HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ պետք է ունենան ընտրողների հետ երկխոսելու համար»

Կառավարությունը խնդիր է դրել «երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընտրություններն անցկացնել»։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Այս ընտրություններն անցկացնելու քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը։ Ես կարծում եմ, որ նշաձողը պետք է բարձրացնել, ասել ոչ թե երրորդ հանրապետության ամենաորակյալ ընտրությունները պետք է լինի, այլ պետք է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ պետք է բացառվի վարչական ռեսուրսի կիրառումը:

«Մասնավորապես նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես` հանրակրթության ոլորտը ներաքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ ուղղությամբ ուղղորդելու համար: Նախկինում եղել են այսպես ասած՝ ասողների ինստիուտները, ովքեր ասում էին, թե ում օգտին պետք է քվեարկել, այդ երևույթը իսպառ պետք է բացառել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառվի անգամ մի քվեաթերթիկի սխալ տրցակի մեջ տեղադրումը․

«Մենք շատ հստակ ու խիստ ուղերձ պետք է հղենք, որ ցանկացած մեկը, ով նման փորձ կկատարի, օրենքը կհակազդի ամբողջ ուժով»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ապահովվելու է քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը․

 «Պետք է սահմանափակումներ չլինեն դահլիճների հասանելիության առումով, և բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ պետք է ունենան ընտրողների հետ երկխոսելու և շփվելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter