HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արզնու Տոհմային ԹՏԽ»-ն չի ընդունում ՏՄՊՊՀ-ի կողմից կայացված տուգանքի որոշումը

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: 

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել «Հետք»-ի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» հոդվածի հիման վրա: 

Տուգանքը կիրառվել  է անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:

ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես՝ նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր  չեն ներկայացրել: 

Այսօր «Արզնի կաթ» ընկերությունը հայտարարություն է ուղարկել, որտեղ նշում է, որ չի ընդունում ՏՄՊՊՀ կայացրած որոշումն ու բողոքարկելու է այն: 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:

Ընկերությունը հարկ է համարում նշել նաև, որ հանձնաժողովի կողմից տարածված հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ և խնդրահարույց կետեր:

Մասնավորապես, հանձնաժողովի կողմից չի իրականացվել ընկերության կողմից արտադրված կարագի նմուշառում, փոխարենը հանձնաժողովի ամբողջ վարույթը հիմնվել է «Hetq.am» կայքում հրապարակված հոդվածում հիշատակվող փորձաքննության եզրակացության վրա, այն պարագայում, երբ հայտնի չէ, թե ինչպես է կատարվել ապրանքի նմուշառումը. արդյոք պահպանվե՞լ է պատշաճ ընթացակարգը:

Վերոնշյալը մատնանշվել է ընկերության ներկայացուցիչների կողմից, սակայն հանձնաժողովի կողմից հաշվի չի առնվել: Փոխարենը՝ վարույթի շրջանակներում նույն խնդրահարույց նմուշը ենթարկվել է կրկնակի փորձաքննության նույն փորձագիտական ընկերության կողմից, ինչը հանձնաժողովի հրապարակման մեջ ներկայացվում է որպես հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարված մեկ այլ փորձաքննություն:

Հրապարակման մեջ նշվել է նաև, որ հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Հանձնաժողովի նման հայտարարությունը չափազանց խնդրահարույց է այն պարագայում, երբ ընկերությունը սեփական «անմեղությունը» ապացուցելու որևէ պարտականություն ըստ օրենքի չունի: Ավելին, վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք հանձնաժողովի կողմից հաշվի չեն առնվել:

Հանձնաժողովի դիրքորոշումը ընդունելի չէ, քանի որ տարիներ շարունակ ընկերությունը առաջնորդվել է, այո՛, «Մեր գործն արդար է» կարգախոսով և միշտ  բարձր մակարդակի վրա է պահել, և որպես կաթնամթերքի հումքի աղբյուր՝ ընկերությունը ունի սեփական 1500 գլուխ կաթնատու ցեղատեսակի կով, ուստի ավելորդ է  համարել երբևէ փնտրել անգամ կաթնամթերքի հումքի այլընտրանքային աղբյուր. արտադրանքը եղել է միշտ սեփական կովերի անարատ կաթից:

Որոշումը ստանալուց հետո, ընկերությունը հնարավորություն կունենա առավել մանրամասն անդրադառնալ հանձնաժողովի դիրքորոշմանը:

 

«Արզնի կաթ» ընկերություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter