HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ խոսնակ. «ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու»

Աստանայում ՀԱՊԿ-ի կազմով տեղի ունեցած քննարկումների օրակարգում եղել է նաև գլխավոր քարտուղարի հարցը, և որոշում է կայացվել հարցին վերստին անդրադառնալ առաջիկա հարմար առիթով, այն է՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀԱՊԿ ձևաչափով գումարմանը:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ միաժամանակ հանձնարարություն է տրվել քարտուղարությանը մշակել և ներկայացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման, այդ թվում՝ լիազորությունների կատարման անհնարինությամբ պայմանավորված հարցերը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծեր:

Լրագրողները խնդրել են մեկնաբանել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից Ադրբեջանի դեսպանի Հայաստանի հետ բանակցությունների մանրամասներ ներկայացնելու հանգամանքը:

«Նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է՝ որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակի, որը վերաբերում է վեց պետություններին: Եվ, բնականաբար, այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ը իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա ի վերջո կոռեկտ չէ:

Հայաստանի նախագահության առումով, նշեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահել է 2015-2016 թթ., և դա համարվում է Հայաստանի ամենահաջող նախագահություններից մեկը ՀԱՊԿ-ում: Մեր նախկին նախագահության գնահատականը լավագույն պատասխանն է ցանկացած՝ նախագահության հետ կապված քննարկումներին:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նոյեմբերի 8-ի իրադրությանը, նշեմ, որ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է կառույցի ամրապնդումը և արդյունավետության բարձրացումը: Եվ սա չի սահմանվում միայն գլխավոր քարտուղարի հարցով: Սա սահմանվում է վեց պետությունների միասնականությամբ և հանձնառությամբ, և մենք այս ամբողջ իրադրությունը գնահատում ենք հենց այդ համատեքստում: ՀԱՊԿ-ը «երիտասարդ» կառույց է, որը գտնվում է իր կայացման փուլում, և մենք՝ վեց պետություններս, պետք է հանձնառու լինենք շարունակական ջանքեր գործադրելուն, որոնք ուղղված են կառույցի ամրապնդմանը և արդյունավետության բարձրացմանը: ՀԱՊԿ-ի օրակարգը շատ ավելի լայն է, քան այն փորձվում է հիմա ներկայացվել:

Ինչ վերաբերում է Գլխավոր քարտուղարի  հարցին, ինչպես գիտեք, Գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումների առնչությամբ որոշում կայացվեց տեղափոխել դրանք դեկտեմբերի 6-ին այն պատճառով, որ որևէ կոնսենսուս ձեռք չբերվեց այդ հարցի շուրջ: Մենք ունենք, բնականաբար, տեսակետներ այդ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ պետք է համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ: Եվ այս հարցի շուրջ քննարկումները  խորհրդակցությունները շարունակվելու են:

Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման մեջ, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ որպես պետություն ավարտելու Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը: Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ-իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի՝ պաշտոնի վաղաժամ դադարեցման հետ»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter