HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխվարչապետ, նախարար, մարզպետ, պատգամավոր, լրագրող. ովքեր են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների անունները: Դաշինքը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է 148 թեկնածու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ամփոփել ընտրություններում առաջադրված 11 կուսակցությունները և դաշինքները ներկայացնող թեկնածուների գրանցման տվյալները, ուստի թեկնածուների կենսագրական և այլ տվյալները ԿԸՀ կայքում դեռևս չկան: Հրապարակում ենք յուրաքանչյուր ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի առաջադրված այն թեկնածուների անունները, որոնք քիչ թե շատ հայտնի են հանրությանը: 

Թիվ 1 ընտրատարածք (Երևանի ԱվանՆոր ՆորքՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ)

Այս ընտրատարածքում առաջադրվել է 13 թեկնածու, որից 3-ն անկուսակցական են, 10-ը՝ ՔՊ անդամ:

Այս ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է ՔՊ անդամ, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Հայրապետյանը մասնագիտությամբ թուրքագետ է, 2016-ից ղեկավարում է ՔՊ-ի Նոր նորքի տարածքային կազմակերպությունը: Նախորդ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվել:

Զարուհի Բաթոյանը ՔՊ անդամ է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար: Նախկինում՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ: Նախորդ խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակով կրկին այս ընտրատարածքում էր առաջադրվել և ստացել 1639 ձայն:

Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, օրերս դուրս եկավ կուսակցությունից, այժմ անկուսակցական է: Մասնագիտությամբ քաղաքագետ է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում «Ելք»-ի ցուցակով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում և ստացել 2097 ձայն:

Մեսրոպ Պապիկյանը ՔՊ անդամ է, վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական:

Հերիքնազ Տիգրանյանն անկուսակցական է, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի իրավախորհրդատու:

Այս ընտրատարածքում, ըստ ԿԸՀ տվյալների, գրանցված է 200 հազար 112 քաղաքացի: 

Թիվ 2 ընտրատարածք (Երևանի ԱրաբկիրԱջափնյակԴավթաշեն  վարչական շրջաններ) 

Այս ընտրատարածքում առաջադրված է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Ավինյանը նախորդ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր թիվ 4 ընտրատարածքում և ստացել 373 ձայն: Տիգրան Ավինյանը նաև Երևանի ավագանու ընտրություններում էր առաջադրվել «Ելք» դաշինքի ցուցակով և մինչ հեղափոխությունը Երևանի ավագանու անդամ էր: Ունի ֆինանսների մագիստրոսի կոչում:

Հակոբ Արշակյանը ՔՊ անդամ է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար: Արշակյանը հանրության շրջանում նախ և առաջ հայտնի է որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ընդդիմացող Դ!ԵՄ ԵՄ շարժման համակարգող խմբի անդամ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ է:

Նիկոլայ Բաղդասարյանը ՔՊ անդամ է, փաստաբան, վարչապետի պաշտոնակատարի՝ հասարակական հիմունքներով խորհրդական: 2017-ի խորհրդարանական ընտրություններում ևս թիվ 2 ընտրատարածքում էր առաջադրվել «Ելք» դաշինքի ցուցակով և ստացել 1814 ձայն:

Լիլիթ Մակունցը Մշակույթի նախարարի պաշտոնակատարն է, ՔՊ անդամ, մասնագիտութամբ բանասեր է:

Լենա Նազարյանը ՔՊ անդամ է, ԱԺ պատգամավոր, նախորդ ընտրություններում կրկին այս ընտրատարածքում է առաջադրվել և ստացել 713 ձայն: Մասնագիտությամբ լրագրող է:

Անդրանիկ Քոչարյանն անկուսակցական է, պաշտպանության նախկին փոխնախարար, 2008 թվականի Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար:

Թիվ 2 ընտրատարածքն ունի 213 հազար 628 քաղաքացի:

Գայանե Աբրահամյանն անկուսակցական է, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, մասնագիտությամբ լրագրող է:

Այս ընտրատարածքում առաջադրված է 213 հազար 628 ընտրող: 

Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ)

Հրաչյա Հակոբյանը «Ելք» խմբակցության պատգամավոր է, ՔՊ անդամ, նախորդ ընտրություններում ևս այս ընտրատարածքում էր առաջադրվել և ստացել 3390 ձայն: Մասնագիտությամբ դերասան է:

Էրիկ Գրիգորյանն անկուսակցական է, բնապահպանության նախարարի պաշտոնակատար, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, եղել է փոխնախարար:

Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար է, ՔՊ վարչության անդամ, կուսակցության հիմնադիր վարչության նախկին նախագահ: Մասնագիտությամբ արաբագետ է: Նախորդ ընտրություններում «Ելք»-ի ցուցակով առաջադրվել էր և ստացել 3904 ձայն, մինչ հեղափոխությունը, Երևանի ավագանու անդամ էր:

Արարատ Միրզոյանը ՔՊ վարչության անդամ է, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար: Նախորդ ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրվել էր այս ընտրատարածքում և, ստանալով 3999 ձայն, ընտրվել պատգամավոր: Պատմական գիտությունների թեկնածու է:

Ռուբեն Ռուբինյանը ՔՊ անդամ է, ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար: Նախորդ ընտրություններում առաջադրվել էր և ստացել 769 ձայն:

Արթուր Հովհաննիսյանը ՔՊ անդամ է, Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պետի տեղակալ: Մասնագիտությամբ լրագրող է:

Սիսակ Գաբրիելյանը ՔՊ անդամ է, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող:

Այս ընտրատարածքն ունի 225 հազար 223 ձայն: 

Թիվ 4 ընտրատարածք (Երևանի ԿենտրոնՆորք-ՄարաշԷրեբունիՆուբարաշեն վարչական շրջաններ)

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է, ՔՊ անդամ: Նախորդ ընտրություններում այս ընտրատարածքում ստացել էր 940 ձայն, մինչ հեղափոխությունը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր: Ունի ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոսի կոչում:

Լուսինե Բադալյանը ՔՊ անդամ է, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, հեռուստահաղորդավար է:

Արսեն Թորոսյանը ՔՊ անդամ է, առողջապահության նախարարի պաշտոնակատար: Մասնագիտությամբ բժիշկ է, մինչ հեղափոխությունը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:

Նարինե Թուխիկյանն անկուսակցական է, Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ:

Դավիթ Սանասարյանը վարչապետի Վերահսկողական ծառայության ղեկավարն է, օրերս համալրել է ՔՊ կուսակցության շարքերը: Նախկինում եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ:

Հակոբ Սիմիդյանը ՔՊ հիմնադիր վարչության անդամ է, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար: 5-րդ գումարման խորհրդարանում եղել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը:

Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է, ԱԺ պատգամավոր, նախորդ ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակով մասնակցել էր ընտրություններին և ստանալով 1870 ձայն` ընտրվել պատգամավոր:

Արմեն Փամբուխչյանը ՔՊ անդամ է, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար:

Այս ընտրատարածքն ունի 209 հազար 35 ընտրող:

Թիվ 5 ընտրատարածք  (Արարատի մարզ) 

Գարիկ Սարգսյանը ՔՊ վարչության անդամ է, Արարատի մարզպետի պաշտոնակատար: Նախորդ ընտրություններում ևս Գարիկ Սարգսյանն առաջադրվել էր այս ընտրատարածքում և ստացել 383 ձայն: Մինչ հեղափոխությունը Նոր կյանք համայնքի ղեկավարն էր:

Հովիկ Աղազարյանը ՔՊ անդամ է, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախորդ ընտրություններում առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում և ստացել 2620 ձայն:

Այս ընտրատարածքն ունի 221 հազար 665 ձայն: Դաշինքն այստեղ առաջադրել է 11 թեկնածուի:

Թիվ 6 ընտրատարածք (Արմավիրի մարզ) 

Առաքել Միրզոյանն անկուսակցական է, ծանրամարտիկ:

 

Այս ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 14 թեկնածուի, այստեղ ընտրության իրավունք ունի 233 հազար 635 ընտրող:

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)

Այս ընտրատարածքում դաշինքն առաջադրել է յոթ թեկնածուի: Ընտրատարածքում գրանցված է 117 հազար 534 քաղաքացի:

Թիվ 8 ընտրատարածք (Գեղարքունիքի մարզ)

Թագուհի Թովմասյանը ՔՊ անդամ է, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրն է:

Վարազդատ Կարապետյանն անկուսակցական է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է:

Գնել Սանոսյանը ՔՊ անդամ է, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնակատար, բնապահպանության նախարարի տեղակալ:

Հայկ Սարգսյանը ՔՊ անդամ է, վարչապետի Վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Այս ընտրատարածքն ունի 188 հազար 45 ընտրող: 

Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)

Անդրեյ Ղուկասյանը ՔՊ անդամ է, Լոռու մարզպետի պաշտոնակատար, նախորդ ընտրություններում ստացել է 285 ձայն:

Սուրեն Պապիկյանը ՔՊ վարչության փոխնախագահն է, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար: Նախորդ ընտրություններում այս ընտրատարածքում ստացել է 555 ձայն:

Արեն Մկրտչյանը ՔՊ անդամ է, վարչապետի օգնականն է: 

Այս ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 14 թեկնածուի, գրանցված է 237 հազար 837 քաղաքացի: 

Թիվ 10 ընտրատարածք Կոտայքի մարզ

Արման Բոշյանը ՔՊ անդամ է, սոցիալական ապահովման ծառայության պետ:

Սասուն Միքայելյանը «Ելք» խմբակցության պատգամավոր է, նախորդ ընտրություններում այս ընտրատարածքում ստացել էր 6652 քվե: ՔՊ վարչության նախագահն է:

Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ անդամ է, Կոտայքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Նախորդ ընտրություններում ստացել էր 924 ձայն:

Այս ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 8 թեկնածուի: Ընտրատարածքում ընտրության իրավունք ունի 239 հազար 847 ընտրող:

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ) 

Ֆելիքս Ցոլակյանն անկուսակցական է, ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախորդ ընտրություններում Ցոլակյանն առաջադրվել էր ՀՀԿ ցուցակով:

Կարեն Սարուխանյանը ՔՊ անդամ է, Շիրակի մարզպետի պաշտոնակատար: 

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր)

Նարեկ Բաբայանը ՔՊ անդամ է, առաջադրվել էր հոկտեմբերի 21-ին նշանակված Կապանի քաղաքապետի ընտրություններում, սակայն չէր հաղթել:

Տրդատ Սարգսյանը ՔՊ անդամ է, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնակատար:

 

Այս ընտրատարածքում ընտրելու իրավունք ունի 151 հազար 687 ընտրող:

Թիվ 13 Տավուշի մարզ

Վահե Ղալումյանը ՔՊ անդամ է, Տավուշի մարզպետի պաշտոնակատար:

Սիփան Փաշինյանը ՔՊ անդամ է, նախորդ ընտրություններում ստացել էր 1080 ձայն: Այս ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 7 թեկնածուի, ընտրատարածքում ընտրության իրավունք ունի 107 հազար 139 քաղաքացի:

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվել:

Ցանկն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter