HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Մելքումյան. «Անցումային բյուջե է՝ հնի պրոբլեմները շալակած»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը պայմանական է իներցիոն համարում, ինչն էլ «ունի իր օբյեկտիվ պատճառները»:

«Երևի խնդիրն այն է, որ սպասումները, որոնք պետք է ակնկալեինք քաղաքական հեղափոխությունից հետո, այնքան էլ արտացոլված չեն, և իհարկե պատճառները օբյեկտիվ են. տարբեր խնդիրներ կան՝ կապված հարկային արտոնության, շրջանառության հարկի շեմի և ընդհանրապես հարկային քաղաքականության ոլորտում, որն այս կառավարությունը գիտակցում է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ այդ հարցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի իր մոտեցումները, որոնք արտացոլված կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում:

Անդրադառնալով բյուջետային հատկացումներին, որոնք նախատեսվում են հաջորդ տարվա բյուջեով՝ տնտեսագետ փոխխոսնակն ասաց.

«Բնականաբար սոցիալական հատվածը պահպանված է, առողջապահական ոլորտում հատկացումներն ավելացել են, չի տուժել ռազմաարդյունաբերությունն ու պաշտպանական համակարգը, մենք պետք է հասկանանք, որ սա անցումային բյուջե է՝ հնի պրոբլեմները շալակած: Կարևորն այն է, որ մոդելի փոփոխություն է լինում, համակարգային կոռուպցիայի վերացում, չգրված մենաշնորհների բացակայություն, պետք են հաջորդական քայլեր, որոնք պետք է տանեն տնտեսության հետագա ազատականացմանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ միկրոբիզնեսը (տարեկան 20-24 մլն դրամ շրջանառություն ունեցող) ազատված է լինելու բոլոր տեսակի հարկերից, Միքայել Մելքումյանը որակեց ճիշտ քայլ, սակայն նկատեց.

«Տարեկան 20-24 միլիոն դրամ շրջանառությունը ամսական 1,5 միլիոն դրամ շրջանառություն է, օրական՝ հիսուն հազար, հիսուն հազար դրամի եկամուտը կարող է լինել 4-5000 դրամ. շեմը պետք է բարձրացնել գոնե լինի 30-35 միլիոն դրամ, այլապես եթե երկու անգամ միջին աշխատավարձից ցածր եկամուտ է, ապա այդ բիզնեսը մի քիչ անհասկանալի է»:

Վարչապետի պաշտոնակատարը խոսել էր նաև առաջնային հարկ վճարողների՝ մասնավոր ոլորտի գրանցված աշխատողների մասին՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդկանց թիվը կրկնապատկվի ու եռապատկվի, Միքայել Մելքումյանը համաձայնեց Փաշինյանի նկատառման հետ:

«Մեզանում աշխատանքի արտադրողականության մակարդակը շատ ցածր է, մեկ աշխատողի հաշվով ստեղծած արդյունքը տասնապատիկ անգամ ցածր է այլ համադրելի երկրներից. մենք պետք է կարողանանք հիմքեր ստեղծել, որպեսզի միավոր աշխատողի հաշվով արտադրողականությունն աճի, որպեսզի ապրանքը մրցունակ դառնա»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter