HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետը ՏԻՄ ղեկավարներին և հիմնարկների տնօրեններին հորդորում է զերծ մնալ ընտրական քարոզարշավից

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ հայտնեց, որ այսօր` մինչև ժամը 13:00-ը, կառաջադրվի Աժ պատգամավորի թեկնածու:  

«Թեկնածությունս առաջադրելու հավանականությունը` 70, չառաջադրվելունը 30 տոկոս է: Մտածելու խնդիրներ կան»,- երեկ «Հետք»-ին հայտնեց նախկին մարզպետը: Քիչ առաջ Արթուր Նալբանդյանը մեզ հայտնեց, որ ժամը 15:00-ի դրությամբ կպարզվի իր թեկնածությունն առաջադրվում է, թե ոչ:

«Ես ասել եմ առաջադրման մասին կպատասխանեմ ժամը 15:00-ին»,- ասաց Ա. Նալբանդյանը: Հայտնեց, որ այս պահին Երևանում է: Ալավերդիում գրեթե բոլորին է հայտնի Ա. Նալբանդյանի ընտրական լուրջ ռեսուրսների մասին: Սակայն այդ ռեսուրսները նրա կողմից տարիներ շարունակ օգտագործվել են նախկին իշխանությունների հովանավորությամբ։ Թավշյա հեղափոխությունից հետո Ա. Նալբանդյանի ընտրազանգվածի կայունությունը պետք է փորձարկվի դեկտեմբերի 9-ին: Այսուհանդերձ, Ա. Նալբանդյանի թեկնածության առաջադրումը կարող է առաջիկա ընտրությանը և դրան նախորդող նախընտրական քարոզչության օրերին լարվածություն ստեղծել Լոռիում, մասնավորապես՝ Ալավերդիում։  

Երեկ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքապետերիդպրոցների տնօրենների և առողջապահության ոլորտի ղեկավարների հետ իր հանդիպումներին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը զգուշացրեց. «Մոռանում եք ընտրությունների նախկին արատավոր երևույթները, մեր խոսակցությունը ձեզ հետ ավելի շատ կանխարգելիչ է, չգիտեմ՝ ոնց կլինի ընթացքը, բայց իմացեք, ոստիկանության և ազգային անվտանգության հետ անմիջական ամենօրյա ռեժիմով այդ հարցով զբաղվելու եմ, չլինի վարչական ռեսուրսի կիրառման որևէ դեպք՝ նույնիսկ մեր քաղաքական ուժի օգտին: Եթե եղան, այսպես ասած՝ արջի ծառայություններ, դա պատժվելու է օրենքի սահմաններում: Էլ չեմ ասում ընտրակաշառք, կաշառքի խոստում, չգիտեմ ինչ խոստումներ»:  

Նախկին մարզպետի ընտրական ռեսուրսներին քաջատեղյակ գործող մարզպետը նաև հայտարարեց «Ձեզ մոտ Թումանյանի էլ. ցանց կա: Էդտեղ արդեն ՀՀԿ-ի շտաբի է վերածվում»: Մարզպետի խոսքով՝  նախընտրական շտաբի է վերածվել նաև Թումանյանի սոցիալական «Փարոս» ծառայությունը: Վերջինիս ղեկավար Գագիկ Էվոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Թումանյանի էլ. ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը Արթուր Նալբանդյանի մտերիմ ընկերն է և բոլոր ընտրություններին նրա աջ ձեռքը: Ա. Ղուկասյանի խոսքով՝ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի, եթե նման հիմնարկներ լինեն

«Մենք պետք է ընտրությունների արատավոր երևույթները մոռանանք: Կրկնում եմ, նախկին պաշտոնյաներ, կապեր և այլ բաներ կարող են լինել, եթե օգտագործեցիք, պատասխանը խիստ է լինելու»,- զգուշացրեց մարզպետը:

Մարզպետը հիշեցրեց, որ ընտրական խախտումների հետ կապված քրեական հոդվածներ են սահմանվել, ամեն ինչ փոխվել է: Նույնիսկ տրանսպորտով տանել-բերելու համար քրեական պատիժ է սահմանվումիսկ ընտրակաշառք տալու և վերցնելու համար ազատազրկում է սահմանված: Թումանյանի էլ. ցանցում նախընտրական շտաբ բացելու հետ կապված խնդրեցինք Ա. Նալբանդյանի մեկնաբանությունը. «Ես Ձեզ ասացի, որ դեռ որոշում չեմ կայացրել իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Եթե ես մինչև հիմա չեմ որոշել թեկնածությունս առաջադրել, ով պետք է էլեկտրական ցանցում շտաբ բացեր: Այ, տեսնում եք, մարդիկ իմ փոխարեն որոշում են կայացնում»,- պատասխանեց Ա. Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում նաև համայնքների առողջապահության ոլորտի ղեկավարներին Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց, որ առողջապահության և կրթության ոլորտներն իր անմիջական վերահսկողության տակ են:

«Առողջապահության խնդիրները միասին ենք լուծելուՄարզպետարանին համարեք ձեր բարեկամը և ձեր հարաբերությունը կառուցեք այդ սկզբունքի վրա»,- ասաց նա: Հայտնեց, որ բուժհիմնարկների տնօրենների աշխատանքային ժամկետի 5 տարին լրանալուց հետո պարտադիր պետք է նոր մրցույթ հայտարարվի: Նշեց, որ նախկին տնօրենը, եթե տարիքը ներում է, կարող է մասնակցել մրցույթին, բայց պայմանագրերի երկարացում, անժամկետ պայմանագրեր այսուհետև չեն լինելու: Սահմանված կարգով, 5 տարին մեկ, լինելու են մրցույթներ:  

«Սկսած ձեզնից՝  ձեր հաստատություններում բժիշկների հետ կապված կաշառակերության երևույթը պետք է հասնի զրոյիԵս ինչքան փորձեցի ասել մի արեք, կպատժվեք, ինքս բժիշկ լինելով՝  ձեր դրության մեջ մտա, բայց դա երևույթ է, որը ուղղակի պետք է չանելԴա քրեորեն պատժելի արարք է: Եթե մենք ուզում ենք օրինական երկրում ապրել, ուրեմն պետք է օրենք չխախտենք: Դա կախված է ձեզնից»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Հանդիպմանը մասնակցող առողջապահական հիմնարկների ղեկավարները կաշառակերության մեջ իրենց մեղադրող մարզպետի ակնարկներին չարձագանքեցին։

Մարզպետը  շարունակեց իր նախատինքը. «Այդ երևույթի մասին ինչքան ասացինք, էլի դեպքեր են գրանցվում:  Մեկ-երկու դեպքով նկատողություն հայտարարեցինք, հիմա ունենք դեպք, որը ես հանձնել եմ ոստիկանությանը: Երրորդ դեպքը՝ մի քանի օրվա մեջ: Դա անընդունելի է: Զգուշացնում եմ, եթե եղավ նման մի հատ դեպք, ես նկատողությունով չեմ սահմանափակվելու։ Շատ լավ հասկանում եմ, որ աշխատավարձերը ցածր են, բայց դուք էլ տեսնում եք, որ նախարարության և մեր ուշադրությունը ուղղված է ձեր աշխատավարձերի աստիճանական բարձրացմանը: Ամեն ինչ արվում է, որ ֆինանսական միջոցները շատանան, հիվանդներին հատկացվող գումարները մեծանան։ Ես գիտեմ, որ ձեզ մոտ կան աշխատակիցներ, ովքեր սովոր են այդ ոճով աշխատելուն, բայց իրենց բացատրեք, որ նման բան լինելու դեպքում ոչ ոք չի կարող իրենց օգնել: Դա մի փոփոխություն է, որին մեր հասարակությունը սպասում է»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Վերջինս առողջապահության ոլորտի ղեկավարներին հանձնարարեց չխառնվել ընտրական գործընթացներին: Նրանց խորհուրդ տվեց ընտրել ում ուզում են , և աշխատանքային ժամերին կոլեկտիվում հանկարծ որևէ ուղղորդում, որևէ սադրանք թույլ չտալ, որովհետև  դրա կարիքը այսօր չկա: Հանդիպումից հետո «Հետք»-ի հետ զրույցում Անդրեյ Ղուկասյանը հայտնեց, որ տեղյակ է համայնքապետարանների, մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտի աշխատողների կուսակցական պատկանելիությունից:

«Քանի որ օրենքը չի արգելում, որ դպրոցի տնօրենը՝ որպես քաղաքացի, լինի կուսակցական, ես պահանջ չդրեցի, որ նրանք դուրս գան Հանրապետական կուսակցության շարքերից: Սակայն իմ հստակ ուղերձներով նրանց հորդորեցի զերծ մնալ որևէ քարոզարշավ իրականացնելուց: Եթե փորձեն իրականացնել հին գործելաոճը, դա կստանա խիստ արձագանք»,- ասաց մարզպետը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter