HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ծնողները պահանջում են բակերից հեռացնել «մահվան» խաղասարքերը

Այս տարվա օգոստոս ամսին քաղաքային իշխանությունները Երեւանի Կոմիտաս 3 եւ Գյուլբենկյան 36 շենքերի բակը կահավորեցին մանկական խաղասարքերով, որոնք փորձանք ու պատիժ են դարձել երեխաների համար։

Ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս եւ հարեւան բակերի մի քանի երեխաներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։

Վարչական մարմինը ծնողներին է մեղադրում

Տաթեւիկ Մարգարյանի 7-ամյա որդին խաղընկերոջը ճոճանակով ճոճելիս սայթաքել է ավազե ծածկույթի վրա եւ ընկել։ Երկաթե ճոճանակի հարվածից Դավթի ճակատը պատռվել է։

Ծնողները Դավթին տեղափոխել են Արաբկիրի մանկական հիվանդանոց, որտեղ վերքը մշակելուց հետո ուղղորդել են դեպի Չարբախի մանկական հիվանդանոց՝ ուղեղի հնարավոր ցնցումը բացառելու նպատակով։ Այստեղ արդեն բժիշկների հետ զրույցի ժամանակ Տաթեւիկ Մարգարյանը տեղեկացել է, որ բակային խաղահրապարակներում տուժած երեխաներ շատ են բերում հիվանդանոց։

Տաթեւիկը պատմում է, որ մինչեւ խաղասարքերի տեղադրումը, խաղահրապարակն ավելի լավ վիճակում էր։ Ազատ տարածություն կար, երեխաները ֆուտբոլ խաղալու եւ հեծանիվ քշելու տարածություն ունեին։ Խաղասարքերի տեղադրման ժամանակ, անմիջապես ասֆալտի վրա բարակ ծածկույթով ավազ են փռել, ինչի պատճառով երեխաները հաճախ են սայթաքում։ Տաթեւիկի որդին վնասվածք է ստացել հենց սայթաքելու հետեւանքով։ Զոդման կետերում ճոճանակը սուր անկյուններ է ունեցել, որը դեպքից հետո հղկել են թաղապետարանի աշխատակիցները։

Տաթեւիկ Մարգարյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարան, որի պատասխանը մինչ օրս չի ստացել։ Նա հիմա փորձում է պարզել, թե խաղահրապարակների կառուցման ի՞նչ նորմատիվներ կան, ո՞վ է վերահսկում, եւ արդյո՞ք բակում տեղադրված խաղասարքերի ստանդարտներին համապատասխանելը ստուգվել է։

Նույն բակի բնակիչներից մեկը պատմում է, որ Դավթին պատահածը միակ դեպքը չէ։ Չորս տարեկան մի երեխայի աչքն է վնասվել ճոճանակի ուժեղ հարվածից, բարեբախտաբար տեսողության հետ կապված խնդիր չի առաջացել։ Մեկ այլ երեխա էլ հարված է ստացել ծնկին ու մինչ օրս բուժումներ է ստանում։

«Ամեն օր մտածում ես, որ քո երեխան էլ կարող է լինել այդ վիճակում։ Մեր պահանջն է՝ ապամոնտաժել այս խաղասարքերը։ Ահազանգել եմ քաղաքապետարան, ոչինչ չի փոխվել։ Դրանից 14 օր անց զանգել եմ վարչական շրջանի աշխատակազմ, որտեղից ինձ պատասխանեցին՝ ինչու՞ եք բողոքում, ամեն ինչ արված է ըստ նախագծի։ Ինձ ասացին, որ ամեն տեղ էլ այսպիսի ճոճանակներ են, բոլոր բակերում նույն վիճակն է, անիմաստ է ինչ-որ բան ուղղելը։ Ակնարկեցին, որ ես անտարբեր ծնող եմ։ Այնինչ վնասվածք ստացած երեխաների ծնողները, հիմնականում, չափազանց զգուշավոր են եւ գիտակցում են ռիսկը»,- պատմեց բնակիչը։

Երիտասարդ մայրերը խնդրել են գոնե ավազը փոխարինել ռետինե ավազով, բայց մերժում են ստացել։

Բաց կոտրվածքներ՝ վիրահատական միջամտությամբ

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գեւորգ Ալոյանը մտահոգ է բակերում տեղադրված խաղասարքերի որակով։

«Ես տեսել եմ շատ տարբեր խաղահրապարակներ, որտեղ նաեւ իմ երեխաներն են խաղում, եւ որոնց կառուցվածքն ինձ դուր չի գալիս։ Տեղեր կան՝ աստիճանները կոտրված են, կտրուկ վայրէջք է, որտեղից երեխաներն ընկնում են։ Ես տեսել եմ դեպքեր, երբ երեխաների մատները մնացել են էդ սարքերի տակ։

Մեր կլինիկա մատների բաց կոտրվածքով դեպքեր են բերել, վիրահատել ենք։ Բերել են պատռվածքով երեխաների, որոնք ճոճանակի սուր կողմից հարված են ստացել։ Բակերից մեկում տեղադրեցին պլաստմասսե խաղասարքեր, արդեն երրորդ օրը կոտրվեց, մեխերը մնացին ցցված։ Երեխաները կտորները վերցնում, իրար վրա էին նետում։ Կա դեպք, երբ կանաչ գորգով ծածկված խաղահրապարակում խաղասարքեր տեղադրելուց հետո, շինարարները գորգն այդպես էլ չեն ծածկել, բետոնը թողել են բաց վիճակում»,- պատմում է բժիշկը։

Նա խոսեց մի քանի դեպքերի մասին, երբ երեխաները լուրջ վնասվածք են ստացել գլխի շրջանում, եւ վիրահատություն է կատարվել։ «Եթե ծնողը չգնա եւ երեխաների մոտ չկանգնի, հաստատ վնասը մեծ կլինի։ Բայց առաջին հերթին խաղասարքերը պետք է համապատասխանեն ստանդարտներին։ Վնասը կանխարգելելն ավելի ճիշտ է ու հեշտ, քան առողջության վերականգնումը»,-ասում է վնասվածքաբանը։

Նրա խոսքով՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն դիմած երեխաների մոտ 5 տոկոսը վնասվածք է ստացել հենց բակային խաղասարքերից։ Սա, ըստ բժշկի, կարող է փոքր թիվ երեւալ, բայց չի նշանակում, որ վարչական մարմինները չպետք է կանխեն ողբերգությունները։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արարատ Նազանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ կլինիկա դիմած երեխաների մոտ 15 տոկոսը վնասվածք ստացած է լինում խաղահրապարակներում։ Տարվա կտրվածքով, խոսքը մինչեւ 60 վնասվածքի մասին է։

Գրանցվել են կոտրվածքներ, հոդախախտեր, պատռվածքներ։ «Վնասվածքների հավանականությունը խաղահրապարակներում մի քանի անգամ բարձր է՝ անկախ նրանից, թե անվտանգության ինչ միջոցներ են կիրառված։ Կոտրվածքներ գրանցվում են հիմնականում վերին վերջույթների հատվածում, հատկապես միջկոճային՝ արմնկային հոդի տեղաշարժով։ Դա լինում է այն դեպքում, երբ ձեռքը բացված վիճակում մեծ ծանրաբեռնվածություն է ընկած արմնկային հոդի վրա՝ հակառակ ուղղությամբ։ Շատ են գրանցվում նաեւ ճաճանչոսկրի գլխիկի ենթահոդախախտեր։

Մի դեպք կար, երբ երեխան սրունքի հատվածում շրջանաձեւ մեծ պատռվածք էր ստացել։ Վնասվածքն այնքան լուրջ էր, որ վիրաբուժական մշակումը կատարել ենք ընդհանուր անզգայացմամբ: Երեխան վնասվածքը ստացել էր ալպինիստական պատը բարձրանալիս։ Սահել էր, ոտքը դիպել էր մետաղական մասի, եւ ոտքը պատռել»։

Արարատ Նազանյանն ասում է՝ որքան էլ խաղահրապարակն անվտանգ լինի, այն, միեւնույն է, վնասվածք ստանալու առումով համարվում է ռիսկի գոտի։ Բժիշկը ծնողներին հորդորում է հետեւել երեխաներին։

 

Առանց ստանդարտների

2017թ. նոյեմբերին Երեւանի բոլոր վարչական շրջանների 26 խաղահրապարակներից, «Անվտանգ խաղահրապարակ քո եւ իմ երեխաների համար» նախաձեռնությունը ուսումնասիրել էր խաղահրապարակներում առկա վիճակն ու պարզել, որ խնդիրները շատ-շատ են։

Ուսումնասիրելով ՀՀ օրենսդրությունը՝ պարզվել է, որ չկա որեւէ իրավական ակտ, որը կկարգավորեր մանկական հրապարակների կառուցման, շահագործման եւ վերահսկողության կարգը: Նախաձեռնության՝ պետական մարմիններին ուղղված հարցումների պատասխաններից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան մանկական խաղահրապարակների կառուցման եւ շահագործման պետական ստանդարտներ: Չկա նաեւ վերահսկող մարմին: Արդյունքում, մանկական հրապարակները Հայաստանում կառուցվում են որտեղ պատահի, փորձաքննություն կամ սերտիֆիկացում չանցած նյութերով՝ հաճախ առանց ցանկապատման եւ առանց պահպանելու անվտանգության ու սանիտարական նորմերը։ Շահագործման ընթացքում էլ չեն վերահսկվում, չեն վերանորոգվում:

Ըստ նախաձեռնության հրապարակած զեկույցի, որի հեղինակը իրավաբան Նազենի Վարդանյանն է, Հայաստանի վավերացրած՝ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայով է սահմանված, որ յուրաքանչյուր երեխա ունի հանգստի եւ ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին եւ միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Մեծահասակները պարտավոր են ապահովել երեխաների անվտանգ խաղերի կազմակերպումը: Հայաստանի Հանրապետությունը, միջազգային պայմանագրի եւ ազգային օրենքի ուժով, վերցրել է պարտավորություն՝ կազմակերպելու երեխաների անվտանգ ժամանցը եւ հանգիստը, ինչը իրականացվում է նաեւ անվտանգ, միջազգային ստանդարտներին համապատասխան մանկական խաղահրապարակներ ստեղծելով:

ԵՄ ընդհանուր ապրանքների Դիրեկտիվները (2001/95/EC) եւ եվրոպական ստանդարտները (European Standard series EN 1176 and EN 1177) տարածվում են մանկական խաղահրապարակների սարքավորումների եւ նյութերի վրա:

Ռուսաստանի Դաշնությունում 2003թ. ստեղծվել է «Մանկական խաղահրապարակների սարքավորումներ» ՏԿ-455 ստանդարտավորման տեխնիկական կոմիտե, որը մշակել է հատուկ ստանդարտներ: 2017թ. հաստատվել է «Մանկական խաղահրապարակների համալիրի անվտանգության մասին» հայեցակարգը: Նմանատիպ ստանդարտներ եւ իրավական կարգավորումներ գոյություն ունեն նաեւ այլ երկրներում:

Մոսկվայում, օրինակ, վերջին տարիներին արգելված է ոչ ճկուն նյութերից ճոճանակների տեղադրումը։ Օրինակ, նստատեղը պետք է լինի ճկվող եւ փափուկ պլաստմասսայից, ձողերը, որոնցից բռնվում են երեխաները, պետք է լինեն շղթաներից։ Շղթաներն իրենց հերթին պետք է ծածկված լինեն փափուկ կտորով։ Երեւանում հետեւողականորեն անտեսվում են այս՝ միգուցե ազգային օրենսդրությամբ չամրագրված, մյուս կողմից՝ տրամաբանական ու անչափ կարեւոր մոտեցումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter