
«Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան կառուցել
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին: Վերջիններս մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ:
Այս համատեքստում նախարար Բաղրամյանը հավելել է, որ նախարարությունը շահագրգռված է ընկերության հետ համագործակցության հեռանկարով, պատրաստակամ է քննարկել ընկերության գնային առաջարկները։ Փոխշահավետ առաջարկի դեպքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
Մեկնաբանել