HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ն նոր հանրակացարան է կառուցել ուսանողների համար

Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման արարողությունը:

Ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնի 51 մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է:

Հանրակացարանի վերանորոգումը կատարվել է ամերիկահայ բարերար Գուրգեն  Ասատուրյանի՝ համալսարանին կտակած գումարի և ԵՊՀ-ի միջոցների հաշվին:

ԵՊՀ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

«Հանրակացարանն իր բոլոր հարմարավետություններով ծառայելու է, որ ուսանողը կարողանա թե՛ իր ուսման գործընթացը,  թե՛ իր կենցաղը ճիշտ կազմակերպել: Այս հանրակացարանի կառուցումն իսկական նվեր է մեր ուսանողներին՝ իրենց միջազգային օրվա կապակցությամբ»,- Բացման և բարի գալուստի խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

300-500 ուսանողի համար նախատեսված նոր հանրակացարանային համալիրը հնարավորություն է ընձեռում հարմարավետ կազմակերպելու ուսանողական կյանքը:

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշեց, որ նմանօրինակ հանրակացարանը շատ մեծ նշանակություն ունի համալսարանական կյանքը ամբողջականացնելու գործում:

«Մենք հույս ունենք, որ այս հանրակացարանում իրենց հարմարավետությունը գտնելու են նաև այն արտասահմանցի ուսանողները, որոնք կցանկանան կրթություն ստանալ ԵՊՀ-ում,- ասաց Մենուա Սողոմոնյանը,- հանրակացարանի կառուցումը  կարևոր է մեր բուհի միջազգայնացման գործընթացի համար, քանի որ շատ հաճախ ծրագրային փաթեթներ ներկայացնելիս մենք ունենում էինք խնդիրներ՝ կապված ուսանողների մնալու վայրի հետ»:

ԵՊՀ հանրակացարանային համալիրի տնօրեն Լեոնարդ Շեկյանը նշեց, որ այսուհետ ուսանողները բարեկեցիկ հանրակացարանում են ապրելու, ինչի կարիքը շատ կար:

«Մենք փորձել ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ ուսանողներն այս համալիրում ունենան անհրաժեշտ բոլոր պայմաններն իրենց կարիքները հոգալու համար: Շենքում կան գրադարան, ընթերցասրահ, սննդի կետ: Յուրաքանչյուր հարկ ունի իր խոհանոցն ու սանհանգույցը: Ուսանողներն ունեն նաև լվացքատուն »,- ասաց ԵՊՀ հանրակացարանային համալիրի տնօրենը:

Լեոնարդ Շեկյանի խոսքով, տարածքի բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվելու են. նախատեսվում է ավելացնել նաև կանաչ տարածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter