HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է՝ 6 տոկոս

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 %:

2018 թ. հոկտեմբերին գրանցվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%, ընդ որում՝ բնականոն գնաճը նույնպես փոքր ինչ դանդաղել է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կլինի կայուն և 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում։

ԿԲ-ն հայտնում է, որ համաշխարհային տնտեսության աճի միտումները պահպանվում են, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը աստիճանաբար խստացնում են դրամավարկային քաղաքականության պայմանները: Միաժամանակ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը փոքր ինչ թուլացել է, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների կրճատմամբ և շինարարության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ: Միևնույն ժամանակ, գնահատվում է, որ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպող ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքը 2019 թ-ին նույնպես կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ դրամավարկային պայմանների ներկա չափը բավարար խթանող է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետում դրա աստիճանական չեզոքացման հեռանկարով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը գնահատում է նաև, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter