HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019-ին բյուջեի 9.8%-ը ուղղվելու է պետական պարտքի տոկոսները վճարելուն. նախագիծ

Ըստ 2019թ. պետական բյուջեի նախագծի՝ եկող տարի Հայաստանը պետական բյուջեի 9.8%-ը՝ 157.6 մլրդ դրամը, ծախսելու է պետական պարտքի տոկոսները վճարելու համար։ Այդ գումարից 88.8 մլրդ դրամն ուղղվելու է արտաքին պարտքի տոկոսավճարներին, 68.8 մլրդ դրամը՝ ներքին պարտքի։

Պետական պարտքի մարման ու սպասարկման գծով ամեն տարի Հայաստանի պետական բյուջեից մեծ գումարներ են հատկացվում։ Տարիների ընթացքում պետական պարտքի աճին զուգահեռ ծանրացել է նաև մարման ու սպասարկման բեռը։

Ընդ որում՝ նշված 157.6 մլրդ դրամը միայն տոկոսավճարներն են և պարտքի մայր գումարների գծով մարումները դրանում չեն ներառվում։ Ինչպես նախատեսված է՝ 2018  թվականին տարեկան արդյունքներով պետական պարտքի տոկոսավճարների գումարը կազմելու է 141.2 մլրդ դրամ։ Եվ 2019 թվականին այն 16.4 մլրդ դրամով ավելանալու է։ Համեմատության համար նշենք, որ 2017թ. տոկոսավճարների գծով բյուջեից ծախսվել է 122.1 մլրդ դրամ։ Տարիների ընթացքում այս ցուցանիշն անշեղորեն աճել է։

ՀՀ կառավարության պետական պարտքի գծով տոկոսավճարները (մլրդ դրամ)

Տվյալները տրամադրել է Ֆինանսների նախարարությունը:

Ինչ վերաբերում է պարտքի մայր գումարների մարմանն, ապա, նախատեսված է եկող տարի այդ նպատակով բյուջեից ծախսել 199.2 մլրդ դրամ, որից  85.5 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի գծով, 113.7 մլրդ դրամն էլ՝ ներքին պարտքի։  

Հիշեցնենք, որ ըստ պարտքի մարման ժամանակացույցի՝ առաջիկայում Հայաստանի համար ամենածանր տարին լինելու է 2020 թվականը։ Այդ տարի պետությունը պետք է ավելի քան 400 մլրդ դրամ ուղղի պարտքի հիմնական գումարի մարման համար։

Այսպիսով, ըստ պետական բյուջեի նախագծի՝ 2019 թվականին պետական պարտքի մարման և սպասարկման (տոկոսավճարներ) համար կպահանջվի բյուջեից հատկացնել 356.8 մլրդ դրամ, որից 199.2 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 157.6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:  

Պարտքը կշարունակի աճել

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալների՝ այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է  շուրջ  6.741 մլրդ ԱՄՆ դոլար, որից 5.411 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, մոտ 1.33 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը։  

Տարեսկզբի համեմատ պետական պարտքի ընդհանուր ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, ինչը տեղի է ունեցել արտաքին պարտքի հաշվին, մինչդեռ ներքին պարտքն այս ընթացքում շարունակել է աճել։

Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ համախառն պետական պարտքը նվազել է մոտ 34 մլն դոլարով կամ 0.5%-ով։ Արտաքին պետական պարտքը նվազել է մոտ 84 մլն դոլարով կամ 1.5%-ով։ Իսկ ներքին պարտքն ավելացել է մոտ 50 մլն դոլարով կամ 3.9%-ով։

Դրամով հաշվարկած՝ Հայաստանի համախառն պետական պարտքը ներկայում կազմում է մոտ 3.254 տրլն։  

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքը կկազմի 7.053 մլրդ դոլար (3.409 տրլն դրամ) կամ մեր երկրի ՀՆԱ-ի 55%-ը։

Սպասվում է, որ 2019թ. պետական պարտք/ ՀՆԱ  ցուցանիշը կնվազի։ 2019 թվականի տարեվերջին այն կկազմի 7.468 մլրդ դոլար (3.61 տրլն դրամ) կամ ՀՆԱ-ի 53.4%-ը:    

Նշենք, որ 2017թ. տարեվերջին Հայաստանի պետական պարքը կազմել է  6.775 մլրդ դոլար։ Դա կազմել է ՀՆԱ-ի 58.9%-ը:  

Ըստ բյուջեի նախագծի՝ 2019 թվականի ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ակնկալվում է 512 մլն դոլարի վարկերի ստացում։

Նախագիծը կազմելիս 2018 և 2019 թվականների համար փոխարկումները կատարվել են 1 ԱՄՆ դոլար = 483.38 դրամ փոխարժեքով։ Ռիսկային գործոն է այն, որ կախված փոխարժեքի տատանումներից՝ իրական պատկերը կարող է շեղվել կանխատեսվածից։

Հիշեցնենք, որ 2019թ. պետական բյուջեի նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել սեպտեմբերի 27-ին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ևս դրական եզրակացություն է տվել նախագծին: Այսօր խորհրդարանում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter