HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անբարեկարգ խոհանոցներ, հնամաշ գույք, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ. ՍԱՊԾ-ն վերահսկողություն է իրականացրել 429 նախադպրոցական ուսումնական հաստատությունում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել են հսկողական շրջայցեր և պետական վերահսկողական միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ուսումնասիրելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող և իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետների, պահման պայմանների և հիգիենայի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանն ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Ինչպես հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը, վերահսկողությունն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 60-ը՝ Արարատի, 30-ը՝ Արագածոտնի, 62-ը՝ Արմավիրի, 35-ը՝ Գեղարքունիքի, 40-ը՝ Լոռու, 45-ը՝ Շիրակի, 16-ը՝ Վայոց Ձորի, 53-ը՝ Սյունիքի, 36-ը՝ Տավուշի, 26-ը՝ Կոտայքի մարզերում  և 26-ը՝ Երևանում։

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։ Մատակարարված սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մակնշման անհամապատասխանություններ, հացի համար տեղեկատվական թերթիկի, ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրերի բացակայություն: Հայտնաբերվել է նաև տնային պայմաններում արտադրված սննդամթերք, իսկ որոշ մթերքների լաբորատոր փորձաքննությունների արդյունքերը ցույց են տվել մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրել են անհրաժեշտ իրավական և մասնագիտական խորհրդատվություն, տվել են նաև համապատասխան հանձնարարականներ։ Թերությունների վերացման ուղղությամբ, ինչպես հավաստիացնում է ՍԱՊԾ-ն, տարվում են համապատասխան աշխատանքներ, որոշ մանկապարտեզներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter