HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ի հերքումը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ հրապարակման մասին

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությոան հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը հերքում է տարածել ՊԵԿ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտված առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ հրապարակման մասին: Ընկերության հայտարարությունը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված»՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով «Օրինապահ հարկ վճարողի» հավաստագրեր:

ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված «համեմատական հետազոտությունները» կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter