին, իրականությունն այն է, որ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի 350 հազար մարդ, առաջնային հարկ վճարող ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի,  քառապատկվի: 350 հազար մարդ՝ որպես հարկ վճարող, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի, անվտանգության, ճանապարհների որակի, կրթության ֆինանսավորման պատասխանատվությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը կրկին ընդգծեց՝ քաղաքացիներին չի մեղադրում չաշխատելու և հարկ չվճարելու մեջ, պարզապես նախկինում խրախուսվել է աղքատությունը, որպեսզի «ամեն ընտրություններից առաջ հնարավոր լինի ցանկալի արդյունք ապահովել», իսկ գործող կառավարության առաջնահերթությունն է քաղաքացուն քաջալերել, որ վերջինս հավատա սեփական ուժերին:

Փաշինյանի համար ամենազավեշտալին այն է, որ իրեն մեղադրում են օլիգարխիայի և խոշոր գործարարների շահերը պաշտպանելու մեջ:

«Նման մեղադրանք առաջին անգամ հնչել է այն ժամանակ, երբ մարզերից մեկում քաղաքացիների հետ շփման ժամանակ ասեցի, որ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է, պատկերացնում եք՝ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տվել ոչխար պահել, բա ի՞նչ պետք է աներ, ասեր գնա, մարզի դեպուտատի դեմը վիզդ ծուռ կանգնի, դուրս կգա մի օր, 1000 դրամ կտա, մի օր՝ 2000, հաջորդ օրը՝ 5000... ՀՀ այն քաղաքացին, որը երկրում հեղափոխություն է արել, վիզը ծուռ որևէ տեղ կանգնել չի կարող»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններ են սպասվում նաև գույքահարկի և մասնավորապես՝ անշարժ գույքի հարկման դրույքաչափերում:

«Կստեղծենք հնարավորություն, որպեսզի այդպես կոչված էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող տները և էլիտար ունեցվածքը հարկվեն բոլորովին այլ կերպ, մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի 1 %-ի նկատմամբ գույքաչափի արդար դրույքաչափ սահմանելով՝ երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք, այսինքն՝ մի տոկոսով այդ ճոխ գույքը հարկելով՝ այլ տրամաբանության մեջ կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը, սա դեռ փորձագիտական գնահատական է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ գույքահարկի հարկման մեխանիզմը ոչ միայն արդար չէ, այլ նաև տարբերակներ կան այն շրջանցելու:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց հարկեր-համախառն ներքին արդյունք ցուցանիշի մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին նախատեսվում է 20,3 %, մինչդեռ նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում՝ 26 %:

«Շատ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք, որ ցուցանիշը բարելավենք և ստվերային տնտեսության դեմ էականորեն պայքարենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց միկրոբիզնեսի գործունեության շրջանակում տրվող արտոնությունների մասին՝ մանրամասնելով, թե ինչպես է որոշվելու՝ որքան է տվյալ ընկերության շրջանառությունը: Ըստ Փաշինյանի՝ այն որոշվելու է ՀԴՄ կտրոններով:

«Կտրոն չտալը շատերը պայմանավորում են նրանով, որ հարկային բեռը շատ ծանր է, մենք այդ փոքր հատվածին ազատում ենք հարկերից, բայց դա նշանակում է, որ ՀԴՄ կտրոն չտալը պետք է խիստ հակազդեցության արժանանա: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող  է պարզվի, որ մարզում գործող հինգհարկանի սուպերմարկետը տարեկան 11 միլիոն դրամի շրջանառություն ունի և դրա համար ոչ մի հարկ չպիտի վճարի: Մեր ուղերձը հետևյալն է՝ որևէ մեկի մտքով չպետք է անցի, որ ՀԴՄ կտրոն կարող է չխփել, դա կնշանակի հարված բյուջեի եկամուտներին»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նման մոտեցում է ակնկալում ոչ միայն վաճառողներից, այլև գնորդներից, քանի որ ըստ նրա՝ քաղաքացին ևս պետք է պահանջի կտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter