HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Չար տնակ ասելով՝ նկատի եմ ունեցել Ազգային ժողովը»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Չար տնակը» հեքիաթից մի հատված:

«Երեխաները ընթերցում են, և նրանց մոտ անընդհատ հարցեր են ծագում, նրանք վստահ են, որ այնտեղ ալեգորիայի լեզվով խոսել եք հեղափոխության մասին, ուզում են համոզված լինել՝ արդյոք կուղբի կերպարը ձեր կերպարն է, չար տնակի կերպարը ՀՀԿ-ն է, իհարկե հեքիաթի վերջում չար տնակը լաց է լինում, և այդ գետակը բացատներին օգուտ է բերում, բայց ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի շարունակությունը»,- ասաց նա՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հեքիաթը գրվել է փետրվարի վերջին, և այդ ժամանակաշրջանն արդեն իսկ հուշում է, որ իր առաջիկա անելիքներն է ծրագրել:

«Այո, էնտեղ կան այլաբանություններ, դրանք շատ ուղղակի չեն, բայց կան նաև ուղղակի այլաբանություններ, որոնք ինստիտուցիոնալ են, քան թե անձնական: Երևի հիմա առիթ է ասեմ՝ չար տնակը պայմանական ասված կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի մարդկանց կլանել, ջնջել նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Եթե այսքան անկեղծացա, չար տնակ ասելով՝ նկատի եմ ունեցել ԱԺ-ն, քանի որ առաջիկա անելիքների մասին էի մտածում, մտածում էի, որ ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, ինձ շեղում իմ քաղաքական առաքելությունից, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես սկսել եմ իմ քաղաքական առաքելությունը: Հույս ունեմ, որ վարչապետի պաշտոնը նման դերակատարում չի ունենա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ այդ գիրքը միշտ իր գրասեղանին է:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս խոսեց այս թեմայով՝ ասելով, որ հեքիաթի մասին ավելի վաղ միասին խոսել են Փաշինյանի հետ, սակայն չի պատկերացրել, որ նա, չար տնակ ասելով, նկատի է ունեցել խորհրդարանը:

«Գտնո՞ւմ եք, որ վեցերորդ գումարման խորհրդարանը ինչ-որ նշանակություն ունեցավ մեր երկրի համար»,- ասաց նա՝ դիմելով վարչապետի պաշտոնակատարին:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ միանշանակ է, որ վեցերորդ գումարման խորհրդարանը պատմական է.

«Ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել վեցերորդ գումարման խորհրդարանի, նրա բոլոր պատգամավորների նկատմամբ, ԱԺ նախագահության գործունեության վերաբերյալ, սա դերակատարում է, որը դեռ կգնահատվի: Ինձ համար էլ այս ԱԺ-ն շատ կարևոր է, այն քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան, դրանց բովանդակության մի մասի վերաբերյալ արտահայտվել եմ այս ամբիոնից՝ որպես պատգամավոր, դեռ 2017-ի ամռանը, այս ամբիոնից եմ ասել, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսի ժողովուրդը որոշի իր կամքը արտահայտել, մենք կլինենք երաշխավոր, որ այն դառնա քաղաքական իրողություն»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter