HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորի կրթություն ստանալու ոդիսականը

Ռաֆիկ Ենգիբարյան

Երբ դատապարտվեցի 12 տարվա ազատազրկման և հայտնվեցի Աբովյան քրեակատարողական հիմնարկում, չէի մտածում, որ կարող եմ երբևէ սովորել, կյանքս շարունակել, ինձ թվում էր՝ ամեն ինչ կանգ է առել․ 12 տարում ինչե՞ր կարող են հետդ պատահել, երբեք չես իմանա․․․

Նման հոգեվիճակում էր գտնվում Անաստասիան ազատազրկման սկզբնական շրջանում։

2 տարի անցկացրել եմ մեկուսացված, փակ ռեժիմում, նույնիսկ գրադարանից չէի կարող օգտվել, գրքեր էի ստանում, միայն երբ հարազատներս գալիս էին տեսակցության։ Կարդում էի արվեստին առնչվող գրականություն, արվեստագետների կյանքի ու կենսագրության մասին։ Որոշ ժամանակ անց հասկացա՝ պետք է զբաղվել ինչ-որ բանով ու հենց սկզբից սկսեցի բախվել խոչընդոտների․․․

Անաստասիան որոշում է սկսել կավագործությունից, բայց անհրաժեշտ նյութերն արգելված էր բանտ մտցնել, նույն արգելքը կար նաև ջրաներկերի և գուաշների համար,այդ իսկ պատճառով նրան մերժում են։

ՔԿՀ-ի ղեկավարությունը տվյալ արգելքը մեկնաբանում էր նաև նրանով, որ մինչև ինձ՝ նման նախադեպ չէր եղել, որ դատապարտյալը, մանավանդ՝ փակ ռեժիմում գտնվող մեկը, ցանկանա նկարել կամ աշխատել նման նյութերով։ Թույլատրեցին միայն գունավոր մատիտներով աշխատել, այն էլ՝ 2 ժամով։ Տալիս էին միայն մատիտները, սրիչ չէին թույլատրում պահել, և երբ մատիտներս ջարդվում էին, սպասում էի, մինչև հաջորդ օրը սրեն և տան մատիտները։ Ինձ մոտ էին թողնում միայն թղթերը, 2 ժամի լրանալուն պես՝ մնացած բոլոր պարագաները տանում էին։

2 տարի մեկուսացված ռեժիմում մնալուց հետո Անաստասիային տեղափոխում են մյուս դատապարտյալների մոտ՝ ավելի ազատ ռեժիմ և թույլատրում հսկողության տակ հաճախել բանտի ներսում գործող դպրոց, որտեղ 3 տարվա ընթացքում Անաստասիան հաջողությամբ անցնում է մի քանի դասընթաց։

Բանտի ներսում գործող դպրոցում հաճախեցի 6 ամսյա մի քանի դասընթացների, հիմա վկայականներ ունեմ տնտեսագիտությունից, օպերատորական ծրագրից, հաշվետարությունից, գործավարությունից։ Այս դասընթացներն ավարտելուց հետո Անաստասիան որոշում է, որ պետք է կրթություն ստանա բուհում։

Դեռ 8-9 տարի ունեի։ Գնացի բանտի ղեկավարության մոտ ու խնդրեցի, որպեսզի միջնորդեն բարձրագույն կրթություն ստանալու համար։ Ինձ մերժեցին՝ ասելով, որ առանձնապես ծանր հանցանքի պատճառով ես չեմ կարող դիմել բուհ։

Անաստասիան բանտի ղեկավարությունից ներքին կանոնակարգն է խնդրում, որպեսզի անձամբ պարզի, թե ինչու չի կարող օգտվել կրթություն ստանալու իր իրավունքից, բայց բանտում հրաժարվում են նրան որևէ ուղեցույց կամ կանոնագիրք տալ՝ պատճառաբանելով, որ միայն իրավաբանից է հնարավոր տեղեկություն ստանալ։

Իմ դուրս գալուց հետո  շատ գործընթացներ բավականին բաց են դարձել, հիմա բանտում կարելի է ազատ դիմել իրավաբանին, տեսակցել ու քեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Բանտում իմ գտնվելու ժամանակ պետք է խնդրեիր, որպեսզի օր ու ժամ նշանակեին, և այդ ամենից հետո համոզված չէիր կարող լինել, որ իրավաբանը կգա։

Անաստասիային հաջողվում է տեսակցել իրավաբանի հետ և նրան կրկին ասում են, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դատապարտյալները չեն կարող դիմել կրթություն ստանալու համար։

Ինձ նաև ասացին, որ բանտից ոչ ոք ինձ չի տանելու համալսարան քննություններ ու ստուգարքներ հանձնելու համար։ Երկու անգամ մերժվեցի ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, բայց դրանից հետո էլ՝ խնդրանքի ձևով դիմեցի ու ասացի, որ կանգ չեմ առնելու, պայքարելու եմ կրթություն ստանալու իմ իրավունքի համար։ Դիմեցի Արդարադատության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանին, պատրաստակամություն հայտնեցին օգնել ինձ։

Մերժում ստացա 8 համալսարաններից պատճառները տարբեր էին՝ բացի իրավական սահմանափակումից համալսարանները չունեին դատապարտյալների հետ աշխատելու փորձ, կրթական ծրագրեր և պատրաստված դասախոսներ։

Անաստասիան երկու անգամ դիմում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, բայց մերժում է ստանում, սակայն երրորդ դիմումից հետո Մաշտոցի համալսարանի ռեկտորը համաձայնում է քննարկել հարցը։

Մաշտոցի համալսարանի ռեկտորը ասաց, որ պետք է ընդունելության քննություն հանձնեմ, բայց եթե իմ ներկայությունը հնարավոր չէ ապահովել, ապա պետք է իմ կողմից որևէ լիազորված անձ ներկա լինի։

Ես առաջարկեցի հեռախոսով կապ հաստատել, բայց քանի որ բանտում բջջայիններից օգտվել չէր կարելի, պետք է տաքսոֆոնով զանգեի՝ 10 րոպեի համար վճարելով 1000 դրամ։

Բանակցություններից հետո Անաստասիան վերջապես հանձնում է բոլոր քննությունները և դառնում Մաշտոցի անվան համալսարանի ուսանող։

Ղեկավարության մոտ շոկ էր․․․ ՔԿՀ-ի պետը իր մոտ կանչեց և ասաց՝ դու խելագար ես, իսկ ես ասացի՝ գիտեմ (ծիծաղում է)։ Բանտի ղեկավարությանը միայն մի բան խնդրեցի՝ եթե չեն կարող օգնել, ուրեմն թող չխանգարեն։

Անաստասիան սկսում է սովորել բուհում, բայց անսպասելի խնդիրներ են առաջանում՝ կապված նրա ավարտական աշխատանքի հետ։ ՔԿՀ-ի ղեկավարությունը պարբերաբար փոխվում է, և նոր ղեկավարությունը հետևողական չի լինում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համար։

Անաստասիան կանգնում է փաստի առաջ, քանի որ նրան հրաժարվում են տանել համալսարան՝ ավարտական քննություն հանձնելու, համալսարանի դասախոսներն էլ իրենց հերթին հրաժարվում են բանտ գալ։

Անաստասիան կրկին դիմում է ՄԻՊ, Կարմիր խաչի գրասենյակ, երկու դեսպաններ նույնպես պատրաստակամություն են հայտնում օգնել նրան։ Մարդու իրավունքների պաշտպանը անձամբ մի քանի անգամ այցելում է բանտ հարցի կարգավորման համար։

Անաստասիան մեկ տարի ուշացումով, կարմիր դիպլոմով ավարտում է Մաշտոցի համալսարանը։

Դիպլոմային աշխատանքիս թեման անվանեցի «Միևնույն է՝ արվեստը սահմանափակում չի հանդուրժում», սրանով ցանկացա ցույց տալ, որ եթե մարդ ուզում է հասնել իր նպատակին, ապա նրան ոչինչ չի կարող կանգնեցնել։ Ես աշխատում էի բանտում, ամեն կոպեկը խնայում էի, որպեսզի կարողանայի ուսմանս վարձը տալ։

Նույնիսկ հիմա, երբ Անաստասիան աշխատանք փնտրելիս անընդհատ բախվում է խնդիրների, միևնույն է, չի զղջում կրթություն ստանալու համար, և ինչպես ինքն է ասում՝ երբեք էլ չի զղջա, քանի որ այն, ինչ սովորել է, շատ է օգնում իրեն նաև մարդկային առօրեական շփման ժամանակ։

Հետագայում մտադիր եմ աշխատել իմ մասնագիտությամբ, քանի որ սիրում եմ այն և հետո չեմ ուզում սպասք լվացող կամ հավաքարար աշխատել միայն նրա համար, որովհետև ինձ այլ աշխատանքի չեն ընդունում դատվածություն ունենալու պատճառով։

Անաստասիան ուզում է ուսումը շարունակել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում,  բայց ֆինանսների բացակայության պատճառով՝ առայժմ չի կարող։ Հիմնական աշխատանք չունի, իսկ որդուն պետք է մեծացնի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter